«98-ի օգոստոսի 1-ին Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել էր հանձնախումբ, որն ուսումնասիրում էր մարզում պահեստային հողերի օգտագործման արդյունավետության վիճակը։ Այս կոնտեքստում ուսումնասիրվեց նաեւ մարզի 11 տնտեսությունների ունեցած պահուստային հողերի օգտագործումը։ Պարզվեց, որ այդ 11 տնտեսություններն ունեն նման հողեր ոչ թե գյուղամերձ տարածքում, այլ թռչնաֆաբրիկայի հարակից հողատարածքներում։ Դա շուրջ 220 հա է։
1994-ի Հոկտեմբերյանի գործկոմի որոշումով այս 220 հեկտարը հատկացվել է ՍՊԸ-ին, որը բաղկացած է 4 մարդուց եւ տնօրենն է Արամ Մելքոնյանը՝ առանց այս գյուղերի գրավոր համաձայնության։ Գործադիր կոմիտեի նախագահը, որը հետո դարձավ Արմավիրի մարզպետ, այժմ ԱԺ պատգամավոր է, Սեդրակ Հովհաննիսյանը՝ առանց այդ գյուղերից համապատասխան թույլտվություն ստանալու, գերազանցելով իր լիազորությունները գյուղերից վերցրել է հողերը ու հատկացրել այս ՍՊԸ-ին։ Երբ այս հարցն ուսումնասիրեցինք, տեսանք, որ այստեղ սխալ որոշում է կայացվել։ Հիմա գյուղապետերը, գյուղացիները դժգոհում են՝ ինչո՞ւ մեր գյուղերի հողերը տնօրինի այս կամ այն մարդը, էն դեպքում, երբ գյուղացիները հիմա հողի կարիք ունեն։ Հիմա հողերն ուզում ենք վերադարձնել գյուղացիներին՝ հողի իսկական տերերին։ Նյութերն ուղարկեցինք դատախազություն, որպեսզի իրավապահ մարմինները ճշտեն՝ որոշումը ճիշտ էր, թե սխալ եւ հնարավոր է հողերը հետ վերցնել ՍՊԸ-ից, վերադարձնել համայնքներին։
Դատախազությունը դիմեց Արմավիրի տարածաշրջանային դատարանին, որն էլ Հոկտեմբերյանի գործկոմի 94 թվի փետրվարի 12-ի որոշումը չեղյալ համարեց։ Այս մարդը ձեր թերթում բողոքում է, որ իր հանդեպ սխալ են վարվել՝ հողերը հետ վերցնելով։ Այս 4 տարիների ընթացքում, երբ ՍՊԸ-ն օգտագործել է հողերը, պարտավոր էր վճարել հողի, ջրի վարձերը, հարկերը։ Բայց պետությանը ոչ մի կոպեկ չի մուծել։ Սա էլ բավարար պատճառ է՝ հողերը հետ վերցնելու։ Եթե նա պատճառաբանում է, թե այդ հողերից եկամուտ չի ստանում, ինչո՞ւ է ամեն տարի նորից օգտագործում այդ հողերը, հիմա էլ՝ ատամներով կառչում։ Վերադարձրեք տերերին, թող նրանք տնօրինեն։ Այս ընկերը, բնականաբար, դժգոհ է։ Դիմում է տարբեր օղակների՝ փորձելով սրա մեջ միտումնավորություն տեսնել։ Այսպիսի բան գոյություն չունի. բոլորի հանդեպ մոտեցումը նույնն է։ Շուրջ 19 տնտեսությունների հանդեպ է նման որոշում իրականացվել։ Այստեղ, կրկնում եմ, միտումնավորություն չկա։ Կա պահուստային հողի նկատմամբ պետական մոտեցման դրսեւորում, որը եւ մենք դրսեւորում ենք»։
Պրն փոխմարզպետի հետ խմբագրություն էին եկել նաեւ մարզպետարանի գյուղվարչության պետ Արթուր Այվազյանը եւ մարզպետարանի լրատվության բաժնի պետ Հակոբ Հակոբյանը։ Վերջինս ինձ սպառնաց, որ պրն Մխիթարյանի խոսքի թեթեւ անճշտության դեպքում ողջ պատասխանատվությունն ինձ վրա է ընկնում։ Վախից եւ ակնածանքից (Հակոբյանի հանդեպ- Լ. Ա.) համակ ուշադրությամբ (եւ աննշան խմբագրմամբ) սղագրել եմ Արմավիրի փոխմարզպետ Մեխակ Մխիթարյանի խոսքը: Ինչպես ասում են, արածիս համար երախտագիտություն չեմ ակնկալում, չարածիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