Հարգելի պրն Աբրահամյան. անցյալ շաբաթ Ձեր «Հետգրություն» հերթական հաղորդագրության ժամանակ, որի հյուրն էր նախկին վարչակարգի տխրահռչակ դեմքերից մեկը՝ Վահագն Խաչատրյանը, հնչեց թունոտ, բացահայտ զրպարտչական հարց, իբր Հանրապետության սոցիալական ներդրումների ֆոնդի նախկին տնօրենի փոխարեն այդ աշխատանքին է նշանակվել նախկինում պետական ու հասարակական հայտնի գործիչ Ալեքսան Կիրակոսյանի որդի Աշոտ Կիրակոսյանը՝ տալով 50 հազար դոլար կաշառք։
Պատասխան խոսքում Վահագն Խաչատրյանը պարզապես փառաբանեց իր կուսակցին ու գործընկերոջը՝ նախկին տնօրենին, որ մասնագիտությամբ ֆիզիկոս է եւ իր երջանկությունն էր որոնում մեկ այլ՝ իրեն անծանոթ ոլորտում։ Վ. Խաչատրյանը միաժամանակ հավաստեց, որ չի ճանաչում նոր տնօրենին, ով, ի դեպ, ինժեներ-շինարար է, տնտեսագիտության թեկնածու, ունի մասնագիտական աշխատանքի բազում տարիների փորձ եւ հմտություն։ Ըստ Ձեր հաղորդագրության՝ այդ զանգի հեղինակը ոմն Անուշ Հովակիմյանն է, սակայն տարակուսանք չունենք, որ իրականում այն անանուն է։
Ըստ քաղաքում տարածված լուրերի՝ այդ սադրանքի կազմակերպիչը նույն ինքը՝ Վահագն Խաչատրյանն է։ Զարմանալու բան չկա. դա նրա մոտ ժառանգական հիվանդություն է, որը հայտնի է իր հայրենակիցներին եւ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների։ Ուշագրավ են նաեւ Վահագն Խաչատրյանի՝ սովորական մի տնտեսագետի, սլացիկ անցումներն ու թռիչքները նախկին վարչակարգի օրոք։ Հիշենք, որ նա սկզբից Թելման Տեր-Պետրոսյանի օգնականն էր «Հրազդանմաշ» գործարանում, որոշ ժամանակ անց հայտնվեց Երեւանում՝ որպես «Մարս» գործարանի տնօրենի տեղակալ, ապա միանգամից, ասես մոգական գավազանի զորությամբ, դարձավ Երեւանի քաղաքապետ, իսկ երբ նրա գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել, նա ապաստան գտավ հանրապետության նախկին նախագահի թիմում՝ որպես տնտեսական հարցերի գծով խորհրդական։ Ահա թե ինչու հեռուստաէկրանի վրա Վահագն Խաչատրյանի թիկունքում տեսանելի էին որոշ չարանենգ ստվերներ…
Ակնհայտ է, որ Ալեքսան Կիրակոսյանը, ում ճանաչում եմ 45 տարի համատեղ աշխատանքից, եւ նրա որդին՝ Աշոտ Կիրակոսյանը, ում եւս լավ եմ ճանաչում, թերեւս, պաշտպանությանս կարիքը չունեն. դա կարող են ձեռնարկել նաեւ իրենք՝ ոչ պակաս հաջողությամբ, սակայն, այնուամենայնիվ, խղճիս պարտքն եմ համարում հանդես գալ այդ ազնիվ ու անբասիր մարդկանց պատվի եւ արժանապատվության պաշտպանությամբ, քանզի չարիքը չի՛ կարելի ներել, քանզի, երբ սադրանքն ու զրպարտանքը չեն պատժվում, դա նույնն է, թե արարքը խրախուսվում է։ Ցավոք, այսօր այդ երեւույթը մեր հանրապետությունում սոցիալական արհավիրք է դարձել։
Կարդացեք նաև
Ակամա մտաբերում եմ ժողովրդական իմաստնությունը, թե՝ երբ ճանապարհին, ոտքերիդ առջեւ անծանոթ բան է ընկած, շրջանցի՛ր այն, մի՛ տրորիր՝ գարշահոտություն կտարածվի. բայց այսօրվա մեր համատարած ապականության մեջ գարշահոտությունից վախենալն էլ մի բան չէ։ Պարոն Աբրահամյան, հաշվի առնելով, որ Դուք հաճախ եք ջատագովում բազմակարծությունն ու բացախոսությունը, խնդրում եմ լինել հետեւողական եւ բացահայտել քաղաքական այդ սադրանքի իսկական կազմակերպիչներին՝ պահանջելով նրանցից՝ կոնկրետ ապացույցներ ներկայացնել այդչափ ծանր մեղադրանք հարուցելու համար։ Իմ այս արձագանքը խնդրում եմ տպագրել։
ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իրավագետ, «Գիտելիք» միության «Ապագա» շաբաթաթերթի խմբագիր
Բացահայտում եւ պահանջում ենք։