ՊՆ-Ն ԱԶԱՏԱԳՐԵԼ Է ԴԴՄԱՇԵՆԸ Սեւանը հար եւ նման է հանրապետության մյուս ծուլացած ու գորշ շրջկենտրոններին։ Առաջին հանդիպած խանութպանը՝ «ինչպե՞ս է առեւտուրը» հարցիս, բռնում է թեւիցս ու ներս քաշում։ «Ինչքա՞ն առեւտուր ունենք»,- հարցը երկրորդում է նա՝ դիմելով նույն ծուլացած դեմքով 20-ամյա վաճառողուհուն։ «Մոտ ութ հազար»,- տեղից չշարժվելով պատասխանում է աղջիկը։ Ապա ստիպում է, որ ես իր խանութում առկա գները համեմատեմ երեւանյան գների հետ։ Բացատրում է, որ 10% շահույթով է աշխատում, ինչը չի բավարարում նույնիսկ վաճառողուհու աշխատավարձը եւ հարկերը վճարելու համար։ «Սա Երեւան չէ, որ ամեն օր մի քանի հազար դոլարի առեւտուր լինի»,- եզրափակում է նա։ Մարզպետարանի սոցապ բաժինը հեղեղված է կարիքավորներով։ Բոլորը պայքարում են րոպե առաջ ստանալ ընտանեկան նպաստը, որովհետեւ նրանց սպառնում են անջատել հոսանքը։ Մի խումբ կանայք պատմեցին, որ իրենք տարիներ առաջ (արդեն չի հիշում 3 թե 4) աշխատել են Սեւանի թիվ 2 մսուր-մանկապարտեզում։ Մանկապարտեզն այդ ընթացքում մի քանի ենթակայություն է փոխել, 1997-ի հունվարից գտնվում է քաղաքապետարանի բալանսում։ Իսկ իրենց աշխատանքային գրքույկներում արդեն 4 տարի է, որեւէ մեկը ազատման հրաման չի տալիս։ Առանց այդ հրամանի իրենք չեն կարողանում հերթագրվել զբաղվածության կենտրոնում՝ գործազուրկի կարգավիճակ ձեռք բերելու եւ այդ կարգավիճակով «Փարոս»-ից ընտանեկան նպաստ ստանալու համար։ Եվ այսպես 4 տարի, հավաքվում են մարզպետարանի կամ քաղաքապետարանի շենքում եւ խնդրում իրենց ազատել աշխատանքից։ Մարզպետարանում գտնվող դդմաշենցի 3 գյուղացիներ խնդրում են այցելել իրենց գյուղ՝ ծանոթանալու իրենց խնդիրներին, որոնցից ամենահիմնականը ձիաբուծարան-գյուղ վեճն է։ «Բոլորիս սոցիալական վիճակն էլ նույնն է, բայց մենք շատ նեղված ենք այդ զավթիչների պատճառով»,- բացատրում է զոհված ազատամարտիկի հայր Մարսել Սիմոնյանը։ Դդմաշենը 2700 բնակիչ ունի, մոտ 500 ընտանիք։ «Հողի սեփականաշնորհման ժամանակ մեր համայնքը մտավ այն 36 զարգացող տնտեսությունների ցուցակի մեջ, որտեղ սեփականաշնորհումն արգելվում էր։ Գյուղացիներով մի քանի անգամ դիմել ենք գյուղնախարարությանը՝ խնդրելով, որ մեր գյուղում էլ սեփականաշնորհում իրականացնեն։ Ի վերջո գյուղնախարարի այն ժամանակվա տեղակալ Աբրահամյանը համաձայնվեց, որ ձիաբուծարանին կտրամադրվի որոշակի տարածք, իսկ մնացածը կբաժանվի գյուղացիներին։ 1992- ին մենք պայմանագրով ձիաբուծարանին ժամանակավորապես տրամադրեցինք 100 հա վարելահող եւ մոտ 120 հա խոտհարք։ Ձիաբուծարանն ուներ 186 ձի։ Այդ ժամանակվանից էլ սկսեց ձիերի անկումը։ Շաբաթական մի երկու ձի սատկում էր»,- պատմում է դդմաշենցի Սարիբեկ Ռոստոմյանը։ «Ոչ էլ սատկում էին՝ ծախում էին գյուղացիներին։ Անձամբ ես երեք ձի եմ առել, մորթել, բաստուրմա