Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ՆՈՐ ԴԵԲՅՈՒՏԸ

Հունվար 30,1999 00:00
hhk

Ինչպես եւ ամեն համագումար, Հանրապետական կուսակցության 5-րդ արտահերթը եւս սկսվեց ողջույնի խոսքերով։ Ու թեպետ բազմաթիվ քաղաքական կառույցների ներկայացուցիչներ էին ներկա, սակայն նրանցից քչերը խոսք ասացին։

Ավելորդ չի լինի նշել, որ իրենց մասնակցությունն էին բերել Դավիթ Շահնազարյանը, Կարեն Դեմիրճյանի կուսակցության առաջատար դեմքեր, Սերգեյ Բադալյանը, Արտաշես Գեղամյանը եւ այլք, բայց ողջույնի խոսք կուսակցություններից ընդամենը 2-ն ասացին՝ «Օրինաց երկիրն» ու «Հզոր հայրենիքը»։

Սխալ կլինի չներկայացնել հատկապես վարչապետ Արմեն Դարբինյանի խոսքը, որով սկզբնավորված տրամադրությունը հետագայում տրամաբանական շարունակություն գտավ. «1998-ի փետրվարյան իրադարձությունները Հայաստանի նախկին վարչակազմի վարած քաղաքականության տրամաբանական արդյունքը հանդիսացան։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պատերազմ, թե խաղաղություն երկընտրանքի ամրագրումն այլեւս անհանդուրժելի դարձրեց իշխանությունների բռնած քաղաքական գիծը եւ կանխորոշեց իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը։ Եվ հենց այդ պայմաններում միավորելով երկրի բազմաթիվ հասարակական-քաղաքական առողջ ուժերը Հանրապետական կուսակցությունը եւ ԵԿՄ-ն, սկզբում ԱԺ-ում եւ, ապա ողջ հանրապետությունում կազմեցին այն քաղաքական դաշինքը, որն իր վրա վերցրեց երկրի զարգացման ամբողջ պատասխանատվությունը։ Բացահայտվեց օրակարգի իրական բանաձեւը՝ խաղաղություն հանուն զարգացման։ Համոզված եմ, ՀՀԿ-ն ունի հնարավորություն հասարակական շարժիչ ուժի դերը ստանձնելու եւ հասարակական զարգացման ընթացքը կանխորոշելու համար»:

ՀՀ նախագահի ողջույնի ուղերձը հանրապետականներին ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որը ներկա եղավ մինչեւ վերջ։ Կարեւորվում էր, որ հանրապետականների շարքերում կան ե՛ւ ազատամարտիկներ, ե՛ւ մտավորականներ։ Բարձր էր գնահատվում նաեւ «Երկրապահ» պատգամավորական խմբի գործունեությունը։ ՀՀԿ-ն հռչակվեց երկրի եւ նախագահի հենարան։

Հետեւեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքը։ Նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունը լիբերալ-դեմոկրատական կողմնորոշման քաղաքական դաշտում կարող է հանդես գալ առավել կազմակերպված ուժի դիրքերից։ Իսկ քաղաքական այս ուժը ստեղծվել է հասարակական բնականոն գործընթացն ապահովելու պատասխանատվությամբ։

ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ելույթի հատկապես սկզբնամասում նկատելի էր վերջին օրերի քաղաքական իրադարձությունների կնիքը. «1998 թվականին սկսվեցին քաղաքական բուռն գործընթացներ։ Չեմ կարող չանդրադառնալ ներքաղաքական կյանքում փետրվարյան իրադարձություններից հետո տեղ գտած որոշ լարվածություններին։ Երկրի նախագահի փոփոխությունից հետո եռանդուն փորձեր են անում տարածել այն թեզը, թե իշխանության է եկել այսպես կոչված ղարաբաղյան կլանը։ Ակնհայտ է, որ դա թշնամություն, անհանդուրժողականություն է սերմանում ազգի ու նրա մի հատվածի միջեւ, ինչը հղի է կործանարար վտանգներով։ Վտանգվում է Հայաստանի ապագան, ազգային – ազատագրական շարժման շնորհիվ ձեռք բերված ամենամեծ նվաճումը՝ Արցախի ազատագրումը։ Բայց մի՞թե այդ մարդիկ մոռանում են, որ Ղարաբաղով իրենք դարձան քաղաքական գործիչներ։ Օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով արվել են քայլեր քաղաքական, իրավական, տնտեսական ոլորտներում, որոնց բացասական արդյունքները երեւում են այսօր։ Դրվել են, ասես, դանդաղ ներգործության ականներ եւ այժմ խոսում են ականների պայթման հետեւանքով առաջացած իրավիճակի մասին, մոռանալով խոսել վիճակը ստեղծողների պատասխանատվության մասին»։

