Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՌՆՈ՞ՒՄ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Հունվար 29,1999 00:00
levon

Շուրջ մեկ տարի է անցել իշխանափոխությունից։ Հրաժարականի իր խոսքն ասելուց հետո նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ առնվազն երեք ամիս լռել, սակայն այնպես ստացվեց, որ նա գերազանցեց իր համար սահմանած սեփական չափանիշները։ Արդյո՞ք դա կդառնա առիթ, պատրվակ, պատեհ հնարավորություն, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից վերադառնա ակտիվ քաղաքականություն։

Ի պատասխան այս հարցի Կարապետ Ռուբինյանը սոսկ մեկ նախադասություն արտաբերեց. «Այդ հայտարարությունն ապացուցում է, որ մոտակա ժամանակներս Տեր-Պետրոսյանը չի վերադառնալու քաղաքականություն»։ Այս պրակտիկ դատողությանը «Շամիրամ» կուսակցության անդամ Ջուլիետ Կաժոյանը հավելեց միայն էմոցիոնալ երանգ, ասելով, թե Վանո Սիրադեղյանի ձերբակալման հարցով վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցածն «այնքան արտառոց էր, որ մարդկայնորեն ինքն էլ չէր կարող լռել»։ Կարապետ Ռուբինյանի տեսակետին ավելի մոտ էր կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Հակոբյանի կարծիքը։ Նրա դիրքորոշումն առավել քան կտրական էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի վերադառնա քաղաքականություն, որովհետեւ «այդ կազմակերպությունն ապագա չունի, եթե Վահագն Խաչատրյանին էլ հանենք, էլ տակը բան չի մնա»։

ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Արամ Մկրտչյանի տեսակետը հետեւյալն էր. «Ընդհանրապես նախկին նախագահները քաղաքականությունից դուրս չեն գալիս, պարզապես ակտիվությունն է նվազում, եթե ապրում են իրենց երկրում, կամ վտարված չեն երկրից»։ Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել է նորից ակտիվ քաղաքականություն վերադառնալ. «ապա երեւի իր համար ամենահարմար պահը չէր»։

Մեր հաջորդ զրուցակիցը լիովին կիսում էր այս տեսակետը։ Խոսքը դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանի մասին է։ Նրա կարծիքով, իրոք, կարելի է ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալ. «բայց, կարծում եմ, որ հարմար պահ ու ճիշտ առիթ չի ընտրել», որովհետեւ, իր հայտարարության մեջ արած շեշտադրումներով Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Եթե կարճ ձեւակերպեմ՝ դրանցով դաժան պայքար է հայտարարում իր կենսագրությանը։ Եվ եթե խոսք է բացվում պետության հեղինակության մասին», ապա, Ռուբեն Հակոբյանի խոսքերով, պետք է հիշել Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին տեղի ունեցած իրադարձությունները եւս. «Կատարվեցին դեպքեր, որոնք վարկաբեկեցին մեր պետությունը»։ Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց նաեւ 96-ի նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերը. «Երբ պատգամավորներին խոշտանգելով էին բերում ԱԺ, որպեսզի նրանց զրկեն անձեռնմխելիության իրավունքից»։ Այնպես որ, ինչպես Ռուբեն Հակոբյանն է կարծում, իրողությունները համեմատելի չեն. «Եվ եթե իսկապես Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կենսագրությանը, իր բնույթին, իր տեսակետին կռիվ է հայտարարել, ես էլ, կարծում եմ շատերն էլ, կմիանան այդ պայքարին»։ Մեր զրուցակցի կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանին խոսելու հիմք տված երկրորդ իրողությունը կարող է եւ ինքնապաշտպանական բնույթ ունենալ։ Հենց այս հիմքով էլ դաշնակցական գործիչը տվեց իր եզրակացությունը. «Չեմ կարծում, որ նա կվերադառնա ակտիվ քաղաքականություն»։

Վերեւում ասվածին մոտ դատողություններով հանդես եկավ նաեւ «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը. «Ես չգիտեմ, դա քաղաքականություն վերադառնալու առիթ է, թե պաշտպանության ձեւ։ Հնարավոր է՝ երկուսը միասին»։ Դրա կողքին էլ ասվեց, թե չնայած «իմ բազմաթիվ հորդորներին ու խորհուրդներին՝ ընդունել նորմալ ընտրական օրենսգիրք, նա, ըստ էության, պաշտպանեց նույնքան վատ ընտրական օրենսգրքի ընդունումը, որպիսին հիմա է բերվել խորհրդարան։ Գնալուց առաջ գոնե, նա պարտավոր էր ապահովել նորմալ ընտրություններ իրենից հետո»։ Մատնանշեց մեկ հանգամանք եւս. Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էր, որ Ղարաբաղի իշխանությունը տեղափոխվեց Հայաստան. «Ինչն անպայմանորեն պետք է պրոբլեմներ առաջացներ հայաստանցի-ղարաբաղցի հարաբերություններում, միգրացիայի տեղ բացեր Ղարաբաղից Հայաստան։ Դա, ըստ էության, հարված էր եւ ազգային միասնությանը եւ Ղարաբաղի հարցին։ Պետք է ապացուցվի, որ այսպիսի սխալներ անելու ունակությունը հաղթահարվել է՝ քաղաքական ասպարեզ վերադառնալուց առաջ»։

Մինչդեռ այդպես չի կարծում Լեւոն Տեր-Պետրոսյանի ավելի ուշ շրջանի գործընկեր Վիգեն Խաչատրյանը։ Նա, իհարկե, դժվարացավ հստակորեն ասել՝ վերադարձ դեպի ակտիվ քաղաքականություն կլինի, թե՝ ոչ, սակայն. «ենթադրում եմ, որ հանրապետության առաջին նախագահը լուրջ վտանգներ է տեսնում, եթե այսքան լռությունից հետո խոսք է ասում»։ Վիգեն Խաչատրյանը չի կիսում նրանց կարծիքը, ովքեր մեր բոլոր դժբախտությունների պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանին են համարում. «Կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր լրջագույն քաղաքական դեմքերից է եւ իբրեւ քաղաքական այր, այլեւս չպիտի լռի», նկատի առնելով իր փորձն ու գիտելիքները, ինչպես նաեւ անցյալում տեղ գտած սխալները։

Բա «Երկրապա՞հը»։ Այո, իրոք, ի՞նչ կարծիք ունի «Երկրապահը»՝ կվերադառնա՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ քաղաքականություն։ Մեր զրուցակիցը «Երկրապահի» փոխնախագահ Արամազդ Զաքարյանն էր, որն ասաց, թե առաջին նախագահի խոսքում՝ հնչած երկարատեւ լռությունից հետո, լրջորեն խորհելու առիթ տվող ահագին բան կա՝ «բայց քաղաքականություն վերադառնալու առումով, կարծում եմ, Տեր-Պետրոսյանն իր ժամանակը սպառել է եւ դերը կատարել։ Լավ, թե վատ, դա կարժանանա ժողովրդի ու պատմության դատին։ Եթե սակրավորը մեկ անգամ սխալվելու իրավունք ունի, նույնը ես պատկերացնում եմ նաեւ քաղաքական գործչի համար»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031