Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃԻՌ՝ ԱՌԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Հունվար 28,1999 00:00

Բաց նամակ Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանին

Երբ «Առավոտ» թերթում դեկտեմբերի 18-ին տպվում էր «Կուշտը սովածին մանր կբրդե» հոդվածը, դեռեւս միամտորեն հավատում էի, որ մարզպետ Ալբերտ Հերոյանը տեղյակ չէ բնավ, թե իր տեղակալը ինչ խաղեր է խաղում, ու մտածում էի, թե նրան սխալ ինֆորմացիա ու մեկնաբանություն են տալիս։ Սակայն արձագանքը միանգամայն բացասական էր։ Իր հասցեին արված քննադատությունը կարող է հանդուրժել միայն ինտելեկտով, խելացի մեկը, իսկ որ նա աչք փակեց նաեւ այն հարցին, որ փոխմարզպետը «փայ» է ուզել, որ այդ հողերը ինձնից խլել չտա…

Մինչ ինքը արդարության, ազնվության ու ժողովրդի անունից է խոսում, փոխմարզպետը միանգամայն հակառակն է անում, իսկ ինքը տեղեկանալով՝ աչք է փակում ու շարունակում շաղակրատել ազնվությունից, ժողովրդի վիճակից։ Ո՞ւմ աչքին եք թոզ փչում, ո՞ւմ եք հիմարի տեղ դրել։ Գոչեք ու գոռացեք Արմավիրի տեսաալիքով, որ մարզպետը անկաշառ է, տղամարդ մարզպետ է, ժողովրդի մասին է մտածում… Ձեր արարքները հակառակն են փաստում։

Դատարանում «Կոմպլեքսի» գործի քննության ժամանակ մեծ ճնշումներ գործադրելով, դատավճիռ էիք պահանջում, խոստանալով «Առավոտ» թերթի հախից էլ գալ՝ ձեզ ուղղված հոդվածի համար։ Իսկ դատավոր Սիմոնյանը, որը հայտնվել էր պիղատոսյան ծանր վիճակի մեջ, ձգձգում էր դատը, չհամարձակվելով ո՛չ ձեր պահանջը կատարել, քանի որ արդարության ու իր խղճին դեմ կլիներ, բայց եւ չէր կարողանում ի նպաստ «Կոմպլեքսի» վճիռ կայացնել, քանի որ ձեր սպառնալիքները անտեսել՝ կնշանակի լինել շա՜տ համարձակ, իսկ նա այդպիսին չէր։ Վերջապես, նոր ընդունած օրենքներով սկսվեց նոր դատավարություն, եւ դատավորը նույնիսկ իր իսկ կանչած վկաներին չհարցաքննելով (Արմավիրի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ս. Հովհաննիսյանին եւ նախկին գյուղվարչության պետ Հ. Պետրոսյանին, որոնք եղել են պայմանագիրը ինձ հետ կապող կողմեր եւ պատրաստ էին պնդելու ու ապացուցելու իրենց կապած պայմանագրի օրինականությունը), հայցվորին, ինձ եւ դատապաշտպանին չլսելով, առանց դատական նիստ հրավիրելու, արձակեց դատավճիռը։ Իսկ ո՞վ պետք է վճարի իմ կատարած ծախսերը։

Դատավորն այնքան համարձակություն չունեցավ, որ գոնե մեկ նախադասությամբ նշեր այս հարցի պատասխանը։ Ի՞նչ հույսերով գործարար մարդը այսուհետեւ այս հանրապետությունում գործունեություն ծավալի, նյութական միջոցներ ու եռանդ չխնայելով, երբ իմ ցայտուն օրինակի վրա տեսնի գայլի ախորժակով երախը բաց արած պաշտոնամոլների հարձակումը։ Նախ, դատարանը իրավունք չուներ քննելու դատախազության այս հայցը, քանի որ հայցին կից չկար որեւէ փաստաթուղթ, որ ապացուցեր հայցի պնդումները։ Ընդհակառակը, առաջին դատավարության ընթացքում ես ներկայացրել եմ փաստաթղթեր, որոնք հերքում էին դատախազության հայցի պնդումները։

Մի խոսքով, ապացուցվում էր, որ ժամանակին գործադիր կոմիտեն ճիշտ է վարվել այդ հողերը վարձակալության տալով 10 տարի ժամանակով, քանի որ կա կառավարության թիվ 108 որոշումը, ըստ որի գործկոմը իր իրավասության տակ եղած չմշակվող հողերը կարող է պայմանագրով, մրցութային կարգով տալ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, մինչեւ տասը տարի ժամանակով։ Իսկ որ այդ հողերը գործկոմին ենթակա տարածքներ են եղել, որ ժամանակավոր տրված են եղել գյուղերին, իսկ նրանց հրաժարականներից հետո արդեն՝ ինձ, նույնպես կան համապատասխան փաստաթղթեր։

«Հարգելի՛» մարզպետ Հերոյան, 1995-ին ավագանիներ չկային, դուք ի՞նչ ավագանիների որոշում էիք ուզում, թե նրանք հրաժարվել են այդ հողերից։ Իսկ հողի վարձերի դիմաց Սարդարապատում իմ կառուցած զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մասին լսել անգամ չեք ուզում, հայտարարելով, թե՝ «Իմ ի՞նչ գործն է, որ հուշարձան ես սարքել», արդեն չափից դուրս է։ Այդ մարտիկները զոհվել են, իրենց կյանքն են տվել, որ այսօր ես եւ դուք խաղաղ ապրենք։ Եթե չզոհվեին նրանք, գուցե չէր լինի նաեւ մեր այս մարզը, որի ղեկավարն եք դարձել դուք բախտի քմահաճույքով։ Բայց այդ հուշահամալիրը մարզի պարծանքն է այսօր, որ ձեզնից շատ ավելի լավ տղաների գերեզմանն է նաեւ։ Իսկ դուք նրա տեղն անգամ չգիտեք։ Արդարություն պաշտպանելն այսօր շատ դժվար է, քանի որ կան ձեր նման օրենք չիմացող ու չհարգող մարզպետներ եւ առանց դատավարության դատավճիռ արձակող Մ. Սիմոնյանի նման երեկ երդում տված, բայց առաջին դատի ժամանակ իսկ կոտրված դատավորներ։

ԱՐԱՄ ՍԻՐԵԿԱՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031