Բնականաբար, Հանրապետական կուսակցության համագումարում լրագրողական շրջանակի հետաքրքրության առանցքը Վազգեն Սարգսյանն էր։
Նա պատասխանեց մի քանի հարցի։ Նախ, թե ինչպե՞ս կքվեարկեր պաշտպանության նախարարը Վանո Սիրադեղյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության ժամանակ. «Իմ դիրքորոշումը հետեւյալն է՝ ամեն մարդ պետք է քվեարկի իր խղճի մտոք»։ Ինչ վերաբերում է 15 հազար զորակոչիկի պատանդ պահելուն, ապա «այս ամբողջ գործընթացի մեջ Ղարաբաղ-Հայաստան կապն է տուժում։ 15 հազար զորակոչիկի վերաբերյալ ասեմ, որ այդպիսի բան չկա։ Հայաստանը Ղարաբաղում բանակ, զորակոչիկ չունի»։
Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի հայտարարությանը, թե պետք է միավորվեն Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը եւ ինքը, Վազգեն Սարգսյանն ասաց. «Յուրաքանչյուր գործիչ իր կարծիքն ունի։ Դա Վանո Սիրադեղյանի կարծիքն է։ Ես այն չեմ կիսում»։ Ասվեց նաեւ, թե «Վանո Սիրադեղյանը չի ասել, թե «Երկրապահը» միանշանակ իր կողմն է։ Պառլամենտը եւ «Երկրապահը» միանշանակ դիրքորոշում չունեին։ Չգիտեմ, թե ով ինչպես է քվեարկել։ Ներքաղաքական իրավիճակը տհաճ է, խորհրդարանական նոր ընտրություններից հետո այն կխաղաղվի եւ մթնոլորտն ավելի հանդուրժողական ու հաճելի կդառնա»։
Պաշտպանության նախարարը հարկ համարեց հայտարարել, որ իրեն որեւէ վտանգ չի սպառնում։ Իբրեւ պաշտպանության նախարար, իհարկե, շարժում գլխավորելը խանգարելու է Վազգեն Սարգսյանին. «Սակայն ես ուրիշ ճար, ուրիշ ելք չունեմ։ Կարծում եմ՝ ունեմ այնքան ուժ ու եռանդ, որ ե՛ւ շարժմանը օգտակար կլինեմ, ե՛ւ կշարունակեմ պաշտպանության նախարարի իմ գործը։ Պաշտպանությունը երկդիմություն չի հանդուրժում։ Իմ սերը պաշտպանության նախարարությունն է եւ բանակը, եւ ես պաշտպանության նախարարության հաշվին չեմ անի ոչինչ։ Շարժմանը կփորձեմ օգտակար լինել իմ ժամանակի եւ առողջության հաշվին»։
Կարդացեք նաև
Վազգեն Սարգսյանը խոսեց նաեւ խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթելու հնարավորության մասին. «Դա ցանկություն է եւ ոչ թե գերխնդիր։ Ամենեւին էլ ամենակարեւորը ՀՀԿ հաղթանակը չէ։ Սա շարժում է դեպի 21-րդ դար եւ պետք է փորձի դառնալ բարության ու հանդուրժողականության դպրոց։ Իսկ եթե հաղթենք, ավելի հստակ կիրականացնենք մեր քաղաքականությունը։ Ցավոք, մեզանում քաղաքական ուժերի դիրքորոշումների մեջ բեւեռացում կա։ Իշխանության մեջ պատասխանատվությունն ավելի մեծ է, թեպետ իշխող կուսակցությունը Հայաստանում 8 տարի պատասխանատվություն չվերցրեց։ Ով իշխանություն չէ, չի ուզում պատասխանատվություն վերցնել։ Մինչդեռ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության իր բաժինը ստանձնի։ Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն պատասխանատվությունից չի խուսափում։ Ընտրություններին դեռեւս բավական ժամանակ կա եւ հնարավոր դաշնակիցների մասին համագումարից հետո կմտածենք։ Սա վերակազմավորվող ՀՀԿ-ի առաջին համագումարն է։ Հայտնի է, ինչպես սկսում են՝ այնպես էլ շարունակվում է»։
Ա. Զ.