Լրահոս
Օրվա լրահոսը

Չալաղաջի հայց

Հունվար 30,1999 00:00
xorovac

Վահրամ Ավանեսյանի մտքով հաստատ չէր անցնի, որ օրերից մի օր քաղաքացիական հայց գրելու ուղտը իր դռանն էլ կչոքի։ Որ ինքն էլ ծանոթ-անծանոթ կխառնի, միայն իրեն լսել տալու, իր շահերը դատարանում անկաշառ ներկայացնելու համար։ Էլ չենք նշում այն մասին, որ քաղաքացին, որի գրպանում մկներ են վազում, պիտի դիմեր խնամի-բարեկամների, պարտքով դրամ ճարելու՝ պաշտպան «բռնելու» ծախսերը հոգալու նպատակով։ Թարսի նման Վահրամ Ավանեսյանն էլ հաշմանդամ է եւ նրա իրավունքներն էլ ամրագրված էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1975 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում։

Մի խոսքով, ամեն բան սկսվեց նրանից, երբ Նոր Նորքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ Վահրամ Ավանեսյանը 1400 դրամով խոզի չալաղաջ գնեց։ 15 կիլոգրամը լրիվ բավարար էր, որ քաղաքացին հունվարի 26-ին իր ծննդյան 75-ամյակը նշեր, մարդ հրավիրեր (աղջկան եւ 2 թոռնիկներին) եւ նրանց մոտ էլ խայտառակ չլիներ։ Երանության ժպիտը դեմքին, ինքնագոհ, մեծ ցնծությամբ մսի կտորները ձեռքին տուն եկավ, դրանք խնամքով դասդասեց սառնարանում։ Բայց դե, ծննդյան օրվան մի 10 օր կար։ Որոշեց այդ 10 օրն անցկացնել հայրենի գյուղում՝ Բերդում։ Հեռանկարում՝ խմիչքն այնտեղից պիտի բերեր։ Մարդու մտքով ինչեր ասես չէր անցնում. ով սաղ, ով մեռած, հետո չգիտեր, նման առիթ կլիներ՝ հանդիպելու իր աղջկա եւ թոռների հետ՝ սեղանի շուրջ։ Ամեն ինչ նրա մտքով անցնում էր, միայն…

Շատ չերկարացնեմ. Վահրամ Ավանեսյանը հայրենի Բերդից վերադառնում է Նորքի բարձրահարկ շենքերից մեկում գտնվող իր բնակարանը։ Չգիտեմ, ինչ կկատարվի ձեզ հետ, եթե դուք բացեք սառնարանը եւ տեսնեք, որ լույսն այնտեղ չի վառվում։ Լույսը ոչ միայն չի վառվում, այլ սառնարանը չի աշխատում։ Ոչ միայն սառնարանը չի աշխատում, այլ ողջ բնակարանը հոսանքազրկվել է։ Աղմուկ-աղաղակի արդյունքում ենթակայանից հրավիրված էլեկտրիկը չէր սպասում, որ մարդը, մեղմ ասած, այդքան անշնորհակալ կլինի, որ իր լավությանն այդպես կպատասխանի։ Իսկ լավությունը եղել էր այն, որ առանց Վահրամ Ավանեսյանի գիտության անջատել էր նրա հոսանքը (էլեկտրիկն արդարանում է. «ասինք տանը չի, մուֆթա լույսը թող չգնա»- Ռ. Մ.)։ Դարձյալ չգիտեմ, թե ինչ կապրի մարդը, երբ իր ձեռքերով սառնարանից դուրս բերի անվերադարձ հոտած, փչացած չալաղաջը, էն էլ 15 կգ, էն էլ 1400 դրամով գնած, էն էլ ջոկած հատ-հատ, էն էլ ծննդյան օրվա համար հետ գցած։ Ոչ ծնունդ էր աչքին գալիս, ոչ բարեկամներ, որոնց պիտի այդ օրը հանդիպեր։

Մի խոսքով, թշնամուդ այդպիսի բան չեմ ցանկանա։ Վահրամ Ավանեսյանը դեպքից հետո աչք չի կարողանում կպցնել։ Չի քնում։ Արյան ճնշումն է վերուվար անում… Ենթակայանից մի միջնորդ եկավ, թե «ախպեր, հա, վնաս ենք տվել, ճիշտ է։ Էղածը 15 կգ չալաղաջ չի՞, բերենք, վերականգնենք»։ Չէ, քաղաքացին համաձայն չի։ Նա ուզում է հասկանալ մի շատ սովորական բան, ինքը բացակայել է քաղաքից։ Լավ։ Ո՞վ իրավունք ունի իր գծին «կպնել», իր բնակարանը հոսանքազրկել։ Ինչո՞ւ են իր իրավունքները ոտնահարվում, չէ որ այդ մասին «ամրագրել» են նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1975 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում։ Փաստաբանը, որին «բռնել» էր Վ. Ավանեսյանը, գործի կեսից հետ կանգնեց։

Բանը հասավ նրան, որ դատապաշտպանը հանդիմանեց քաղաքացուն, թե 3-4 հազար դրամ թոշակ ստացողն ինչպես է իրեն թույլ տվել նման շռայլություն։ Մարդը շուտով քաղաքացիական հայցով կդիմի առաջին ատյանի դատարան։ Թող դատարանը որոշի, իր իրավունքները խախտվե՞լ են, թե՞ ոչ։ Ենթակայանն ու «Հայէներգոն» մեղավո՞ր են, թե՞ ոչ։ Դրան թե գումարենք էլ բարոյական վնասը, ապա պատկերացրեք, թե այս գործը քանի տարի «կլռվի»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031