Սա բնավ էլ հռետորական հարց չէ։ Իսկապես, ո՞րն է այսօր առաջնայինը աղետյալներիս համար։ Պարոն վարչապետը զարմանում է, որ պետական ակտով շահագործման հանձնված բնակարանները դատարկ են մնում եւ դրանց տերերը չեն հրաժարվում վաղուց «ժամկետանց» դարձած տնակներից։ Հավանաբար նա, մյուս պաշտոնյաները եւս, չեն պատկերացնում, որ այդ մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ ամենաչնչին ծախսերը կատարել նորակառույց կամ ամրացված բնակարանները կարգի բերելու եւ բնակեցման համար պիտանի դարձնելու համար։ Եւ այսօր էլ դեռ արդիական է 10 տարվա վաղեմություն ունեցող գյումրեցիների հետեւյալ դիպուկ խոսքը. «Աղետը մերն է, գոտին՝ երեւանցիներինը»։
Այո, այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում աղետի գոտում, հատկապես շինարարության ոլորտում՝ սփյուռքահայ բարերարների, տարբեր հիմնադրամների եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Սակայն այդ բոլորի գրասենյակները հիմնադրվում են Երեւանում, այնտեղից են նշանակվում կադրերը եւ ինքնաբերաբար «ֆինանսները երգում են ռոմանսներ»… Շիրակի մարզում շինարարության ինձ նման լիցենզավորված տեխհսկիչների թիվը հասնում է մոտ երկու տասնյակի, սակայն ներկայումս մեզնից աշխատում են 2-3-ը, այն էլ ամենաչնչին աշխատավարձով։ Ընդ որում, աշխատապայմանները մեզ համար ստորացուցիչ եւ վիրավորական են, մանավանդ, երբ համեմատում ես արտասահմանից կամ թեկուզ Երեւանից եկած մասնագետների հետ։ Ասածս որպեսզի անհասցե եւ դատարկ չհնչի, նշեմ մի քանի հասցեներ։
Մասնավորապես սոցիալական ներդրումների հիմնադրամը մինչեւ 1998 թվականի սկզբները մարզի իր յուրաքանչյուր շինարարական օբյեկտի համար մեկական տեխհսկիչ էր պահում՝ վճարելով նորմալ աշխատավարձ։ Սակայն անցած տարվանից, լիցենզավորումը պարտադիր դարձնելուց հետո, շինօբյեկտների տեխհսկողությունը իրականացնում են Երեւանից գործուղված մասնագետները։ Այսինքն՝ գյումրեցի շինարարը բետոնացման կամ այլ «թաքնված» աշխատանք չպիտի կատարի մինչեւ Երեւանից չժամանի նորին մեծություն տեխհսկիչը եւ չթույլատրի շարունակել աշխատանքները։ Հասկանալի է, որ տուժում են ինչպես ֆինանսները, այնպես էլ գործը, քանզի առանց այդ պաշտոնը զբաղեցնող մարդուն արգելվում է տեխնոլոգիական պրոցեսներ իրականացնել։ Իսկ տեղացի մասնագետները, ունենալով համապատասխան լիցենզավորում, գրանցում պետռեգիստրում, անհատական հաշիվ բանկում, ստիպված են շուկայում վերավաճառքով զբաղվել ընտանիքի գոյությունը պահպանելու համար։
Ներկայումս «Կարմիր խաչ» կազմակերպությունը Գյումրիում իրականացնում է 8 օբյեկտի շինարարություն եւ ոչ մեկում ընդգրկված չեն տեղացի տեխհսկիչներ… Եվ սրանք եզակի օրինակներ չեն։ Երբ մեր սիրելի մաեստրո Լորիս Ճգնավորյանը 1992 թվականին պայմանագիր կնքեց «Հայուրալսիբշինի» նախագահ Լ. Պոլոնսկու հետ կառույցի շինաշխատանքներն իրականացնելու համար, վերջինս զգալով մաեստրոյի անտեղյակությունը շինարարական բիզնեսից, որոշեց այդ գործարքից քաղել առավելագույն օգուտը, ինչը նրան հեշտությամբ հաջողվեց։
Կարդացեք նաև
