Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի ՆԳ վարչության «տարեգրությունից»

Հունվար 30,1999 00:00
ng

Հայաստանի նման փոքր երկրում, առավել եւս որեւէ մարզում կամ էլ ինչ-որ համայնքում, իսկ հատկապես Գյումրի քաղաքում, յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունը հասարակության տեսադաշտում է եւ որեւէ բան թաքցնելն՝ անհույս գործ է։ Ժողովուրդը լավ գիտի, թե որ պետական կառույցը ինչպես է աշխատում, ինչպես է պաշտպանում պետության եւ ժողովրդի շահերը։ Այս առումով չեն կարող հասարակության աչքից վրիպել հատկապես ՆԳ նախարարության, նրա մարզային ու տեղական կառույցների աշխատանքները։ Այլ բան է, որ այդ իմացածի մասին, հատկապես ՆԳ կառույցների հասցեին՝ խոսելուց, բարձրաձայն ասելուց կամ հրապարակելուց ոչ միայն ձեռնպահ են մնում, այլեւ խուսափում են, որովհետեւ գիտեն, թե դա ինչ կարժենա իրենց, իրենց ընտանիքին եւ հարազատներին։

ՆԳ մարզային կառույցները, օգտվելով իրենց ընձեռված նման հնարավորությունից, նաեւ հանրապետությունում ստեղծված անպատժելիության եւ ամենաթողության մթնոլորտից, համագործակցելով վերադասի հետ, շատ դեպքերում նաեւ նախարարի, տեղերում իրենց ձեռքն են վերցնում ամբողջ իշխանությունը։ Իսկ եթե դրան գումարենք այդ կառույցի ղեկավարության կամայական գործելակերպը, պատկերացրեք, թե ինչ կլինի այդ մարզի ու նրա բնակչության վիճակը։ Որպեսզի ասվածը հիմնավորվի, ներկայացնենք կոնկրետ փաստեր ու դեպքեր։

Այսպես՝ հայտնի է, որ Հայաստանում վարկային միջոցների եւ բյուջեից կատարված հատկացումների հաշվին շինարարական աշխատանքներ կատարվում են առավելապես աղետի գոտում եւ հատկապես այդ աղետից ամենաշատը տուժած Գյումրիում։ Բնական է, որ այդ ոլորտը չէր կարող դուրս մնալ Շիրակի մարզային ՆԳ վարչության եւ ՆԳ նախարարության 6-րդ վարչության տեսադաշտից։ Եվ ահա այստեղ է, որ ամբողջությամբ դրսեւորվում է նրանց «սրտացավ» վերաբերմունքն այդ հատկացումների անկորուստ օգտագործման համար։ Ներկայացնեմ մի քանի փաստեր այն մասին, թե նրանք ինչպես են «պաշտպանում» պետության շահերը։ Գյումրիի իշխանությունները մտահոգված լինելով աշխատատեղերի ստեղծման խնդրով, 1994 թ. բանակցում են Երեւանի ոսկերչական գործարանի հետ եւ որոշում Գյումրիում հիմնել գործարանի մասնաճյուղ։ Այդ նպատակի համար հատկացվում է Գյումրիի հղկող հաստոցների գործարանն իր տարածքով։

Ըստ Երեւանի ոսկերչական գործարանի տնօրենի՝ 06.11.98 թ. թիվ Դ-01/790 գրության, 1994-95 թթ. ընթացքում նշված՝ գործարանի վթարային մասնաճյուղում իրականացվել է 8.967,9 հազ. դրամի շինարարական աշխատանքներ։ Իրականում աշխատանքներ գրեթե չէին կատարվել։ Անհրաժեշտության դեպքում տեղում կարելի է համոզվել։ ՆԳ մարզային վարչության պետ Աշոտ Գիզիրյանի ամենատես աչքից չէր կարող վրիպել այդ գործը եւ նա 1996 թ. հոկտեմբերին սկսում է «բզբզել» շինարարությունն իրականացնող «Շիրակշին» ՓԲԸ գործունեությունը։ Այդ ընթացքում մարզպետարան էին դիմել «Կռունկ» ՓԲԸ աշխատողները՝ բողոքելով իրենց տնօրենի անօրինական գործողությունների դեմ։ Այդ նյութերը եւս ուղարկվում են մարզային ՆԳ վարչությանը։ Ավելի ուշ, մարզային ՆԳ վարչության պետը հասկանալով, որ ընկել է մեղրի տակառը, 1997 թ. ՆԳ եւ ԱԱ նախարարից ստանում է համաձայնություն քաղաքաշինության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների հետ «համատեղ» ստուգումներ անցկացնելու «Շիրակշին» ՓԲԸ-ում, բայց այլ գործով՝ Գյումրիի «Տեքստիլ» կոմբինատում կատարված շինարարական աշխատանքների օրինականության վերաբերյալ։

Հետագայում այս գործով էլ «Շիրակշինի» տնօրենի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Ինչ վերաբերում է Երեւանի ոսկերչական գործարանի Գյումրիի մասնաճյուղի հարցին, այն ունեցել է հետեւյալ ընթացքը. Երեւանի ոսկերչական գործարանի 03.11.98 թ. գրությամբ հայտնվել է՝ «ՆԳ եւ ԱԱ նախարարության մարզային վարչության ստուգումների արդյունքները գործարանում բացակայում են»։ Այդ նյութերը չկան նաեւ «Շիրակշին» ՓԲԸ-ում, բնական է, չէին էլ կարող լինել, որովհետեւ այդ գործի դիմաց մարզային ՆԳ վարչությանը հասել էր «կլորիկ» գումար։ Ըստ տեղի լուրերի (ՆԳ մարզային վարչություն), կեսը հասցրել են նախարար Ս. Սարգսյանին։ Իսկ թե ինչպես փակվեց «Կռունկի» գործը եւ ինչ արդյունքներով, երեւի կբացահայտվի լրագրողական հետաքննության ընթացքում։ Առաջիկայում կշարունակենք հանրությանը ներկայացնել կարեւոր փաստեր ՆԳ մարզային եւ ՆԳՆ 6-րդ վարչության ստուգումների վերաբերյալ։ Այն մասին, որ չկատարած աշխատանքները վճարվել են ու ձեւակերպվել նույն իրավապահ մարմինների իմացությամբ, որովհետեւ վերջնական արդյունքում նրանք ունեցել են իրենց ստվերային եկամուտը։

ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031