Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՎԱՐՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հունվար 29,1999 00:00
nerqin gorcer

Պահեստի գնդապետ Վլադիմիր Թամրազյանն այսօր կարող էր 72 տարեկան լինել։ Նրա մահվանից 1,5 ամիս առաջ հանդիպեցինք իր հետ։ Ցանկությունը մեկն էր. հարցազրույց ունենալ հանրությանը քաջածանոթ մարդու հետ, որին մտերմաբար Վոլնի Վալոդ էին անվանում բոլորը։ Այդպես էին անվանում նրան, երբ աշխատում էր 26 կոմիսարների ՆԳ բաժնի պետ, ՆԳ քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ, ՆԳ նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության պետի տեղակալ։

-Ինչո՞ւ Վոլնի Վալոդ:

Պատասխանեց.

-Չէի հարմարվում համազգեստի հետ, ազատ էի հագնվում՝ քաղաքացիական։

-Չէի՞ն առարկում։ Վերադասն ինչպե՞ս էր նայում այդ ազատությանը։

– Աշխատանքի առումով նույնիսկ օգնում էր։ Չեմ հիշում այս օրերին մեկին, համենայնդեպս, ՆԳ համակարգում աշխատող, որ կարող է կերպար հանդիսանալ որեւէ գրական-գեղարվեստական ստեղծագործության համար։ Վոլնի Վալոդին մենք կարող ենք մտաբերել երբեմնի մոռացված կինոնկարներից մեկում. «Հանցագործության հետքերով», որի սցենարը գրել է Բ. Մկրտչյանը։

– 1971 թվականն էր,- շարունակում էր պատմել Վ. Թամրազյանը, – ֆիլմի հիմքում իրական պատմություն էր։ Բարձրահարկ շենքերից մեկի կառուցման, հիմքը փորելու ժամանակ հողի միջից դուրս եկավ գանգ եւ կմախքի մասեր։ Դատաբժշկական փորձագետները իրենց եզրակացությամբ հանգեցին նրան, որ գանգը պատկանում էր 30-35 տարեկան կնոջ։ Գանգի «վաղեմությունը» 10 տարվա էր։ Գլխին բութ գործիքով հասցված հարվածներով: Հանցագործությունը բացահայտվեց նաեւ իմ ջանքերի շնորհիվ, հանցագործության վայրում թողնված գլխարկի շնորհիվ։ Գլխարկը խոսում էր: Վիկտոր Բալայանի «Մշուշը ցրվում է» փաստա-վավերագրական գրքում գործող անձը՝ Վ. Թամրազյանն էր։ Այս հանցագործության մասին պատմելիս ակամայից հիշեցի գրքի հետեւյալ հատվածը. «Սակայն Թամրազյանը մի բան շատ լավ գիտեր՝ ծղոտե գլխարկը եւ դաշույնի պատյանը։ Ավագ լեյտենանտ Թամրազյանը ուղիղ նայեց զրուցակցի աչքերին եւ հանդարտ արտասանեց. -Ձեր որդին, հանցանք է կատարել, նա մարդ է սպանել»։

Վոլնի Վալոդը ահուսարսափ էր նախեւառաջ հանցաշխարհի համար, նոր ձեւավորվող «հեղինակությունների շարժման», որոնք ինչու չէ, սերտաճում էին նաեւ ոստիկանության աշխատակիցների հետ։

-Երբ դուք ՆԳ նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության պետի տեղակալն էիք, առնչվե՞լ եք կամ ինչպիսի՞ն էին Ձեր «փոխհարաբերությունները» «հեղինակությունների» հետ։

