Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՐՈՂ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԴԻՈՅՈՎ

Հունվար 29,1999 00:00
Silva Kaputikyan

Խորապես վրդովված եմ «Առավոտ» օրաթերթի հունվարի 27-ի համարում հրապարակված Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանի եւ «միության համարյա բոլոր անդամների» բաց նամակով՝ ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի։ Ես անհրաժեշտ չեմ համարում այս համառոտ հայտարարության մեջ անդրադառնալ Սիրադեղյանի անձին, քանի որ այս է, 10 տարի գրում եմ նրա դեմ եւ հիմա ավելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ ԱԺ-ում ունեցած նրա վերջին ելույթը նողկալի մի փորձ էր իրար դեմ հանելու մեր ժողովրդի երկու՝ հայաստանյան եւ ղարաբաղյան հատվածներին։ Սա ազգադավ մի արարք էր, որը սպասելի չէր նույնիսկ Վանո Սիրադեղյանից։

Անկման ի՜նչ աստիճանի պիտի հասնի մի որեւէ հայ, այն էլ գրող, որպեսզի այսքան բարձրագոչ հովանի դառնա այսպիսի մի անձնավորության, եւ սա այն դեպքում, երբ ԳՄ-ն, որը խորհրդային տարիներին արդարության ու ճշմարտության մարտական պաշտպանն էր, այս վերջին տարիներին աններելի լռություն է պահպանել ի տես մեր ժողովրդի գլխին պայթող անհամար ճնշումների եւ աղետների, ի տես 100-ամյա կուսակցության դեմ վարվող պետական տեռորի, ի տես հարազատ ժողովրդի հայրենասիրության ոգեթափման եւ համատարած թշվառության եւ որպես արդյունք այս ամենի՝ մեր նոր ազգային ողբերգության՝ 1 միլիոնի հասնող արտագաղթի։ Ուստի, ես հոգու մեծագույն ցավով հայտարարում եմ, որ այսօրվանից հրաժարվում եմ ՀԳՄ անդամությունից եւ կվերադառնամ այնտեղ միայն այն ժամանակ, երբ այս միությունը կունենա թեկուզ պակաս տաղանդավոր, սակայն արդարամիտ, ժողովրդանվեր, գրողի բարձր կոչմանն արժանի ղեկավար։

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հոգու մեծագույն ցավով նշում ենք, որ Ստալինը մահացել է 46 տարի առաջ։ Հակառակ դեպքում այդ տեքստի համար տիկին Կապուտիկյանն իր կյանքում երկրորդ անգամ անպայման կարժանանար ստալինյան մրցանակի դափնեկրի կոչմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031