Հայրենասիրական եւ կուսակցական սպեկուլյացիան ամենաարդյունավետ ու եկամտաբեր բիզնեսն է։ Հատկապես Սփյուռքում։ Սփյուռքահայերը հայրենիքից իրենց կարոտն առնելու համար պատրաստ են նյութականացնել իրենց սերը։ Տեղացիներն էլ՝ շահագործել այն։ Սիրիայում հայկական համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ իմ զրույցը դրա եւս մեկ ապացույցն է։
1998 թվականի ձմռան վերջին Սիրիայի հայկական դեսպանատան հասցեով վիճակախաղի տոմսերի մի կապոց է ուղարկվել՝ 400 հազար վիճակախաղի տոմսերով։ Դեսպանատան աշխատակիցները՝ անտեղյակ ուղարկողի ով լինելուց՝ կապոցն ուղարկել են Հալեպի առաջնորդարան։ Պարզվել է, որ «ղարաբաղցիները եւ Սիրիայի դաշնակցականները համատեղ ջանքերով կազմակերպել են «վիճակախաղ»։ Տոմսերը տպվել էին Ռուսաստանում։ Յուրաքանչյուրի արժեքը 30 ֆրանկ էր (6 ԱՄՆ դոլար, 300 սիրիական լիրա)։ Թեեւ դրանց հետեւում նշված էր, որ շահած համարներով տոմսերի տերերն այդ մասին կիմանան հունիսին, սակայն սեպտեմբերին նոր «Ազդակում» հայտնվեցին շահած տոմսերի համարները։
Ի դեպ, վաճառվել էր 40 հազար տոմս։ Հիսուն հատով գնողներ էլ էին եղել։ Շահողներին թերթի միջոցով ասվել էր նաեւ, որ նվերների (հայկական գորգ, դուդուկ, դհոլ, «թաբլո» եւ այլն) ստացման վերջին ժամկետը 1998 թ. դեկտեմբերի 31-ն է։ Թեեւ հայկական մոտիվներով նվերներ ստացողները ամեն րոպե էլ պատրաստ էին տեր կանգնելու իրենց նվերներին, սակայն ո՛չ որեւէ հասցե գիտեին, ո՛չ էլ հասցեատեր։ Ամսի 31-ը վաղուց արդեն անցել է։ Վիճակախաղն՝ ավարտվել։ Նվերներ ոչ ոք այդպես էլ չի ստացել։
«Բայ-բա՜յ ըսինք մեր գումարին»,- տխուր եզրափակեցին իրենց պատմությունը սիրիահայ մեր հայրենակիցները։ Թե ղարաբաղյան կողմերից ովքեր էին այս նախաձեռնության հեղինակները, ոչ ոք չգիտի։ Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռոստոմյանն էլ առաջին անգամ էր լսում այս լուրը։ Որեւէ աղբյուրից մեզ այդպես էլ չհաջողվեց մանրամասներ իմանալ այս մութ վիճակախաղի առիթով։ Իսկ սիրիացի հայերը արդեն դժվար թե մասնակցեն որեւէ բարեգործական միջոցառման՝ առանց լուրջ կասկածներ ունենալու կազմակերպչի ազնվության վրա։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