Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարին րոպեավճար

Հունվար 29,1999 00:00

Հունվարին րոպեավճար չենք մուծի Սահմանադրական դատարանում «ԱրմենՏելի» հետ կապված քննարկումները ՀՀ կապի եւ հեռահաղորդակցման նախարար Արտակ Վարդանյանը գնահատում է օգտակար, իսկ ՍԴ որոշումը՝ շատ կշռադատված։ Նրա կարծիքով, այս ոլորտում հարցի բարդությունը թույլ չի տալիս միարժեք գնահատական տալ՝ թե եղել է հաղթող կամ պարտվող։ ՍԴ-ի որոշումը բավարարում է երկու կողմերին էլ։ Կապի նախարարը նշեց, որ «ԱրմենՏելին» տրված մենաշնորհային լիցենզիայի որոշ հատվածներ հղկման կարիք ունեն, որպեսզի այն լիովին համընկնի ՀՀ օրենսդրական դաշտին։ Ըստ նախարարի, առաջիկա անհրաժեշտ քայլերից մեկը հակամենաշնորհային օրենքի ընդունումն է։ Կապի նախարարությունը «ԱրմենՏելին» արդեն առաջարկել է որոշակի փոփոխություններ մտցնել լիցենզիայի տեքստում՝ «իսկ դա այդ կարգի լիազորության եւ բարդության առաջին փաստաթուղթն էր»։ Նախարարը գտնում է, որ հայկական կողմի պատժամիջոցներ կիրառելու ռեժիմը, որն ամրագրված է «ԱրմենՏելի» հետ կնքված փաստաթղթերում՝ «կարելի է ասել մի քիչ աբսուրդ ձեւով էր ձեւակերպված»։ Հիմա ենթադրվում է, որ «լիցենզիայի մեջ պետք է լինի հետեւյալ արտահայտությունը. եթե ձեռնարկությունը թերանում է իր պարտավորությունները կատարելու մեջ, եթե ձեռնարկությունը չի կատարում իր ներդրումային պարտավորությունները, եթե միտումնավոր չի կատարում կապի նախարարության հրամանները, կարգադրությունները։ Բոլոր այդ դեպքերում կառավարությունն իրավունք ունի միակողմանի զրկել ձեռնարկությանը որոշ իրավունքներից, ընդհուպ մինչեւ մենաշնորհից զրկելը»։ Ըստ նախարարի՝ հայկական կողմի եւ «ԱրմենՏելի» միջեւ եղած տարաձայնությունները դատական կարգով վիճարկելու դեպքում ընտրված է Լոնդոնի արբիտրաժային դատարանը։ Եթե անգլիացիների որոշումը մեր կառավարությանը չգոհացնի, ապա որպես վճռաբեկ եւ վերջնական ատյան հանդես կգա Հայաստանի դատական համակարգը։ Նախարարը նշեց. վերջերս կայացած արտոնագրման հանձնաժողովում քննարկվել է այն հարցը, որ «ԱրմենՏելը» Ինտերնետի հետ կապուղիների արդար սակագին ունենալու վերաբերյալ զգուշացվել է։ «Նախազգուշացումն արվել է այն տեսքով, որ մենք տեսնում ենք որոշակի նշույլներ։ Դրանք կարող ենք մեկնաբանել որպես միտումնավոր չկատարում»։ Փաստորեն արդեն 8 ամիս է, ինչ կարելի էր ավելի ընդունելի սակագներ մշակել։ Ըստ նախարարի, շուտով կհրապարակվի Ինտերնետի հետ կապի նոր սակագին, որը գործողից 3-4 անգամ պակաս կլինի։ Պրն Վարդանյանը վստահեցրեց նաեւ, որ մոտ օրերս OTE-ի խորհուրդը կքննարկի րոպեավճարի համակարգի ներդրումը կասեցնելու հարցը եւ անպայման կհամաձայնվի հետաձգել այն։ Նա բացառեց, որ հունվարին հեռախոս ունեցողները րոպեավճարի կտրոններ կստանան։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել