Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ օգտվեց «ստեղծված վիճակից»

Հունվար 30,1999 00:00
lur

Մեկ տարի առաջ, այս օրերին 1998-ի հունվարի վերջում էլ քրեական հանցագործությունները (ՀՀ նախագահի եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ Ռոմեն Ղազարյանի մեքենայի գնդակոծում, Ավանի թաղապետ Ռուբեն Հայրապետյանի եւ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի նկատմամբ մահափորձեր)՝ քաղաքական իրավիճակի կտրուկ սրման առիթ դարձան։ Այդ օրերի «Առավոտում» բազմաթիվ էին այն հայտարարությունները, որոնք բոլորովին նոր լույսի ներքո են ներկայանում այս օրերին։

Հունվարի 22-ին հրապարակվեց վարչապետ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական Հասմիկ Պետրոսյանի հայտարարությունը. «Ինչ վերաբերում է ահաբեկչական գործողություններին, ապա նախ հարց է, թե դրանք պատահական զուգադիպություննե՞ր էին, թե՞ միմյանց հետ կապված գործողություններ… Սակայն պարզ է, որ ինչ-որ ուժերի ձեռնտու է նման իրավիճակ ստեղծելը, եւ հավանաբար այն ուժերին, որոնք կփորձեն օգտվել ստեղծված վիճակից»։ Նույն օրը հրապարակվել էր ՀՀՇ վարչության հայտարարությունը, որտեղ Հայաստանի եւ Արցախի իշխանություններին, քաղաքական ուժերին մասնավորապես կոչ էր արված. «Քաղաքական բանավեճում չօգտագործել անվայելուչ բառապաշար եւ անընդունելի հնարքներ, պահպանել ընկերական հարգանքն ընդդիմախոսի նկատմամբ»։ Եվ մի մեջբերում «Առավոտի» հունվարի 22-ի «Քաոսի նախանշաններ» հրապարակումից. «Բաբկեն Արարքցյանը բացասաբար պատասխանեց մեր այն հարցին, թե արդյոք այս միջադեպերի հետեւանքով հնարավոր համարո՞ւմ է ներիշխանական ճգնաժամ»։

Հունվարի 23-ին հրապարակվել էր ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի մեկնաբանությունը ՀՀՇ վարչության հայտարարության առնչությամբ. «Հստակ մի բան կարելի է ասել, որ այս բոլորը կառավարության, իսկ ավելի որոշակի՝ Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ է ուղղված։ Երեւի ինչ-որ մի բան ունեն կիսելու, չեմ կարող ասել»։ Նույն օրը Արամ Աբրահամյանը գրել էր. «Ինձ հայտնեցին, թե իբր մահափորձ է կատարվել իմ բարեկամ Վահրամ Խոռխոռունու դեմ, բայց ինձ հաջողվեց պարզել, որ դա, բարեբախտաբար, սուտ է»։

«Կարիք չկար ժողովրդին մասնակից դարձնել այս ամբողջ ներքին խոհանոցին, նյարդային ու վերջին հաշվով պառակտիչ գործընթացներին»,- հայտարարել էր պաշտպանության նախարարն իր «պատմական» ասուլիսում, որի մասին «Առավոտը» հրապարակում էր զետեղել հունվարի 24-ի համարում։ Հունվարի 27-ի համարում տեղ էր գտել հետեւյալ երկխոսությունը. «Հետաքրքրվեցի, թե արդյոք իրոք Արծրուն Մարգարյանին զգուշացրե՞լ են հնարավոր մահափորձի վերաբերյալ. «Այդ մասին հետո կխոսենք»,- պատասխանեց նա»։

Հավելենք, որ Արծրուն Մարգարյանն այս մեկ տարում այդպես էլ հրապարակավ չանդրադարձավ իր նկատմամբ կատարված մահափորձի հանգամանքներին։ Նույն համարում հրապարակվել էր նաեւ Վանո Սիրադեղյանի հարցազրույցը. «Մթնոլորտում էլ կա այն գիտակցությունը, որ բոլորը կարծես նույն բանն են ասում, բայց ի՞նչ են ուզում իրարից»։ Հունվարի 28-ի համարում էլ Իգոր Մուրադյանի հարցազրույցն էր, որը մեկնաբանելով վերջին իրադարձությունները՝ նշել էր. «Ռուսաստանի հատուկ ծառայությունները վաղուց արդեն տարբեր վարկածներ են մշակում Լեւոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից հեռացնելու համար։ Ընդ որում, խոսքը ռեժիմի մասին չէ՝ որպես այդպիսին»։

Հունվարի 29-ին «Առավոտը» հրապարակել էր Բաբկեն Արարքցյանի հարցազրույցը, որը վարել էր ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Վահագն Մկրտչյանը։ Բաբկեն Արարքցյանը դարձյալ պնդել էր. «Ներքաղաքական կամ ներիշխանական ճգնաժամ Հայաստանում այսօր գոյություն չունի»։ «Վերջին հաշվով, ամեն ինչ ի մի է գալու, ամեն ինչի մեջ պարզություն է մտցվելու, իսկ այդ օրերը մոտ են»,- հունվարի 30-ին հրապարակված այս պնդման հեղինակը… գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանն էր։ «Մոտակա ապագայում ես հրաժարական չեմ տա»,- հունվարի 31-ի մի հրապարակման համաձայն՝ ժպտադեմ հավաստել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օգնական եւ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Լեւոն Զուրաբյանը։ … Նախագահի հրաժարականին մնում էր 3 օր։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031