Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԴԻՄԱՓՈՇԻ ԿԱՐ

Հունվար 30,1999 00:00
zekuyc

Ա. Քամյու, «Ժանտախտը»

Որեւէ քաղաք ճանաչելու ամենաճիշտ ձեւերից մեկն էլ իմանալն է, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես են մեռնում։ Դեկտեմբերի 15-ից հետո երեկ առաջին անգամ միմյանց հանդիպեցին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 8 անդամները (15-ից)։ Նրանց մեջ տեսանք Օմար Մամոյանին, որը, եթե հիշում եք, «քրդական գրոհայինների» մասին իր հայտարարության դիմաց «պատժվել» էր հանձնաժողովի կողմից։ Վերջինս դիմել էր նրան երաշխավորած համայնքին «անդամությունը սառեցնելու» եւ փոխարենը մեկ այլ թեկնածու առաջադրելու համար։

Պ. Հայրիկյանը տեղեկացրեց, որ պատրաստվել է 1998-ի մարդու իրավունքների վիճակն արտացոլող տարեկան զեկույց եւ, որ իրենք վաղօրոք դիմել էին հասարակական իրավապաշտպան կազմակերպություններին վերոնշյալ խնդրով։ «Ինչքանով են հասարակական կազմակերպությունները կատարել խնդրանքը, իմաստ չունի քննության առարկա դարձնել»,- ասաց թիվ 1 իրավապաշտպանը, ինչն անհասկանալի էր մեզ համար հետեւյալ առումներով.

1. Ուղարկե՞լ են գործող իրավապաշտպան կազմակերպություններն իրենց փաստարկները մարդու իրավունքների ոտնահարման վերաբերյալ ( հանձնաժողովին)։

2. Համագործակցություն նախագահին առընթեր հանձնաժողովի հետ կա՞, թե՞ ոչ։

3. Հանձնաժողովի անդամների գնահատականները որքանով են փաստարկված եւ ամբողջական։

Այն տպավորությունն է, որ պետական-իրավապաշտպանները չունեն բավարար տեղեկատվություն, իսկ նրանց գնահատականներն էլ «ամոթալի, տխուր դեպքեր» բնութագրումներից այն կողմ չեն անցնում։

-Մենք ահազանգեր ունենք զորամասերից,- նշեց պրն Հայրիկյանը եւ չափազանցված համարեց 600 իրավախախտման դեպքերը, «որոնք նշվում են»։ Ո՞ւմ կողմից, ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա։ Հանձնաժողովի ոչ մի անդամ հարց չի բարձրացնում։ Գուցե դրանք փաստարկվա՞ծ են։ Եթե ոչ, ապա ի՞նչ միտում ունի վերոնշյալ տեղեկատվությունը լույս աշխարհ հանել։ Երբ 1998 թ. նախագահական ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանն էր բնութագրվում դրական քայլ համարվեց այն, որ դադարել են կուսակցական պատկանելիության համար դատավարությունները, որ ուժը կորցրած է համարվել ՀՅԴ կասեցման մասին նախորդ նախագահի 94 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագիրը, իսկ դատավարություններից նշեցին «Դրոն» եւ «31»-ը։

Կարծում ենք, դարձյալ անիրազեկությունն էր պատճառը, որ դաշնակցությունից բացի չնշվեցին նաեւ ԱԺՄ-ի, Ազգային առաջադիմության, ԳիԱրՔՄի-ի… մասին, որոնցով հեղեղված էր մամուլը։ Գուցե պետք է ներկայանանք աշխարհին այնպես, որ մեզ մոտ ամեն ինչ իդեալակա՞ն է, որ շարքային քաղաքացիները որեւէ խոշտանգման չե՞ն ենթարկվում, որ նախաքննական մարմիններն էլ աշխատում են բամբակո՞վ ու ճերմակ ձեռնոցներո՞վ։ Ըստ դատախազության կողմից տրված տեղեկանքի պարզվեց, որ 9 քր. գործ է հարուցվել եւ որ 30 գանգատներով նախապատրաստած նյութերի շրջանակներում էլ կայացվել են դատավճիռներ։ Արդարացի՞ են եղել այդ դատավճիռները, հավատացեք, հանձնաժողովի եւ ոչ մի անդամ չէր կարող պատասխանել, քանի որ դատավճիռներն իրենց տրամադրության տակ չեն եղել, չեն պահանջվել, չեն ուսումնասիրվել։ Ահա թե ինչու, Վարդան Հարությունյան, «դրանք չեն ստացել հասարակական հնչեղություն»։

Չնայած արձանագրվեց (բանավոր), որ հանձնաժողովը շարունակում է ստանալ ծեծի եւ խոշտանգումների վերաբերյալ հայտարարություններ։ Ինձ համար տարօրինակ էր այն, որ երբ պետական իրավապահ մարմինների հետ կապված հարցը առաջ քաշվեց, այն հանվեց զեկույցում առկա 15 կետերի միջից։ Իսկ ովքե՞ր են կատարում այդ ծեծերը, խոշտանգումները եւ ովքե՞ր են պատասխան տալու դրա համար… Այնտեղ, որտեղ հանձնաժողովը պետք է գնահատական տար, առաջարկվում էր հարցն ընդհանրապես հանել։ Նման ճակատագրի արժանացավ զեկույցի նախնական տարբերակում առկա հետեւյալ կետը. «Շարունակվում է չլուծված մնալ «Եհովայի վկաներ» կազմակերպության հարցը»։

Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ Լազար Սուջյանն առաջարկում էր «չլուծված» բառի փոխարեն գրել «շարունակվում է խնդիր մնալ» կամ «շարունակում ենք ուշադրություն դարձնել»։ Ի վերջո, փաստն այն է, որ այս կազմակերպությունը ֆորմալ առումով գրանցված չէ, սակայն գործում է եւ վերջնական օրենսդրական լուծում այս առումով չի կայացվում։ Խոսվեց նաեւ մահապատժի մասին, հիշատակվեցին միջազգային կոնվենցիաներ, սակայն զեկույցում դիմափոշին շատ էր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031