«Այս անգամ Վանոյին բռնելու ցանկություն չկար» Երեկ Աղասի Արշակյանը լրագրողներին հայտնեց, որ վերջին, ծայրահեղ դեպքում՝ նախավերջին անգամ է նրանց հանդիպում։ Որպես քաղաքական գործիչ։ Պատճառն այն է, որ նա այսուհետեւ իր մեջ «դժվար թե ուժ գտնի պայքարելու ապօրինությունների դեմ»։ Երեկվա ասուլիսի առիթը, ըստ Աղասի Արշակյանի, «հունվարի 25-ից մեր կյանքում սկսված նոր գործընթացներն են, ԱԺ-ի ապօրինի, բայց հասկանալի պահվածքը»։ Դատախազի եւ նոր իշխանությունների վերջին քայլը «ուշացած փորձ է՝ ժողովրդի երիցս կողոպտված հավատը վերադարձնելու»։ Պրն Արշակյանը կարծում է, որ կալանվելը Վանո Սիրադեղյանի համար պիտի որ շահեկան լիներ, քանի որ իր անվտանգությունն ապահովելու համար նա ազատության մեջ ամսական մի քանի հազար դոլար է ծախսում։ Վանո Սիրադեղյանն իր կրծքին օձ, ներեցեք, երկրապահ է տաքացրել։ Սա էլ հրեշի նման հիմա իր ծնողին է խժռում։ Պրն Արշակյանը համոզված է, որ նախկին ՆԳ նախարարն այդ եւ բազում այլ հանցանքներ կատարել է, եւ նրան պաշտպանելիս իրենց «կոտորող» պատգամավորներն իրենք են վախենում պատասխանատվության ենթարկվելուց։ Նախկին դատախազ Միքայել Գրիգորյանը բնորոշվեց իբրեւ «Վանոյի անձնական օգտագործման դատախազ»։ Սակայն պրն Սիրադեղյանին «բռնելու ցանկությունն այս անգամ այնքան էլ մեծ չի եղել»։ Հակառակ դեպքում, Աղասի Արշակյանի համոզվածությամբ, ԱԺ-ին կստիպեին համապատասխանաբար քվեարկել։ Իսկ այն, ինչ արեց ԱԺ-ն, պրն Արշակյանի կարծիքով, «վրեժի ծարավ մարդկանց» Վանոյին ինքնադատաստանի ենթարկելու կոչ էր։ Ելքը, ըստ պրն Արշակյանի, դատախազի կողմից նոր, լրացուցիչ միջնորդությունն է։ Աղվան Հովսեփյանը «պարտավոր» է կրկնել միջնորդությունը՝ սպառնալով իր հրաժարականով։ ՀՀ նախագահը պարտավոր է հրամանագրով ԱԺ ընտրություններ նշանակել։ Իսկ ժողովրդի հավատը կարելի է վերադարձնել «շաբաթը մեկ Վանոյի տրամաչափի մեկին պատժելով»։ Հրանտ Մաթեւոսյանի բաց նամակից Աղասի Արշակյանն այնքան էր ազդվել, որ պատասխան խոսքը ներկայացրեց չափածո։ Բացի այդ, նրա ձեռքին էր բարձրաստիճան պաշտոնյայի չարաշահումները ստուգող հանձնաժողովի եզրակացությունը, որը նա երեքշաբթի օրը կներկայացնի «Իրավունք» թերթում։ Դաշնակցականներին Աղասի Արշակյանը սիրում է, հատկապես նրանցից ոմանց։ Սակայն միաժամանակ գտնում է, որ նրանց մեջ (ներողություն արտահայտության համար) «ցռան մոզիներ» չպիտի լինեն։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Նախորդ համարի առաջին էջում թյուրիմացաբար նշել էինք, որ ԳիԱրՔՄի նախագահը Աղասի Արշակյանն է։ Իրականում պրն Արշակյանը այդ կուսակցության խորհրդի անդամ է, իսկ ԳիԱրՔՄի նախագահն է Ալեքսանդր Աղամալյանը։