Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ՝ ԺԱՄԸ 11-13-Ը

Հունվար 30,1999 00:00
aghvan hovsepyan

Հերթական անգամ ՀՀ գլխավոր դատախազն իր վրա հրավիրեց լրագրողների եւ հասարակության ուշադրությունը։

Պարոն Աղվան Հովսեփյանը ցածրաձայն եւ հատիկ-հատիկ փորձեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ մինչ այդ խոսելով հանցագործությունների բացահայտման, դրանց պատճառած վնասների մասին, մասնավորապես ասաց. «… 97 թվականին վերականգնվել էր պետությանը պատճառված 8 միլիոն դրամի վնաս, իսկ 98-ին վերականգնվել է, միայն քննչական մասի տվյալներով՝ հարյուր անգամ ավելի՝ 812 միլիոն։ …Անցած տարի բացահայտվել են միայն 15-ից ավելի սպանություններ»։ Պարոն դատախազը հատուկ շեշտեց, որ պետք է մաքսիմումն անի դիտավորյալ սպանությունների բացահայտման ուղղությամբ. «քանզի ես գտնում եմ, որ հանցագործություններից ծանրագույնը դիտավորյալ սպանություններն են»։

Զուտ աշխատանքային, կազմակերպչական որոշ բացատրություններ տալուց հետո Աղվան Հովսեփյանը պատրաստվեց լրագրողների հարցերին պատասխանելու։ Ավելորդ է շեշտել, որ լրագրողների հարցերը հիմնականում ՀՀ դատախազի հայտնի միջնորդության շուրջ են պտտվում։

Միջնորդությունը կկրկնվի

Պարոն դատախազն ասաց, թե միջնորդությամբ կրկին կմտնի խորհրդարան. «Ես հայտարարել եմ, որ մտնելու եմ, օրվա մասին ասել չեմ կարող, որովհետեւ արդեն տառապանքս փորձ ունի։ Օրվա մասին կիմանաք։ Իսկ օրը կախված է նրանից, թե որքանով մեզ կհաջողվի ամփոփել եւ գտնել նախաքննության կողմից ձեռք բերված տվյալները, որովհետեւ հենց երեկ էլ մենք քննչական գործողություններ ենք կատարել, հարցաքննել ենք Կիմ Բալայանին։ …Ընդհանրապես այդ խումբն աշխատում է եւ կատարում է քննչական գործողություններ։ Արդյունքները կգնահատեմ եւ դարձյալ մտնելու եմ խորհրդարան։ Այնպես որ, երկուշաբթի, երեքշաբթի, ես նման արտահայտություններ չեմ արել եւ օրվա մասին չեմ կարող ասել։ Դա կախված է նախաքննությունից»։

Եթե խորհրդարանը երկրորդ անգամ եւս չընդունի՞ միջնորդությունը։ Գլխավոր դատախազն այդ կարծիքին չէ. «ԱԺ-ի նկատմամբ ես ունեմ լավատեսություն, որովհետեւ ԱԺ-ն մեր ամբողջ բնակչության, մեր ամբողջ ազգի ներկայացուցչական մարմինն է»։ «Հեգնանքով եք ասո՞ւմ», «Իրավունքի» հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Չէ, ինչո՞ւ»։

Դարձյալ խորհրդարանի մասին

«Զուտ օրենքի առումով, որպես գլխավոր դատախազ, ես դժգոհ եմ խորհրդարանից, դժգոհ եմ, որ կայացվեց այսպիսի որոշում (խոսքը, հասկանալի է, ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնոդության մասին է Մ. Ե.)։ Քաղաքական գնահատականներից ես փորձեմ զերծ մնալ, որովհետեւ ինչպես նշեցի, քաղաքական գործիչ չեմ, կարող եմ սխալվել։ Ես կփորձեմ չսխալվել իրավական առումով։ Խորհրդարանը ճիշտ որոշում չկայացրեց։ Ես չեմ հասկանում նաեւ այն պատգամավորներին, որոնք ձեռնպահ մնացին, որովհետեւ եթե պատգամավորը նման հարցում չի կողմնորոշվում, ես դա չեմ համարում պատգամավորին պատիվ բերող հանգամանք»։ Հետո, պարոն Հովսեփյանը բացատրեց, թե ե՞րբ է դատախազը միջնորդութուն ներկայացնում եւ ինչու. «Դատախազը միջնորդություն է ներկայացնում, որ ստանա համաձայնությունը քրեական պատասխանատվության ենթարկելու եւ կալանելու համար, ոչ թե քրեական գործ հարուցելու, այլ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու։ Այս գործերը, որոնք մենք քննում ենք, դեռեւս վաղուց հարուցված են, 93 թվականին, 94 թվականին եւ անընդհատ քննության ընթացքում են գտնվում»։