պատրաստել եւ վաճառել»,- ընդմիջում է մեկ այլ դդմաշենցի։ Ոչնչացվում են ձիաբուծարանին տրամադրված՝ գյուղի 70 խոյերը եւ 9-ը ցուլերը։ Ձիաբուծարանին է տրամադրվում գյուղի լավագույն մեխանիզացիան։ 1994-ին գյուղացիները հողը բաժանում են միմյանց միջեւ, չենթարկվելով գյուղխորհրդի նախագահի եւ ձիաբուծարանի տնօրենի հորդորներին։ «Երբ մենք հողն արդեն բաժանել էինք, լուրեր տարածվեցին, որ եթե հողը հետ չտանք մեր գյուղխորհրդի նախագահին կբռնեն։ Գյուղխորհրդի նախագահի հայրը ձեռքը կտրած իմ տարիքին մեծ մարդ է, մի թուղթ վերցրեց, ձեռքը տարավ մորուսը եւ գյուղացիներին խնդրեց ստորագրություն տան, որ հողերը հետ կտանք։ Շատերը ստորագրեցին եւ հողը հետ վերցրեցին։ Իհարկե ես չստորագրեցի»,- շարունակում է Սարիբեկ Ռոստոմյանը։ Այդ ընթացքում մորթվում են նաեւ մյուս ձիերը։ Այժմ ձիաբուծարանում մնացել է 4-5 ձի։ Այժմ այդ ամբողջ հողատարածքի վրա սխտոր եւ ցորեն է մշակվում, իսկ խոտհարքի խոտով կերակրվում են 70 կովեր։ Դդմաշենի շրջակա գյուղերում սեփականաշնորհված մեկ հողաբաժինը կազմում է 1,5-2 հա։ Դդմաշենում այն 0,5 է։ Այսօր ձիաբուծարանը պատկանում է պաշտպանության նախարարությանը։ Գյուղացիները ժամանակավորապես իրենցից վերցված հողը իրենց վերադարձնելու խնդրանքով դիմել են ՊՆ թիկունքի վարչության պետ Կիրակոսյանին։ Սակայն որեւէ լուծում հարցին չի տրվել։ Դիմել են Գեղարքունիքի մարզպետ Ռուդիկ Ղուկասյանին, որը խոստացել է օգնել, սակայն այս խոստումն էլ արդեն մի քանի ամսվա պատմություն ունի։ Դրա փոխարեն, գյուղացիներից մեխանիզացիան խլելու նպատակով, ձիաբուծարանի ղեկավարությունը մի քանի հարբած զինվորականների է ուղարկում, որոնք փորձում են զենքով ահաբեկել նրանց։ Գյուղացիներին պատկանող կոմբայններից մեկն էլ գնդակոծված էր։ Գյուղացիների այսօրվա պահանջն է՝ բաժանել ձիաբուծարանի հողատարածքը, որն այժմ այլ նպատակներով է օգտագործվում։ Բաժանելու դեպքում յուրաքանչյուր գյուղացի կստանա 0,2 հա վարելահող եւ 0,25 հա խոտհարք, որը կօգնի բարելավել իրենց սոցիալական վիճակը։ «Մենք նման պահանջ չէինք դնի, եթե իմանայինք, որ այդ կովերի տված կաթից թեկուզ մի բաժակ զինվորին է հասնում։ Մենք գիտենք, որ այդտեղ ստեղծված բարիքը ինչ-որ մարդկանց գրպանն է մտնում։ Կամ ինչպես կարող է բանակ հասնել, երբ մեր գյուղապետը կտրում է զոհված ազատամարտիկի կնոջ տան գազը, նրա երկու երեխաներին թողնելով սառնամանիքի մեջ։ Այդ նույն մարդն ահա 6 տարի խոչընդոտում է, որ հողը վերադարձվի իսկական տիրոջը, քանի որ այնտեղ ինքն էլ փայ ունի»։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ Հ. Գ. Իսկ Սեւանում անցորդներից մեկը ցույց տվեց մարզպետ Ռ. Ղուկասյանի առանձնատուն մտնող կաբելը, որի վրա հաշվիչ չկար։ «Կաթսայատնից է անցկացված, դրա համար էլ ենք մենք վճարում»։