«Հայրենիք» պատգամավորական խումբը քաղաքացիների ուշադրությունն է հրավիրում երեք հարցի վրա։
Առաջինը՝ Հայաստանի 21-րդ դար առաջնորդելու փոխարեն 17-րդ դար հետ շպրտող, Ազգային ժողովի իշխանապահ մեծամասնության կողմից երկրին փաթաթված, նշանակումների, այլ ոչ թե ընտրությունների մասին օրենսգիրքն է։
Երկրորդը՝ Վանո Սիրադեղյանին կալանավորելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցն է։ Մեզ համար ակնհայտ է, որ բարձրագույն իշխանությունը փորձում է միավորներ հավաքել եւ միաժամանակ գործը փակել։ Հակառակ դեպքում, դատախազը պետք է տարանջատեր եւ պետք է տարանջատի կալանավորման եւ քրեական պատասխանատվության խնդիրները։ Հաշվի առնելով իրադրության բացառիկությունը, կարելի է համաձայնել եւ մեկ մարդու ցուցմունքով անձին ճանաչել կասկածյալ ու սկսել քրեական վարույթ՝ առանց կալանավորման։ Բայց մեկի ցուցմունքով կալանավորելու ավանդույթ չի կարելի հաստատել։ Այսպիսի կտրվածքով մենք կողմ ենք եղել եւ կողմ ենք լինելու քրեական պատասխանատվության ենթարկելուն համաձայնություն տալու խնդրին։
Երրորդը՝ «ԱրմենՏելի» հակաժողովրդական գործարքն է։ Այդ գործարքի վտանգավոր հետեւանքների չեզոքացման ճանապարհին մեզ հաջողվեց Սահմանադրական դատարանում շահել կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության դեմ մեր դատը։
Կարդացեք նաև
Եթե հանրապետության նախագահը չհրավիրի արտահերթ նստաշրջան, մենք խնդիրը կփորձենք լուծել արտահերթ նիստ գումարելու միջոցով։