ԹՈՂ ՈՐ ՓՂԻ ՆՄԱՆ՝ ՅՈԹ ՏԱՐՈՒՄ, ԲԱՅՑ ԾՆՈՒՆԴԸ ԱՌՈՂՋ ԼԻՆԻ Ժողովրդի կյանքը, որպես կանոն, ավանդական է։ Այդպես հարմար է։ Ահա թե ինչո՛ւ փոփոխությունները, որոնք ուղղված են մարդկանց մեջ ինչ-որ բան փոխելուն, կա՛մ վտանգավոր են, կա՛մ ուտոպիական ու դատապարտված անհաջողության։ Դպրոցը՝ որպես հանրույթ, ապրում է ավանդական (անփոփոխ), բայց եւ պիտի փոխի իր տեխնոլոգիաները։ Ի հակադրություն տեխնիկական աշխարհի, կրթական տեխնոլոգիաները կապված են մարդու հետ ու պահանջում են ուսուցչի, սովորողի ու ծնողի անձնական որակների փոփոխություն։ Սա անհնար է առանց դպրոցին հասարակական-պետական մշտական ու կազմակերպված աջակցության։ Ե՛վ ֆինանսական միջոցներ են պետք, եւ՛ ահռելի ուշադրություն։ Ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը։ Պետական դպրոցի ուսուցչի առավելագույնը 15 դոլար դրույքաչափով եւ մեկ աշակերտի պահման համար տարեկան առավելագույնը 1000 դրամ պետական միջոց ծախսող հանրակրթություն ունենք։ Սրանք են «պետական քաղաքականության սկզբունքներն ու կրթության համակարգի գործառության կազմակերպական, իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը»։ Սրա համար նախարարություն ու մարզպետարան պետք չեն, կրթության այսօրվա ֆինանսավորումը սոցիալական նպաստ է կամ պետական բարեգործություն: Եթե այդպես է, այդ միջոցների բաշխումով թող զբաղվեն սոցիալական ծառայությունները կամ, որպես շնորհ (գրանտ), թող դրանով զբաղվի որեւէ հիմնադրամ։ Ատոմացած-անհատականացած հասարակությունը ոչ մի կերպ անհուսության ու գլխապահության փակուղուց դուրս գալ չի կարողանում, ծակ գրպանով սիրտ, ու ժամանակ չունի դպրոցով զբաղվելու։ Իսկ կառավարությո՞ւնը… Կառավարության, կրթության եւ գիտության նախարարության ընդունակությունն ու անելիքը կրթության օրենքի պաշտոնապես հրապարակված նախագծի եւ 1999 թվականի հաստատված պետական բյուջեի ու նրա կրթական հատվածի մեջ է, ու մխիթարական, հուսադրող ոչինչ չի պարունակում։ Առանց տնտեսության կենդանացման, ստեղծագործ ժողովրդի ինքնավստահության վերականգնման ու հասարակական նիհիլիզմը (հոռետեսությունը) հաղթահարելու ոչինչ չի ստացվի։ Ահա թե ինչու վերջին 1-2 տարում մաքուր կրթական թեմայով խոսք չեմ ասել, որպես տնօրեն զբաղված եմ եղել իմ կրթահամալիրի առօրյա խնդիրներով, բազում, բայց զզվեցնելու չափ ծանոթ կարիքներով։ Ես քարոզիչ կամ իդեոլոգ չեմ, ու որպես ձեզանից մեկը, մի քանի նկատառումներ շարադրեմ օգտակար լինելու պարտականությամբ։ Դպրոցով անհանգիստ, դպրոցի այսօրվա պատվիրատուների (իշխանություն, դպրոց, ծնող, բարեգործ, գործարար) համեստ միջոցների գումարում է պետք, ջանքերի համախմբում: Ինչպե՞ս անհանգստությունը դպրոցով դարձնել պատասխանատու կողմերի (իշխանություն, հասարակություն, դպրոց) խելամիտ համագործակցություն, ինչպե՞ս խոսքը զգայական, մեղադրական-ցանկասիրական-ինքնարդարացման մակարդակից տեղափոխել գիտակից, ակտիվ ու պատասխանատու հարթություն։ Մեզ դա հաջողվեց 1995-ին։ Այդ շրջանն այսօր ավելի շատ ու ավելի լուրջ վերաբերմունքի, իմաստավորման կարիք ունի, եթե կրթությունը իրոք դիտում ենք ընդհանուրի պարտադրված համագործակցության դաշտ։ Պիտի հաղթահարենք դեռ խորհրդային շրջանից դպրոցում արմատացած ձեւականությունը, ինքնախաբկանքը, տոկոսամոլությունը, ուսուցման արդյունքների ակամա կեղծման ավանդույթը: Գոնե երկու հանրակրթական ծրագիր է պետք, ընդհանուրի կրթության (քաղաքացու դաստիարակման) եւ լրացուցիչ կրթության (նախաբուհական, նախամասնագիտական պատրաստություն), գոնե երկու տիպի դասագիրք, հանրակրթության երկու կազմակերպում: Բլեյանական դասագրքերն ու ծրագրերը ընդհանուր կրթության, նոր քաղաքացու դաստիարակման միջոցներ են: Ինչո՞ւ չօգտվել այդքան դժվարությամբ ու տարիների ջանքերով ստեղծվածից: Ռեպետիտորական կամ նախաբուհական դպրոցը երեկ էլ, այսօր էլ կա շնորհիվ ծնողի, եւ դրա դեմ կռիվը դատապարտված է։ Ընդհանուր կրթության ու ընդհանուր