Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԶԱՐ-ԲԼՈՏ» ԱԺ-ՈՒՄ

Հունվար 30,1999 00:00
Azgayin joxov

Երեկ ԱԺ պատգամավորներ Վահագն Խաչատրյանը եւ Էդվարդ Եգորյանը լրագրողներին հրավիրել էին՝ հայտնելու, որ գործադիր իշխանությունները ճնշում են գործադրում այն 67 պատգամավորների վրա, որոնք «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի ճակատագիրը որոշելու համար ԱԺ արտահերթ նիստ էին պահանջում։ Նրանց ստիպում են (կամ համոզում) հետ վերցնել իրենց ստորագրությունները, եւ այդպիսով դրանց քանակը 67-ից հասցնեն 57-55-ի։ Այդ դեպքում նրանք չեն կարող պահանջել արտահերթ նիստ հրավիրել, եւ դա պարոն Խաչատրյանին մտահոգում է այնքանով, որ ստորագրություններ հավաքելիս, ապահովելով պահանջված թվից ավելին, բավարարվել են այդքանով։ Իսկ հիմա նրանց կարող են կանգնեցնել կատարված փաստի առաջ։

Պարոն Խաչատրյանը կարծում է, որ այդ «բազար-բլոտը» հակասահմանադրական, հակաօրինական է։ Սահմանադրական դատարանի որոշումն այդ չարաբաստիկ հոդվածի մասին, ըստ պրն Խաչատրյանի, ՀՀ նախագահին չի ազատում այդ նույն հարցի քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հրամանագրից։ ՍԴ-ում նախարարներ Դավիթ Հարությունյանի, Արտակ Վարդանյանի եւ Վահրամ Ավանեսյանի պատեհապաշտ պահվածքը եւ այդ 24-րդ կետի մասին մի քանի անգամ իրարամերժ կարծիքներ հայտնելը պրն Խաչատրյանի համար անհասկանալի էին։ Բացի այդ, նա գտնում է, որ ամբողջ օրենքն այդ մի հոդվածի համար է։ Թե այսուհետեւ ում է պետք լինելու այն՝ այնքան էլ պարզ չէ։ Այն, որ ՍԴ-ում օրենսդիր իշխանությունը «պաշտպանում էին» կառավարության անդամները, եկող շաբաթ ԱԺ նախագահի նկատմամբ «անվստահության կամպանիա» սկսելու առիթ է դառնալու։

Եկող շաբաթ Վահագն Խաչատրյանը մեկ անգամ էլ «նեղություն կտա» լրագրողներին՝ «հացի» մասին պատմություններ անելու։ Էդվարդ Եգորյանը ՍԴ-ի որոշումը դրական է գնահատում ընդհանուր առմամբ։ Ժամանակին «ԱրմենՏելի» գործարքը կնքողներն, ըստ նրա կամ բավականաչափ «արհեստավարժ» չեն, կամ միտում են ունեցել։ Նա հակված է երկրորդը մտածելու։ Հունական կողմին մեր իշխանությունները հանգստացնում են, որովհետեւ հույները կարող են գումարներ պահանջել։ Պրն Եգորյանը հայտնեց, որ երկուշաբթի հայտնի կդառնա ստորագրությունները հետ վերցրած պատգամավորների անունները, որոնք դա կպատճառաբանեն ՍԴ-ի որոշմամբ բավարարված լինելով։

Մյուս պատգամավորները (67-ից) կներկայացնեն որոշման նախագիծ, ըստ որի հեռահաղորդակցության ոլորտի ծառայությունների առավելագույն սակագինը ԱԺ-ն պետք է հաստատի, եւ պետք է վերաձեւակերպվեն լիցենզիաները։ Ապագայում այս ամենը «Մենաշնորհի մասին» ՀՀ օրենքի հիմքը կարող է դառնալ։ Վահագն Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել երեկվա «Առավոտ»-ում տպագրված այն տեղեկատվությունը, ըստ որի պրն Խաչատրյանը Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի նոր տնօրեն Աշոտ Կիրակոսյանին կաշառատու է համարել։ Վահագն Խաչատրյանը հերքեց այդ եւ ասաց, որ ինքն ընդամենն իր կարծիքն է հայտնել նախորդ տնօրենի մասին։ Ինքն, ի դեպ, կասկածում է, որ այդ հրապարակման հեղինակը նախկին կուսվերահսկողության ղեկավարն է, որը «պրոբլեմներ ունի պրն Խաչատրյանի ծննդավայրի եւ ծնողների հետ»։ Այդ ծերունուն՝ պատվեր կատարելու համար Վահագն Խաչատրյանը չի պատրաստվում դատի տալ։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031