Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալբերտ Բազեյան. «Գործընթացը ձեռնտու էր ՀՅԴ-ին»

Հունվար 29,1999 00:00
Albert Bazeyan

Հունվարի 28․ քաղաքական օրվա ավարտին մամլո ասուլիս էր հրավիրել Ազգային ժողովի փոխնախագահ, «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Ալբերտ Բազեյանը։ Լրագրողներին բազմաթիվ հարցեր էին հետաքրքրում, մանավանդ քաղաքական վերջին անցուդարձերի վերաբերյալ։ Հենց այդ շրջանակում էլ Ալբերտ Բազեյանն անդրադարձավ Դավոս մեկնելուց առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե վերադարձից հետո լուծումներ կգտնվեն քաղաքական այս իրավիճակին։

«Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան Խաչատրյանի հարցը հնչեց այսպես. «Արդյո՞ք խորհրդարանը կլուծարվի եւ ՍԴ՝ «ԱրմենՏելին» վերաբերող որոշումը կդրվի նոր Ազգային ժողովի առջեւ»։ Ալբերտ Բազեյանը հակված էր ենթադրություններ չանել։ Իսկ երբ, այնուամենայնիվ, հիշեցրին ՀՅԴ ղեկավարների՝ խորհրդարանը լուծարելու անհրաժեշտությունը փաստող վերջին հայտարարությունների մասին, «Երկրապահ» խմբի նախագահն ասաց. «Բնականաբար, այս գործընթացը բոլոր կուսակցություններից ավելի ձեռնտու էր ՀՅԴ-ին։ Տեղի ունեցածից նրանք քաղեցին առավելագույնը»։ ՀՅԴ-ն դեռեւս անցյալ տարվանից է պնդում, որ խորհրդարանը հանցագործների հավաքակազմ է եւ այն պետք է ցրել։ Վերջին առիթն էր Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ալբերտ Բազեյանն ասաց, որ «Երկրապահը» խորհրդարանի լուծարման հարցում չունի որեւէ խնդիր։ ՈՒ թեպետ ՀՅԴ-ն էլ ԱԺ-ում չունի պատգամավորական խումբ՝ «բայց չեմ կարծում, որ առաջին հերթին լուծարումից ՀՅԴ-ն կօգտվի»։

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի գործին, ապա այս պարագայում «Երկրապահի» դիրքորոշումը հետեւյալն է՝ ԱԺ-ն դատական մարմին չէ, եւ եթե կան կասկածներ, դրանք պետք է հաստատվեն կամ հերքվեն դատարանում։ Իհարկե, խնդիրը գերքաղաքականացնելու եւ որպես քաղաքական հաշվարկ ներկայացնելու փորձ արվեց։ Այս մոտեցմանը Ալբերտ Բազեյանը համաձայն չէր. «ՀՀՇ-ն չունի այն վարկանիշը, որն ունեն մի շարք քաղաքական ուժեր, եւ Վանո Սիրադեղյանը չէ այն քաղաքական լուրջ հակառակորդը, որին իշխանությունները փորձեն վարկաբեկել կամ հեռացնել ասպարեզից»։

«Երկրապահը» դա համարում է իրավական հարց. «Հարցը քաղաքական չէր եւ խումբը երբեք չէր ընդունի քաղաքական որոշում»։ Ալբերտ Բազեյանը նկատեց նաեւ, որ գլխավոր դատախազը հարցուպատասխանի ժամանակ որոշակիորեն շփոթված էր ու կաշկանդված, ինչը տարակուսանք առաջացրեց պատգամավորների մի մասի շրջանում։ Բացի այդ, կասկած արտահայտվեց, թե արդյո՞ք դատախազը շահագրգռված էր, որ Վանո Սիրադեղյանը կալանավորվի եւ դատական հարց հարուցվի։ Ալբերտ Բազեյանը խոսելով Պարույր Հայրիկյանի առաջարկի մասին, այսինքն՝ մասնակիորեն համաձայնություն տալ դատախազի միջնորդությանը, ասաց, որ սպանության դրդապատճառներն անորոշ ներկայացնելը չհամոզեց պատգամավորներին։

Ակնկալելի է, որ մինչեւ Աղվան Հովսեփյանի մյուս մուտքը խորհրդարան, բարոյահոգեբանական փոփոխություններ լինեն պատգամավորների շրջանում։ Խոսվեց նաեւ Վազգեն Սարգսյանի՝ այսօր սկսվող համագումարում «Հանրապետական» կուսակցության նախագահ ընտրվելու հնարավորության մասին։ Արձագանքն այսպիսին էր՝ մի բան է լինել գաղափարական առաջնորդ եւ գաղափարակիր, այլ բան՝ կուսակցության ղեկավար։ «Մենք չենք պատրաստվում Վազգեն Սարգսյանին առաջադրել կուսակցության ղեկավար։ Պաշտպանության նախարարը չի կարող լինել կուսակցության փաստացի ղեկավար։ Սակայն, որ նա մեր շարժման գաղափարակիրն է՝ դա փաստ է»։ Վազգեն Սարգսյանի հետ համագործակցությունը նույնպես փաստ է, եւ «Հանրապետականը» պետք է սատարի բանակին։ Ալբերտ Բազեյանն ասաց նաեւ, որ «Երկրապահը», կարծես, շանթարգել է դարձել խորհրդարանում։ Նրա վրա են ուղղվում բոլոր հարվածները, թեպետ դրա արդյունքում սուր հարցերը բավականին մեղմվում են եւ կառավարությանն ու պետական մարմիններին աշխատելու հնարավորություն է տրվում։

Դ. ՌՈՍՏՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031