Շուտով, շատ շուտով կիրականանա մեր համազգային երազանքը։ Բոլոր սուրճի բաժակ նայողները, որպես առաջին աչքալուսանք, նույն բանն են ասում՝ մեր առաջ մեծ ճանապարհ կա։ Մեծ ճանապարհը դեպի համաշխարհային ինֆորմացիա, անցնում է Ինտերնետով։ Ինտերնետ հասնելու կամ մտնելու մենաշնորհը բոլորիս հայտնի է՝ վաճառել (կամ նվիրել) ենք «ԱրմենՏելին»։
Խիստ հավաստի լուրերի համաձայն, փետրվարին վերանայվելու է Ինտերնետի կապուղիների սակագինը։ (Այն գործող գներից պակաս է լինելու 3-4 անգամ): Այսինքն, որպես վճար (կամ վճարում) ուղիղ 3-4 անգամ պակաս է ցնծալու բյուրվիշապ Հայաստան աշխարհը։ Ու դեռ ծովից-ծով չդառած՝ ելք ենք ունենալու ինֆորմացիայի համաշխարհային օվկիանոս. էժան ու որակով։ Էժանությունը մեր կառավարությունն է խոստանում, որակը՝ «ԱրմենՏելը»։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Լրաբերի» լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ «Հայլուրն» այս օրերին հաջողությամբ միակողմանի քարոզչություն է վարում՝ մեկնաբանությունների համար դիմելով միայն ու միայն «դատապարտողներին»։ Եվ դարձյալ «Լրաբերի» փորձը կրկնելով՝ «Հայլուրի» ջանասիրությունը «արջի ծառայություն» դարձավ նախագահի համար։
Կարդացեք նաև
Այսպես, Դավոս մեկնելուց առաջ Ռոբերտ Քոչարյանից «Հայլուրի» թղթակցուհին հետաքրքրվեց, թե ներքաղաքական այս լարված իրավիճակում արդյոք ճի՞շտ է Հայաստանից հեռանալը. «Նախ, չեմ կարծում, որ բացակայությունս որեւէ ազդեցություն կունենա այս իրադարձությունների ընթացքի վրա,- պատասխանեց պրն Քոչարյանը։- Կվերադառնամ եւ, իհարկե, նաեւ որոշ լուծումներ կառաջարկեմ»։ «Ունե՞ք պատրաստի լուծումներ»,- հարցրեց թղթակցուհին. «Պատրաստի լուծումներ միշտ լինում են։ Ուղղակի լինում են տարբերակներ եւ մի տարբերակ, իհարկե, կառաջարկվի»։
Հայ հասարակայնությունն այսպես «Հայլուրի» շնորհիվ տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին չի միջամտում դատական գործընթացներին եւ Վանո Սիրադեղյանին կալանավորելու նախաձեռնությունն ամենեւին էլ քաղաքական պատվերի հետեւանք չէր։