-Նախ հեղինակություններ, որպես այդպիսին, չկային, «լցված» չէին։ Հեղինակություններ էին այդ ժամանակ դիտվում Յուրի Երվանդիչն ու Թռչունը։ 71-72 թվականներն էին։ Սովորություն ունեի առանց զգուշացնելու շրջել, մտնել ուղղիչ աշխատանքային գաղութները, բանտերը։ Երեկոյան ժամը 12-ին հայտնվեցի բանտերից մեկում։ Պարզվեց՝ բանտարկյալներից հայտնիները տեղում չէին։ Բժշկի առանձնասենյակում, ճոխ խնջույքի պահին, աղջիկների կողքին «հայտնաբերվեցին» Յուրի Երվանդիչն ու Թռչունը։ Հրամանս մեկն էր. հաջորդ օրն իսկ տեղափոխել նրանց Արթիկ։ Վ. Թամրազյանը պատմեց, որ տեղափոխումն իր վրա ծանր նստեց։ «Բանտում գտնվող գողերն ու գողիկները հայտարարեցին հացադուլ։ Հացադուլի մասին իմացան նրանք, ովքեր անցնում էին Մյասնիկյանի շրջանով, որովհետեւ բոլոր կողմերից լսելի էր մետաղյա ափսեների զնգզնգոցը։ Հացադուլից հետո, իհարկե, հետեւեց «ինքնախեղդի» փորձերը…»։ Ըստ Վ. Թամրազյանի, դա անհնազանդության անդրանիկ փորձն էր, որն ավարտվեց նրանով, որ, այնուամենայնիվ, ե՛ւ Յուրի Երվանդիչը, ե՛ւ Թռչունը տեղափոխվեցին։

-Հայտնի է, որ դուք գյումրեցի անվանի բանասեր, աշուղ, քարտաշ-քանդակագործ Մացո Թամրազյանի թոռն եք եղել, մեկի, որ ժողովրդական բազմաթիվ իմաստությունների, ասացվածքների հեղինակ էր, Հովհաննես Շիրազի մտերիմներից։ Դա՞ էր պատճառը, որ դուք կապված էիք նշանավոր մարդկանց, արվեստագետների հետ։

– Իսկապես սիրել եմ մեր մեծերի հետ շփվել, որքանով հնարավոր էր աջակցել եմ մեր արվեստագետներին։ Շիրազն ինձ մտերմորեն «որմնակերտ Մացոյի թոռ» էր ասում։ Վիլյամ Սարոյանը, երբ վերջին անգամ եկավ հայրենիք, հարկ համարեց իմ օջախի դուռը բացել, Գուրգեն Մահարին, որի ձեռագիրն անգամ պահել եմ։ Պարզապես այն ժամանակ էլ, ինչպես այսօր ամենափոքր խնդրանքն իսկ կարող էր դառնալ պատմություն, այն իմաստով, որ արհեստական քաշքշուկներ էին ստեղծվում։ Երբ «պաշտոնի» իջեցում եղավ այն ժամանակվա կոմկուսի ղեկավարների հետ առկա տարաձայնությունների պատճառով, հայտնվեցի մի կարճ ժամանակով ավտոլիցքավորման գրասենյակում, որպես դիրեկտոր։ Ինձ դիմեցին մի խումբ հայ գրողներ, ահա եւ նամակը, որն էլի պահում եմ. «Նկատի ունենալով նշանավոր բանաստեղծ Նորենցի որդու՝ Սասուն Նորենցի առողջական վիճակը եւ ընտանիքով ծանրաբեռնված լինելը, խնդրում ենք ձեզ նրան աշխատանքի տեղավորել իր նախկին տեղում՝ իբրեւ լիցքավորող»։ Պարզ, առանց ձեւականությունների մի նամակ, որի տակ ստորագրել են երջանկահիշատակ Հրաչյա Հովհաննիսյանը, Աբիգ Ավագյանը, Սարմենը…

Իր կյանքի վերջին օրե՞րն էր կանխազգում, իր մա՞հը, որ ցանկանում էր խոսել ու համաձայնվեց նույնիսկ հարցազրույցի։ Ափսոս՝ կիսատ մնաց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031