Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասուլիսում հայտարարել էր, թե ժամանակին որոշված է եղել, որ արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՍԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է պաշտպանեին Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ «Առավոտը» ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին խնդրեց պարզաբանել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է այդ հայտարարությունը։ «Հայաստանում ՀՅԴ քաղաքականությունն ընդհանրապես Գերագույն մարմինն է մշակում ու իրականացնում։ Եվ օրվա ԳՄ-ն այդպիսի բանակցություններ չի վարել, նման որոշում չի կայացրել»։
Ո՞Վ Է ՍՊԱՆՎԱԾԸ
Գլխավոր դատախազը Վանո Սիրադեղյանին կալանավորելու միջնորդությամբ հանդես գալով խորհրդարանում ասաց, որ սպանվածներից մեկը Արթուր Հովհաննիսյանն է։ Ըստ չճշտված լուրերի, նրա նկատմամբ եւս քրեական գործ է հարուցված եղել եւ նա գտնվել է հանրապետական հետախուզման մեջ։
ԴԵՊԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ
Կարդացեք նաև
Հայաստանի սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն «Առավոտին» հայտնեց, որ իրենց կուսակցության համագումարը նախատեսված է փետրվարի երկրորդ կեսին։ ՀՍԿ-ն ունի շուրջ 500 անդամ եւ դա ոչ թե թղթի վրա, այլ անդամատոմսերով։
ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԴՈՒԲԱՅՈՒՄ
Հավաստի աղբյուրները «Առավոտին» տեղեկացրին, որ հայկական կողմը խնդրանքով դիմել է Արաբական Էմիրություններին՝ արգելել հայ կանանց մուտքն այդ երկիր։ Բանն այն է, որ վերջին շրջանում հայ կանայք Արաբական Էմիրություններում՝ հատկապես Դուբայում մեծ հաջողությամբ զբաղվում են մարմնավաճառությամբ։ Այդ է պատճառը, որ վերը նշված երկրների համար Հայաստանի տուրիստական ֆիրմաները հայ կանանց տուրիստական ուղեգրեր չեն վաճառում։ Բացառություն է արվում միայն այն դեպքում, երբ կինը մեկնում է ամուսնու հետ։