Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղն արդեն մեկ ամիս է՝ գտնվում է շրջափակման մեջ։ Գյուղը բացառապես եզդիաբնակ է՝ 420 ընտանիք՝ 1600 բնակիչով։ Քուրդ մտավորականների միության նախագահ Ամարկե Սարդարի, Հայաստանի ազգությունների միության նախագահ Վլադիմիր Չատոեւի եւ Հայաստանի հրեական համայնքի նախագահ, նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովում ազգությունների միության ներկայացուցիչ Ռիմա Վարժապետյանի հետ հունվարի 22-ին եղանք Շամիրամում։ Շամիրամցիների մի ստվար խումբ, մոտ 80 մարդ, արդեն սպասում էր մեզ։
Դեկտեմբերի 25-ին գյուղում տեղի է ունեցել հրեշավոր ոճրագործություն։ Սեփական բնակարանում դաժանաբար սպանվել են գյուղի բնակիչ Օզման Օզմանյանը, նրա կինը եւ հաշմանդամ դուստրը։ Մարզային ոստիկանության աշխատակիցները հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են գյուղի 4 բնակիչների։ Նրանցից երեքը մի քանի օր առաջ ազատ է արձակվել։ Ձերբակալվածներին ոստիկանությունում ենթարկել են խոշտանգումների՝ նպատակ ունենալով ցուցմունք կորզել։ Ցույց տալով մոտ 14 տարեկան մի հաշմանդամ տղայի՝ Տոսուն Բրոյանն ասում է. «Օզմանը 2 մետր բոյ ուներ։ Մի՞թե այս ինվալիդ երեխան կարող էր մարդ սպանել»։
«Եզդին երբեք չի կարող կնոջ կամ հաշմանդամ աղջկա վրա ձեռք բարձրացնել։ Ոստիկանության հիմնական նպատակն է հանցագործներին տեսնել եւ գտնել եզդիների շրջանում»,- ասում է մի այլ շամիրամցի։ Եզդիների նկատմամբ գազանային հարձակում է տեղի ունեցել նաեւ հարեւան Թալիշ եւ Առուջ գյուղերում։ Առուջ գյուղի բնակիչ Մամե Բաբայանը մեզ պատմեց. «1999 թ. հունվարի 17-ին, ժամը 9-ի մոտ մտել են տղայիս տուն։ Հանցագործին հաջողվում է հարվածել տղայիս գլխին։ Նա ուշաթափվում է եւ ընկնում։ Հարսս եւ թոռներս, որոնք գտնվում էին կողքի սենյակում, հավար են բարձրացնում, որի վրա հավաքվում են հարեւանները։ Հարսս եւ թոռներս ճանաչում են հանցագործին, նրան ձերբակալում են, սակայն 2 օր անց բաց են թողնում, քանի որ Աշտարակի ոստիկանության տարածաշրջանային վարչության դիմաց հավաքվում են մի խումբ հայեր, եւ պահանջում, որ այդ ոճրագործին բաց թողնեն։ Ոստիկանությունն էլ անմիջապես կատարում է նրանց պահանջը»։
Շամիրամ գյուղում ներքին պաշարողական վիճակ է։ Ժամը 6-ից հետո գյուղի ծայրամասերում բնակվողները տեղափոխվում են կենտրոն։ Սահմանված է գիշերային հերթապահություն։ Մեր այն հարցին, թե ինչու անվտանգության հետ կապված հարցերը չեն լուծվում ոստիկանության հետ համատեղ, գյուղացիները պատասխանեցին, որ ամենամեծ վտանգը սպառնում է հենց ոստիկաններից, որոնք հանցագործների եւ ոճրագործների հովանավորներն են։ «Մենք զրկված ենք գյուղից դուրս գալու հնարավորությունից։ Հենց ճանապարհի վրա ոստիկանները մեզ կանգնեցնում եւ տանում են բաժին։ Եթե եզդի ես, ուրեմն՝ մեղավոր ես։ Մինչ հարազատներդ կամ դու փող չտաս, դուրս չես գա»։ Գյուղացիների կարծիքով, այս գործողություններն ու ոստիկանական հետապնդումները մի նպատակ ունեն՝ եզդիներին ստիպել թողնել իրենց բնակավայրերը եւ արտագաղթել Հայաստանից։ Դա վերաբերում է ոչ միայն Շամիրամին, այլեւ մյուս բնակավայրերին։ Ուղղակի որոշել են սկսել Շամիրամից, որը եզդիների հոգեւոր կենտրոնն է։ «Եթե շամիրամցիները գնացին, ապա նրանց կհետեւեն նաեւ մյուսները»։
Կարդացեք նաև
Եզդիները եղել են մարզպետարանում, մարզպետ Հրայր Կարապետյանին խնդրել այցելել գյուղ, լսել իրենց բողոքները։ Սակայն մարզպետը մերժել է նրանց պահանջը, իսկ գյուղապետ Մրազ Բրոյանին մեղադրել արհեստական իրարանցում կազմակերպելու մեջ։ Գյուղացիները մտածում են, որ սա կազմակերպված է իշխանությունների կողմից։ «Նույնիսկ 1992-93 թթ. այսպիսի վիճակ չէր։ Ֆիդայիները մի երկու ոչխար էին տանում, բայց մենք մեր կյանքի, անձնական անվտանգության սպառնալիք չէինք տեսնում։ 1998-ին, իշխանությունը փոխվելուց հետո, մեր վիճակը շատ է վատացել։ Մի՞թե մենք մեղավոր ենք, որ եզդի ենք ծնվել։ Մենք ոչ պետություն ունենք, ոչ թագավորություն, ոչ երկիր։ Ո՞ւր գնանք մենք»։ Տարեց եզդիներից մեկը այս վիճակը համեմատեց 1914 թ. հետ, երբ հայերն ու եզդիները իրենց գյուղերում սպասում էին, որ շուտով կսկսվի թուրքական ջարդը։
Հունվարի 20-ին այդ հնարավոր ջարդից խուսափելու համար 200 եզդիներ ինքնաթիռ են վարձել եւ փախել Լվով։ Շատերը պատրաստվում են հետեւել նրանց օրինակին։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