Խոստանալով շինարարությունն ավարտել մեկ տարում, Լ. Պոլոնսկին կարողացավ համոզել-համաձայնեցնել պարոն Ճգնավորյանին եւ իր վրա վերցնել նաեւ պատվիրատուի պարտականությունները։ Արդյունքում ես աշխատանքից մեկուսացվեցի, իսկ Լ. Պոլոնսկին մաեստրոյի տնօրինության տակ եղած գումարի մնացորդի, այնուհետեւ՝ հիմնադրամի ֆինանսների հետ վարվեց իր քմահաճույքով։ Նախ, չգիտես ինչու, անընդունելի համարվեց «Արդշիննախագիծ» ինստիտուտի կողմից արդեն իսկ պատրաստված նախագիծը։ Փոխարենը՝ ֆինանսավորվեց Մոսկվայից հրավիրված նախագծողների խումբը Ա. Ս. Լուրյեի ղեկավարությամբ։ Սակայն վերջնականապես ընդունվեց «Երեւաննախագիծ» ինստիտուտի նախագծողներ Գ. Հայրապետյանի եւ Յու. Դալլաքյանի առաջարկած տարբերակը։
Իհարկե, գործեց «մեծն փոխհամաձայնությունը» եւ նախագծի համահեղինակ ձեւակերպվեց «Ուրալսիբշինի» փոխնախագահ Պարույր Գրիգորյանցը։ Ամենատարօրինակն այն էր, որ այդ նույն մարդու վրա դրվեց նաեւ պատվիրատու-տեխհսկիչի պարտականությունը։ Շինարարության ընթացքում օբյեկտ էին այցելում բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում նաեւ պետնախարար պարոն Չիֆթալարյանը, եւ զարմանում էին, թե ինչպե՞ս կարող է «Ուրալսիբշինը» հանդես գալ եւ որպես պատվիրատու։ Զարմանում էին ու լռում, չէ՞ որ լռությունը ոսկի է… 1994 թվականից, շինարարությունը կիսավարտ վիճակում պայմանագիրը «Ուրալսիբշինի» հետ խզված էր։ Յուրացումների համար քրեական գործեր էին հարուցված «ուռկանն ընկած մի քանի մանր ձկնիկների» հանդեպ։
Նորից սկսվեց փնտրտուքը գտնելու այն «սուպեր» շինարարին, որը վերջապես պետք է կառուցեր ու ավարտին հասցներ Գյումրու արվեստների ինստիտուտի շենքը։ Եվ գտնվեց այդ շինկազմակերպությունը։ Բոլոր մրցակիցներին «հաղթելով», 1994 թվականի ամռան վերջին աշխատանքների շարունակությանը ձեռնամուխ եղավ վանաձորյան մի կազմակերպություն։ Շինարարը էլեկտրական հոսանք ունենալու համար պետք է կառուցեր ու մոնտաժեր տրանսֆորմատորային ենթակայան՝ իր կաբելային գծով, ինչը… մեկ անգամ արդեն ֆինանսավորվել էր ու պետք է պատրաստ լիներ դեռեւս 1-2 տարի առաջ։ Վանաձորցի շինարարներն այդ գործը «պատվով ավարտին հասցրին» եւ 1995-96 թթ. «ավելի մեծ պատվով էլեկտրաէներգիան իրացրին» շրջակայքի բնակիչներին ու վերավաճառողներին։
Չար լեզուներն ասում են, թե իբր էներգիայի պարտքի համար ժամանակին նրանց վրա քրեական գործ է հարուցվել։ Հետո ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն խզվեց։ Մեկուսացնելով ինձ՝ միակ գյումրեցուս քաղաքի կենտրոնում կառուցվող այդ եզակի կառույցից, մարդիկ ազատ շունչ քաշեցին, իսկ իմ փոխարեին աշխատանքի ներգրավեցին «հին ու փորձված» գործընկերոջը՝ «Ուրալսիբշին» նախկին փոխնախագահ Պ. Գրիգորյանցին։ 1997 թվականի աշնանը, երբ շենքը շահագործման հանձնվեց, նշածս «արտագնա աշխատանքի» եկածներից ոչ մեկը չկար։ Դեռեւս մեծ ծավալի աշխատանքներ կան ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի խոստման իրականացման, այսինքն՝ 2001 թվականին «աղետի գոտի» հասկացողությունից ձերբազատվելու համար։
Գյումրեցի մասնագետների կողմից կոչ եմ անում մարզի, քաղաքի ղեկավարությանը, շինարարությունը ֆինանսավորող կազմակերպություններին եւ բարերարներին՝ աշխատատեղերը հատկացնել տեղի մասնագետներին։ Նաեւ այդ կերպ պետք է վերականգնել աղետի գոտին, վաստակելու հնարավորությամբ աղետյալների մեջքը շտկելով…
Գ. ԴԱՎԹՅԱՆ
շինարար-ինժեներ