Անդրանիկ Մարգարյանն ասաց նաեւ, որ միայն նախագահական ընտրություններով արմատական փոփոխություններ չէին լինի, բայց դա հնարավոր է ԱԺ ընտրություններից հետո։ Սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն ունեն իրենց գնահատականը, թե ինչ է սպասվում. «Նրանք ոչ միայն գուշակում են պատերազմի վերսկսում, տնտեսական աղետ, միջազգային քաղաքական, տնտեսական շրջափակում, այլեւ գալիք ընտրություններն են համարում անարդար եւ կեղծ»։ Անդրանիկ Մարգարյանի խոսքի հետագա ընթացքը վերաբերում էր երկրապահով նորացված Հանրապետական կուսակցության զարգացման ընթացքներին։ Այն ունի շուրջ 5500 անդամ, 57 տարածքային կազմակերպություն։ Հանրապետականների միայն 40%-ն է Երեւանից, իսկ 20%-ը ուսանողներ են։ Հռետորը, մեր կարծիքով, մեկ շատ կարեւոր դիտարկում եւս կատարեց՝ հնարավոր է, որ ՀՀԿ են մտել պատեհապաշտներ (ասենք, որ առաջին շարքում էր նստած նաեւ Պավլիկ Ասատրյանը), կուսակցությունն իրենց շահերին ծառայեցնելու նպատակ ունեցողներ, որոնց թիվը, մեր դիտարկմամբ, ահագին էր, թեպետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե դրանք այնքան էլ շատ չեն։ Միով բանիվ, «ՀՀԿ-ն ցանկանում է զբաղեցնել ազգային-կենտրոնամետ դաշտը, համախմբել կենտրոնամետ դաշտը»։ Խոսվեց նաեւ առաջիկա մարտավարական խնդրի մասին՝ ԱԺ ընտրություններում ստանալ որակական մեծամասնություն։

Ելույթ ունեցավ նաեւ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Նա եւս քննադատական խոսք ասաց քաղաքական համակարգի կայացմանը խոչընդոտած նախորդ իշխանության հասցեին. «Մեր երկրի քաղաքական դաշտն, ըստ էության, ենթարկվում է իրադրային, կոնյունկտուրային ազդեցությունների։ Հիմա կարելի է հանդիպել պնդումների, թե ի դեմս նորացված ՀՀԿ-ի, կայանում է նոր իշխող կուսակցություն, կամ ձեւավորվում է մի նոր ՀՀՇ։ Կարծում եմ, որ լինի իշխող, թե ընդդիմադիր, ՀՀԿ-ն պետք է իր ուրույն տեղն ունենա այսօրվա եւ վաղվա քաղաքական դաշտում։ Լինել իշխանություն՝ չպիտի նշանակի լինել կուսակցություն, նոմենկլատուրային միջուկով»։

Հանրապետականները ջերմորեն ծափահարեցին Աշոտ Նավասարդյանի այրուն՝ տիկին Հասմիկին, որն իր խոսքի ավարտին ամուսնու իրերից նվիրեց ՀՀԿ այսօրվա առաջնորդներին։ Ի դեպ, ամենից շատ հնչող անուններն էին՝ Աշոտ Նավասարդյան եւ Վազգեն Սարգսյան։ Վերջին դեպքում՝ նաեւ թանձր կամ նոսր երանգավորմամբ քծնանք։ Այնքան, որ մի պահ պաշտպանության նախարարը գլուխը նույնիսկ ափերի մեջ առավ։ Մինչդեռ, նա ջերմորեն ընդունեց Դավիթաշենի թաղապետ Ռուբեն Գեւորգյանի քաղաքական դեբյուտը, որն ասաց. «Մենք հավաքվել ենք ազգային գաղափարախոսության թելադրանքով։ Կյանքը ցույց տվեց ՀՀԿ-ի եւ ԵԿՄ-ի միասնության կարիքը։ Մենք ժողովրդին վերադարձնելու ենք հայի ուժեղ, առաքինի կերպարը։ Մեր գաղափարախոսության հիմքում ընկած է արյամբ գծված Հայրենիքի սահմանը։ Մեզ անհրաժեշտ է սթափ դատողությունը, մենք պետք է ճիշտ ու անվրեպ լինենք։ Կեղծի նկատմամբ հանդուրժողականություն չպետք է լինի»։

Քաղաքական ուրիշ դեբյուտանտներ եւս եղան։ Կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանին ելույթները նոր ոչինչ համարյա չէին ասում, ի բացառություն որոշ դեպքերի։ Հռետորներից Գրիգոր Մելքումյանն ասենք, պետության զարգացման այս փուլում կարեւորեց տնտեսական-քաղաքական դոկտրինի մշակումը եւ դրա ներդրումը կյանքում։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Մարտիրոսյանն էլ նոր միավոր ներմուծեց քաղաքական բանահյուսություն՝ քաղաքական ֆիդայիզմ։ Ասել կուզի, թե քաղաքական միջավայրում անհանդուրժելի են կամայական շարժերը։

Տնտեսական վերլուծությամբ էլ Սմբատ Այվազյանը հանդես եկավ, ի մասնավորի անդրադառնալով հարկային ոլորտին. «Տնտեսական առաջընթացն է կանխորոշում քաղաքական զարգացումը։ Մեզանում իրականացվեց տոտալ սեփականաշնորհում, հաճախ՝ ինքնանպատակ եւ անարդյունավետ։ Գործող տնտեսվարող սուբյեկտները կորցրեցին շուկաները։ Տնտեսական քաղաքականությունը զուտ ֆիսկալ նպատակների էր ծառայում։ Հարկային օրենսդրության մեջ դեպքեր են եղել, որ 2 տարվա մեջ 15 անգամ փոխվել է նույն օրենքը։ Հետեւանքները տեսանելի են։ Կարեւոր է տնտեսական անվտանգության հիմքերի ստեղծումը»։

ՀՀԿ համագումարում ելույթներն ընդհանուր առմամբ այնքան էլ շատ չէին եւ ավարտվեցին համագումարի առաջին օրը։ Իսկ այսօր ելույթ կունենա Վազգեն Սարգսյանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031