Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԵՄ ՏՎԵԼ, ԴԻՄՈՒՄ ԵՄ ՏՎԵԼ, ԻՆՉՊԵՍ ԲԱՐԵԿԱՄԸ ԲԱՐԵԿԱՄԻՆ»

Հունվար 29,1999 00:00
Paruyr Hayrikyan

Հայտնի է, որ Պարույր Հայրիկյանը դիմել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ հրաժարվելով նախագահի խորհրդականի պաշտոնից։ Այդ հայտարարությունն անելիս պարոն Հայրիկյանն ասաց, թե ԱԺ ընտրություններին ցանկանում է մասնակցել որպես անկախ քաղաքացի։ Պարույր Հայրիկյանի դիմումից անցել է մի քանի օր, սակայն ՀՀ նախագահը դիմումը դեռեւս չի ստորագրել։

Խորհրդականի պաշտոնից հրաժարվելու մասին

– Ես կարծում եմ, որ այդ հարցին այդպիսի կարեւորություն տալու հարկ չկա, որովհետեւ ես որեւէ աշխատանքից չեմ հրաժարվել, որի մասին հենց սկզբում նշեցի։ Այսինքն, ինչպիսի աշխատանք լինի ես կանեմ, գուցե ավելին անեմ, քան խորհրդականը պիտի անի ի պաշտոնե, բայց հասարակական կարգով։ Մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն իրավունք չունի որեւէ այլ վճարովի աշխատանք կատարել։ Նախագահի խորհրդականի աշխատանքը վճարովի աշխատանք է։

Մի քանի ամիս հետո, ամենաուշը հինգ ամիս հետո Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ եւ այդ ընտրություններից հետո ես միեւնույն է, պետք է վայր դնեի նախագահի խորհրդականի լիազորությունները։ Բայց քանի որ մենք հենց սկզբից Ռոբերտ Քոչարյանի հետ ունեինք պայմանավորվածություն, որ համագործակցելու ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերում, եւ ամենակարեւորը Սահմանադրության բարեփոխումների հարցում։ Այդ ոլորտի աշխատանքներում մեր համագործակցությունն ավելի շատ գալիս էր նրանից, որ մեր մոտեցումները հիմնականում ընդունելի էին Ռոբերտ Քոչարյանի համար (ես խոսում եմ նախընտրական փուլի մասին), ազատ էր թողնված, իմ հայեցողությանն էր թողնված իմ աշխատելու չափը։

Եվ Ռոբերտ Քոչարյանը հենց սկզբից նշում էր, որ ինքը ընդունում է այն մոտեցումը, որ Ինքնորոշում միավորման գործունեությունը չպետք է տուժի որեւէ այլ աշխատանքի պատճառով։ Այսինքն, այստեղ մենք նախագահի հետ որեւէ հակասություն (հասարակությունն ընդհանրապես սենսացիայի սիրահար է, չէ՞), չունենք։ Սա հանգիստ, աշխատանքային դիմում է։ Դիմումը դեռ չի ստորագրվել, եւ քանի դեռ չի ստորագրված, ես իմ պարտականությունները կկատարեմ, բայց ստորագրելուց հետո էլ ես պատրաստ եմ ոչ պակաս գործնականությամբ օգտակար լինել մեր հանրապետության հանրօգուտ բոլոր հարցերում։

– Արդյոք դիմումից առաջ եւ հետո դուք մասնավոր զրույց ունեցե՞լ եք նախագահի հետ։

– Նախագահի հետ մենք զրույց ունեցել ենք ի սկզբանե, երբ այդ նշանակումը կատարվում էր, եւ ի դեպ, ուրախալին ինձ համար այն էր, որ հենց նախագահի նախաձեռնությունն էր, որ ասաց, թե այս նշանակումն անելիս ինքը վախենում է, թե մեր կուսակցական եւ քաղաքական գործունեությունը ինչ-որ չափով կսահմանափակվի։ Ես ասացի, որ կարծում եմ ի վիճակի եմ, քանի որ ԱԻՄ-ում ունեմ զգալի թվով օգնականներ, որոնք իմ բացակայությամբ էլ կարող են աշխատել։ Վերջին շրջանում նույնպես խոսել եմ, ինքը միշտ ասել է՝ «Ինչպես որ դուք կամենաք, երբ որ ձեզ հարմար կլինի»։