Իսկ թե ինչո՞ւ հատկապես արտահերթ նիստի օրը ներկայացվեց միջնորդությունը, պարոն դատախազն ասաց. «Իսկ ի՞նչ կար այդ օրվա հետ կապված։ …Ինձ համար օրվա ընտրությունը կախված էր նախաքննությունից»։ Այս մտքի ավարտին պարոն դատախազը մի երգ հիշեց. «Этот день мы приближали, как могли»։ Եթե հիշում եք, այդ երգը կոչվում է «День победы»։

Սերժ Ջիլավյանը կհարցաքննվի

Գլխավոր դատախազը հայտնեց, որ հնարավոր է մոտ ժամանակներս հարցաքննվի նաեւ Սերժ Ջիլավյանը։ Ընդհանրապես, ասուլիսը հենց սկզբից միտում ուներ դասախոսության վերածվելու։ Վերոհիշյալը նկատեց նաեւ պարոն դատախազը եւ ստիպված էր ներողություն խնդրել այդ բանի համար։

«Կրակեմ Հրաչը» Հարությունյան է

Գլխավոր դատախազի ասելով սերտ համագործակցության մեջ են ՆԳ եւ ԱԱ ծառայությունները եւ դատախազության քննիչները։ Հետո էլ նշվեց, որ «այդ ծառայությունները քրեական հանցագործությունների բացահայտման առումով դրված են Հրաչյա Հարությունյանի վրա, նա է ղեկավարում ծառայությունը, որի մասին Վանո Սիրադեղյանն ասաց, որ իբր նա Սերժ Ջիլավյանի բարեկամն է»։ Այնուհետեւ հայտարարվեց, որ «նման բարեկամություն չկա նրանց միջեւ, դա սուտ է»։

Գլխավոր դատախազը պատվեր է կատարում

Սակայն նրա ասելով դա այն պատվերը չէ, որում նրան մեղադրում են։ Երեկ Աղվան Հովսեփյանը բացեիբաց հայտարարեց. «Ես մեղադրվում եմ, որ պատվեր եմ կատարում։ Իրոք ես պատվեր եմ կատարում, որովհետեւ գլխավոր դատախազ եմ, ես կատարում եմ օրենքի պատվերը»։

ՀՀ նախագահ եւ ՀՀ գլխավոր դատախազ

«Նախագահը ինձնից, որպես գլխավոր դատախազ մի պահանջ ունի, կրկնում եմ նախագահի խոսքերը բառացի. «Օրենքը ոնց ասում է, էնպես էլ արեք»։

Անմեղության կանխավարկած

Լրագրողների այն հարցին, թե միջնորդության մեջ հաշվի չի առնվել անմեղության կանխավարկածը եւ պատգամավոր Վանո Սիրադեղյանը միանգամից ճանաչվել է որպես հանցագործություն կատարող անձ, պարոն գլխավոր դատախազը հետեւյալ պատասխանն ուներ. «Նախաքննությունը կարող է անձին մեղադրանք ներկայացնել եւ անձն է պարտավոր ապացուցել իր անմեղությունը։ Անմեղության պատասխանատվությունը դրված է անձի վրա, իսկ մեղավորությունը պարտավոր է ապացուցել դատարանը։ Մենք կատարել ենք քննություն, ապացուցել ենք, որ կատարվել է հանցագործություն»։ Գլխավոր դատախազը վստահ է, որ Վանո Սիրադեղյանը մեղավոր է. «Ես չեմ կասկածում, վստահ եմ, որ նա մեղավոր է, եւ եթե ես կասկածեի, կասկածանքով չէի մտնի խորհրդարան»։

Հայտնի եւ անհայտ մի քանի սպանություններ

Ասուլիսի ընթացքում շոշափվեցին Հ. Ղանդիլյանի, Հ. Գալստյանի, Վ. Պետրոսյանի, Մ. Յուզբաշյանի, Վ. Խորխոռունու եւ բազմաթիվ այլ սպանություններ եւ մահափորձեր, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող մի քանի անձանց անուններ։ Ասուլիսը քննեց դատախազի աշխատասենյակին, այնտեղ կատարված սպանությանը եւ այլ բաներին առնչվող հարցեր։ Այս ամենին չենք անդրադառնում լոկ տեղի սղության պատճառով։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031