Տնտեսական հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման փաստերի վերաբերյալ
Անցյալ տարվա հուլիսի 24-ին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասուլիսում խոսելով տնտեսական հանցագործությունների եւ դրանց դեմ մղվող պայքարի մասին, նշել էր, որ 1998-ի առաջին կիսամյակի ընթացքում պետությանը հասցված վնասից վերականգնվել է 2 մլրդ 212 մլն 791 հազար դրամ։
ԱԺ մի քանի պատգամավորներ այս առնչությամբ գրավոր հարցապնդմամբ դիմել էին կառավարությանը։ Վահագն Խաչատրյանը, Պետրոս Մաքեյանը, Հովհաննես Թոքմաջյանը եւ Արշակ Սադոյանը խնդրել էին պարզաբանել.
«ա) վերականգնված գումարները ո՞ր հաշվին են փախանցվել, ինչ ժամկետներում,
Կարդացեք նաև
բ) ո՞ւմ կողմից են վերադարձվել հափշտակված գումարները եւ ինչքա՞ն (ըստ կազմակերպությունների եւ անհատ անձանց մանրամասնել վերոհիշյալ գումարը),
գ) այդ դեպքերի առնչությամբ քրեական գործեր հարուցվե՞լ են, թե՞ ոչ,
դ) գործերի ո՞ր մասն է վնասի փոխհատուցումից հետո շարունակում մնալ քրեական վարույթում, իսկ որը՝ ոչ,
ե) ի՞նչ պատիժներ են ստացել մեղավորները։ Կա՞ն արդյոք դատական քննության հանձնված գործեր,
զ) նշել այն օրենսդրական հիմքերը, որոնց համաձայն իրականացվում են իրավապահ մարմինների նշված գործողությունները (վնասի փոխհատուցում, գործերի կարճում եւ այլն)»։
Այս հարցապնդմանն ի պատասխան, 1998-ի հոկտեմբերի 6-ին այն ժամանակ դեռ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար իր թիվ 012-5676 գրությամբ հայտնել է.
«Ի պատասխան Ձեր՝ «Տնտեսական հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման» մասին նամակի, հայտնում եմ՝
1. Տնտեսական հանցագործությունների հետեւանքով պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնման նպատակով գանձված գումարները հիմնականում կենտրոնացվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից հատուկ այդ նպատակով բացված հաշվարկային հաշվում։ Առանձին դեպքերում գումարները վերադարձվել են այն կազմակերպություններին, որոնց աշխատողների մեղքով վնաս է պատճառվել տվյալ հիմնարկությանը։
2. Գործող օրենսդրության համաձայն, վնասը վերականգնվում է այն անձի կամ անձանց կողմից, որոնց հանցավոր գործունեության կամ անգործության հետեւանքով նյութական վնաս է պատճառվել պետական կազմակերպությանը։
3. Նյութական վնասի վերականգնման նպատակով միջոցներ կարող են ձեռնարկվել ինչպես քրեական գործերով նախաքննություն կատարելու, այնպես էլ հանցագործության կապակցությամբ նյութեր նախապատրաստելու ընթացքում։ Կարեւորն այն է, որ գործում կամ նյութերում լինեն համապատասխան գործողությունների միջոցով ճշգրտված հավաստի տվյալներ՝ պատճառված նյութական վնասի չափի մասին։
4. Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տնտեսական բնույթի հանցագործությունների առթիվ հարուցված գործերի բացարձակ մասով քննությունն ավարտվել եւ հանձնվել է դատաքննության։ Միաժամանակ կան գործեր, որոնք դեռեւս ընթացքի մեջ են կամ իրադրության փոփոխման պատճառաբանությամբ կարճվել են։ Ավարտված գործերով կայացված դատավճիռների մասին լրիվ տեղեկատվություն կարող են ներկայացնել դատական մարմինները։
5. Վնասի հատուցման եւ քրեական գործերի կարճման հարցերը կարգավորվում են գործող քրեական դատավարության օրենսդրության նորմերով։ Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 54 հոդվածի, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը համարվում է գործով ապացուցման ենթակա հանգամանքներից մեկը։ Նույն օրենսգրքի 132 հոդվածն ուղղակի արձանագրում է, որ հանցագործությամբ նյութական վնաս պատճառելու մասին բավարար տվյալների առկայության դեպքում քննիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հնարավոր քաղաքացիական հայցն ապահովելու համար։
Ինչ վերաբերում է քրեական գործերի կարճմանը, ապա գործող քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է մի շարք իրավական հիմքեր։ Քրեական դատավարության օրենսգրքի 202 հոդվածի համաձայն, քրեական գործերը կարող են կարճվել հանցադեպի ու հանցակազմի բացակայության, հանցանքի վաղեմության ժամկետը լրանալու, համաներման ակտի, անձին վարչական պատասխանատվության ենթարկելու, ընկերական դատարանին հանձնելու, իրադրության փոփոխման, երաշխավորության հանձնելու պատճառաբանությամբ եւ այլն։ Նյութերով քրեական գործի հարուցումը մերժվում է քրեական դատավարության օրենսգրքի 104 հոդվածի հիման վրա։
Քրեական գործի կարճման ժամանակ, անկախ կարճման պատճառաբանությունից, իրավական գնահատական է տրվում անձի հանցավոր գործունեությանն ամբողջությամբ վերցրած, եւ սահմանված կարգի համաձայն, կարճման օրինականությունը պարտադիր կարգով ստուգվում է քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Քրեական գործով որեւիցե առանձին հանգամանք, օրինակ, միայն նյութական վնասի կամովին վերականգնումը, չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործի կարճման համար։ Նման պարագաներում պարտադիր կարգով հաշվի են առնվում նաեւ հանցագործության կատարման հանգամանքները, արարքի եւ այն կատարած անձի հասարակական վտանգավորությունը, ընտանեկան պայմանները, իրավախախտման կատարմանը նպաստող պայմաններն ու պատճառները»։
Պատրաստեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