– Պարոն Հայրիկյան, դուք այն քաղաքական գործիչն եք, որ շարունակաբար առաջին քայլն եք անում։ Նախագահական ընտրությունների ժամանակ (1998-ին) առաջինը դուք ձեր հավաքած ձայները տվեցիք Քոչարյանին, հիմա էլ նախագահի խորհրդականներից առաջինը դուք եք հրաժարական տալիս։ Ինչո՞ւ է այդպես։

– Գիտեք, նախ ես իմ պարտականություններից չեմ հրաժարվում, ես ուղղակի խնդրել եմ ինձ ազատել պաշտոնից, թողել եմ նախագահի հայեցողությանը։ Ինչպես ինքը հարմար գտնի ես այդպես էլ կվարվեմ, որովհետեւ աշխատանքից չեմ փախնում։ Բայց պաշտոնը նաեւ բեռ է, ես չեմ ուզում, որ ընտրությունների ժամանակ որեւէ մեկը հնարավորություն ունենա ասել, որ Հայրիկյանը որպես խորհրդական եկավ ընտրության։ Ես ուզում եմ գնալ այն բարձր գաղափարներով, որոնց մենք տրված ենք՝ Ինքնորոշման գաղափարը։ Մարդիկ եթե հասկանան, որ իրենց ինքնորոշումը ամենաբարձր արժեքն է, այդ դեպքում ես ձայն կստանամ։ Իսկ եթե ես ձայն պետք է ստանամ որպես վարչապետ, նախագահի խորհրդական, կամ նախարար, այդ ձայները պառլամենտի համար պիտանի ձայներ չեն։

Խորհրդարանական ընտրությունների մասին «Ինքնորոշում միավորումն անպայման կլինի առաջին քառյակում, ես ուզում եմ, որ լինի առաջին եռյակում, բայց կհասցնենք, թե չենք հասցնի, դժվար է ասել, որովհետեւ այնքան հասցնելուն չի վերաբերում, որքան ֆինանսական միջոցներին, որովհետեւ այն ներուժը, որ մենք ունենք մատուցելու նախընտրական արշավի համար, հազիվ թե որեւէ մեկն ունի, մանավանդ անկախ Հայաստանի պայմաններում, բայց այդ ներուժը մատուցելու համար միջոցներ են պետք։ Կազմակերպական կառույցը բավական կայուն արդեն պատրաստ է, ունենք 10 մարզերում 30 գրասենյակներ, գործի մեջ ներգրավված են մոտավորապես 10 հազար հոգի, բավական գործուն՝ 3 հազար հոգի։ Մենք ամենայն լրջությամբ կարող ենք հավակնել մեր տեղերը բազմապատկելուն»։ Հայտնի է, որ բավականին լուրջ գումարներ են հարկավոր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ԻՄ-ը ֆինանսական ինչ հնարավորություններով է մասնակցելու ընտրություններին։ Պարոն Հայրիկյանն այդ մասին ասաց. «Մենք սովորաբար հավաքում ենք քաղաքացիներից։ Անցյալ անգամ դա արդարացվեց, այս անգամ էլ պիտի հիմնականում այդ ձեւով աշխատենք, հաշվի առնելով իհարկե այն, որ քաղաքացիների մի զգալի մասը շատ վատ պայմաններում է ապրում»։

Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Հ. Գ. Պարույր Հայրիկյանի հետ վերոհիշյալ հարցազրույցին մասնակցում էին մի քանի լրագրողներ եւս։ Ստորեւ տպագրվում են միայն «Առավոտի» հարցերը եւ դրանց պատասխանները։ Բացառություն է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններին վերաբերող հատվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031