«Էլեկտրիկ-2» կոոպերատիվ բնակելի շենքերի նախագահից
«Էլեկտրիկ-2» կոոպերատիվ բնակելի շենքերը (Կոմիտաս 24/2, 24/3) կառուցվել է «Հայէլեկտրամոնտաժ» տրեստի կողմից եւ առ այսօր բնակիչների զգալի մասը հանդիսանում են այն աշխատողները, որոնց ձեռքով ժամանակին կառուցվել է էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգը։ Այսօր այդ շենքերի բնակիչների եւ էլեկտրաէներգիա մատակարարող համակարգի միջեւ սպասվում է անկանխատեսելի հետեւանքներով բախում։ Պատճառը էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է, որի կապակցությամբ բնակիչները որոշում են կայացրել ընդհանրապես հրաժարվել մուծելուց եւ համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել մամուլում («Հայոց աշխարհ», «Առավոտ», 23.01.98)։
Կա արդեն արձագանքը ինչպես էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպության կողմից, այնպես էլ հարեւան շենքերի բնակիչների կողմից։ Էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությունը սպառնում է հոսանքի անջատումով, իսկ բնակիչները սպառնում են քանդել իրենց ձեռքով կառուցած ենթակայանները։ Հարեւանությամբ գտնվող շենքերի բնակիչները պատրաստակամություն են հայտնում միանալ մեր բնակիչների ակցիային։ Ու պարզ չէ, թե այս ամենն ինչով կավարտվի։
Խնդրի ցավոտ կողմն այն է, որ մեր այն բնակիչները, որոնք իրենց ամբողջ աշխատանքային գործունեությունը նվիրել են էլեկտրամոնտաժային աշխատանքներին, այսօր ոչ միայն դուրս են մղված այդ համակարգից, այլեւ չունեն ոչ մի աշխատանք եւ պատրաստ են ստրուկի կարգավիճակով ցանկացած աշխատանքի (որպես իրենց աշխատանքի վարձատրություն՝ ազատվեն լույսի, ջրի, հեռախոսի եւ այլ կոմունալ վճարումներից)։ Մեր շենքերի բնակիչները տասնյակ տարիներ համատեղ ապրել են անչափ համերաշխ (բոլորով մասնակից են մեկմեկու ուրախությանն ու տխրությանը)։ Նույնպիսի համերաշխությամբ համաձայնություն են տվել Ձեզ գրանցելու ՀՀ նախագահի թեկնածու եւ այնուհետե քվեարկել ձեր օգտին։ Ինձ եւ մեր բնակիչների համար անհասկանալի է էներգետիկայի «անկախ հանձնաժողովի» գոյությունը, որին իրավունք է տրված անվերապահորեն սակագներ սահմանելու, բայց պատասխանատվություն չի կրում էլեկտրաէներգիայի անտեղի կորուստների համար։
Կարդացեք նաև
Անհասկանալի է, թե ինչու մեր «արհեստավարժ» վայ կառավարությունը գերադասում է էլեկտրաէներգիա գնել ՋԷԿ-ից ավելի թանկ գնով, քան ատոմակայանից՝ ավելի էժան գնով։ 1998 թ. նախագահական ընտրությունների ժամանակ Ձեր օգտին քարոզչություն էի վարում, որն արել եմ հավատալով իմ այն ընկերներին, որոնք Ձեզ լավ գիտեին։ Սակայն այն տպավորությունն է ստեղծվում, որ Դուք ուզում եք Ձեր նախընտրական ծրագրերը կատարել, բայց խանգարում են։ Ուզում եք նախկին հանցագործներին եւ թալանչիներին պատասխանատվության ենթարկել՝ խանգարում է ԱԺ-ն։ Ուզում էիք էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել՝ խանգարում է էներգետիկայի «անկախ հանձնաժողովը» եւ այլն։ Եվ այս ամենը բերել է նրան, որ ես մեր շենքերի բնակիչների կողմից անընդհատ իրավացիորեն նախատինքի եմ արժանանում։ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք, շուրջ չորս տարի, լքած եմ եղել Հայաստանը, չէի ցանկանա, որ նույնը կատարեի Ձեր նախագահության օրոք։
Դ. ԲԱԼԳԱՐՅԱՆ
«Էլեկտրիկ-2» կոոպերատիվի նախագահ, ԵՊՀ դոցենտ