Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հունվար 30,1999 00:00
vichak

1995-ի հունվարին, երբ ՀՅԴ կուսակցության կասեցման պատճառով փակվեց դաշնակցական մամուլը, «Հայք»-ում մի ընդարձակ հոդված տպագրեցի՝ «Թող լսվի եւ մյուս կողմը»։ Բողոքի ձայնն էր բարձրացրել ոչ միայն ՀՀՇ-ական մամուլը։ Այսօր «Երկիր» թերթում դժվար թե նման վերնագիր կարդաք։ 1997-ի աշնանը, երբ «Երեւան» տեղեկատվական կենտրոնից խնդրեցին ի պաշտպանություն Արցախի ազատամարտիկ Հրանտ Մարգարյանի խոսք գրել՝ անմիջապես գրեցի։ Այն ժամանակ Հայաստանի մամուլը պաշտպան էր կանգնել ղարաբաղյան այն ազատամարտիկներին, որոնք ծանր պետական մեղադրանքով եւ դատապարտյալի կարգավիճակով բանտերում էին։ Նրանց հետ էր ներկայիս ՀՀ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանը, որը (հիշեցնեմ) մեղադրվում էր նաեւ պաշտպանության նախարարի դեմ մահափորձ կազմակերպելու համար։

1998-ի փետրվարից, իրադրության փոփոխման պատճառով «31»-ի գործով դատապարտյալներն ազատվեցին՝ բացառությամբ՝ սպանության մեջ մեղադրվող, մահապատժի արժանացած Տիգրան Ավետիսյանի։ Հասարակությունը, ժողովուրդը, այդպես էլ չկարողացան ըմբռնել՝ մեղավո՞ր էր «հանցավոր խումբը», թե՞ ոչ։ Իրադարձությունը փոխվել էր եւ «պետական հեղաշրջում նախապատրաստողը»՝ Վ. Հովհաննիսյանը, ՀՀ նորընտիր նախագահի խորհրդականը դարձավ։ Եվ ահա այսօր արդեն նա է տարակուսում Վ. Սիրադեղյանին ԱԺ որոշ պատգամավորների կողմից արտոնյալ պայմաններ տալու համար։ «Եվ ընդհանրապես, ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է, օրինակ, դատի տալ, բայց չձերբակալել»,- զարմանում է խորհրդականը։

Այստեղ հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը բանտից ազատ արձակվեց արդեն իսկ ընդունված եւ առայժմ ոչ մեկի կողմից չբեկանված դատավճռի առկայության պայմաններում, առողջական վիճակի պատճառով, որին հետեւեց Վճռաբեկ դատարանի՝ «Իրադրության փոփոխման» հիմնավորմամբ գործը կարճելու որոշումը։ Թերեւս ուզում եմ անդրադառնալ խորհրդականի մեկ այլ մտքին. «Փաստորեն, այստեղ ուղղակի անիմաստ է նույնիսկ կշեռքի վրա դնել հարցը. Նա (Վ. Սիրադեղյանը- Ա. Բ.) ավելի շատ օգո՞ւտ է բերել հայ ժողովրդին, թե՞ վնաս»,- հարցնում է ՀՀ նախագահի մեծարգո խորհրդականը։ Ու ինքն էլ անմիջապես պատասխանում է իր իսկ «անիմաստ» հարցին. «Վնասն անհամեմատորեն ավելի շատ է, իսկ օգուտները, ճիշտն ասած, չեմ նկատել»։ Ուրեմն, դիտողունակ չեք։ Ինչպե՞ս կարող էիք նկատել, եթե այսօր, անգամ պատերազմում տարած հաջողությունները ձեր աչքին չեն երեւում։ Եթե, իրոք, այս պատերազմի հետ առնչություն ունեիք, ինչպես վկայում էր մամուլը ձեր ձերբակալության օրերին, ուրեմն չեք կարող չիմանալ ՆԳ համակարգի զինվորների եւ անձամբ նախարարի ներդրումը պատերազմում հաղթանակի մեջ։

Միգուցե հիշեք, թե ինչ միջոցներով հնարավոր դարձավ ուժեղացնել Լաչինի միջանցքի պաշտպանությունը 1992-ի աշնանը, եւ որքան մեծ է դրանում Վանոյի դերը։ Արդյոք ե՞ս պիտի Ձեզ հիշեցնեմ ՆԳ համակարգի մարտիկների դերը նույն Լաչինի, Քելբաջարի, Ֆիզուլի-Հորադիզի, Մարտունու ուղղություններում՝ 93-94 թթ.։ Անշուշտ, կարող եք ասել, որ ՆԳ նախարարը դեր չուներ։ Այդ դեպքում, ներեցեք, նույնը կարելի է ասել ՀՅԴ-ի մասին։ Սա, պրն Հովհաննիսյան, Վանոյի կողմից ժողովրդին բերած «օգուտների» մի մասն է ընդամենը։ Այն մասը, որին պատիվ ունեի առնչվել պատերազմի տարիներին, երբ «մեր նախարարը», այսինքն Վանո Սիրադեղյանը, իր վրա էր վերցրել հայրենիքը, ժողովուրդը պաշտպանելու ծանր բեռը։ Գրեթե նույնքան ծանր, որքան նախկին եւ ներկայիս պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի բեռը, որի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ Դուք մեղադրվում էիք։ Մեղադրանք, կրկնեմ, որը ձեզանից պաշտոնապես հանված չէ։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031