դպրոցի, քաղաքացիական հասարակության լիարժեք անդամի պատրաստության խնդիրն է նախ եւ առաջ պետության հոգսը: Դպրոց՝ երեխայի համար, դպրոց՝ երեխային հարմար ու երեխավայել դպրոց։ Ի՞նչ անել այն երեխաների հետ, ովքեր այսօրվա առարկայական ծրագրերը չեն յուրացնում, ինչպե՞ս անել, որ այսօրվա հանրակրթական դպրոցը օգտակար լինի բոլորի համար: Ինչպե՞ս ապահովել կրթության ընտրության իրավունքի իրականությունը։ Կրթության մասին օրենքի առաջարկվող նախագիծը այս հարցադրումը շրջանցում է: Թվում է՝ սա օրենք է կրթության մասին, որ չասեն՝ չունենք։ Մեզ օրենք-ուղեցույց է պետք, օրենք-խթան, օրենք-կարգավորիչ, օրենք-պաշտպան: 1995-96 թ.թ. մեզ հաջողվեց ստեղծել դպրոցի, հանրակրթության ու դաստիարակության համար նոր նորմատիվ դաշտ՝ կառավարությունն ու նախարարությունն ընդունեցին երեք տասնյակի չափ որոշումներ, կանոնակարգեր, դրույթներ։ Ափսոս, որ հետո շատ անփույթ գտնվեցին իմ հետնորդները դրա նկատմամբ, ու նորից թելադրողը եղավ նորին մեծություն կամայականությունը։ Ինչո՞ւ։ Կրթության օրենքի առաջարկվող նախագիծը եղած կրթական իրողությունների սոսկ արձանագրությունն է՝ իր բոլոր հակասություններով, անորոշություններով, արատներով ու անմարսելի կողմերով։ Ընդամենը: Այսպիսի տեսքով օրենքը դպրոցի տնօրենին, ուսուցչին, դպրոցով հետաքրքրվող քաղաքացուն դառը հիասթափություն է պարգեւում։ Այս օրենքով անհատը գործել չի կարող, սա ոչ թե գործչի պաշտպանության ու նրա գործունեության խթանմանն է ուղղված, այլ պասիվի, անշարժի ու երկդիմության ամրագրմանը։ Չի կարելի։ Դպրոցի ու հանրակրթության, մանկապարտեզի ու դաստիարակության, բուհի ու մասնագիտական կրթության մասին հատվածները թող որ մի օրենքի մեջ, բայց պիտի ինքնուրույն գրվեն, սրանցում առանձնահատուկը (թե՛ սովորողի բնույթը, թե՛ խնդիրները, թե՛ գործունեության իրավական-տնտեսական կազմակերպումը, թե՛ կառավարումը) շատ ավելին է, քան կապողը։ Անպայման օրենք-ուղեցույց է պետք, որ անհատը կամ նրանց խումբը, որ որոշել է, ասենք, մանկապարտեզ բացել, վերցնի օրենքը ու առաջնորդվի, գործի դրանով։ Օրենքը պիտի ունենա կրթության էկոնոմիկայի ամբողջական ու առանց երկիմաստությունների ու հակասությունների շարադրանքը։ Ուսուցչի նվազագույն աշխատավարձը չի կարող պակաս լինել, քան ամսական 100 դոլարը. որքա՞ն է այդ եկամուտի մեջ պետական բյուջեի մասնաբաժինը, որքա՞ն՝ ծնողական վճարը։ Որքա՞ն պիտի ծախսվի մեկ երեխայի պահման վրա ուսումնական տարվա ընթացքում, որպեսզի ունենանք երեխավայել դպրոց։ Ինչպե՞ս է կրթությունը դառնում ներդրումների համար գրավիչ ոլորտ։ Կրթության մասին նոր օրենքը պիտի համարձակ ու շիտակ, այսօրվա հասարակական-տնտեսական-իրավական իրողություններում լուծումներ ամրագրի: Օրենքը պիտի խթանի-պարտադրի ուսուցչի, տնօրենի գործելու ազատությունը։ Փողը պակաս է, այո, բայց ոսկե անձրեւներ չեն լինում, փողը ստեղծվում է որոշակի գործունեության արդյունքում։ Նոր օրենքը պիտի հանի կրթական գործունեությունը կաշկանդող բոլոր արգելքները։ Վախը մեթոդաբար պիտի հաղթահարվի: Այսօր վախն ուժեղ է, քան անհատի, դպրոցի նախաձեռնությունը: Իսկ պատիժն ու գործունեությունը հակոտնյա են, իրարամերժ։ Հակառակ դեպքում կշարունակվի պինգ-պոնգ հիշեցնող այս խաղը։ Կրթության մասին օրենքը նորից պիտի շարադրվի։ Հայաստանում կրթությունը մեկ պատվիրատու կարող է ունենալ։ Դա Առաջադիմությունն է, քաղաքակրթությունը, ուզում եք՝ դրան անվանեք Եվրոուղի, 21-րդ դար, Նոր ուղի։ Այդ պատվիրատուն Ապագան է, այն պատկերացումը, որ մենք՝ մեծերս ունենք վաղվա մասին, այն վաղվա, որում կուզեինք՝ ապրեին ու գործեին մեր երեխաները։ Հակառակ դեպքում, խնայեք անգամ այն լումաները, որ ծախսում եք այսօր դպրոցի վրա՝ զարգացող հասարակության սպասարկու կրթություն չեք ունենա: Կշարունակեն հեռանալ իրենց երկրից հասուններն ու կարողները, իսկ մնացողներն ապրելու են անիծելով։ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