Վազգեն Մանուկյանն առայժմ առիթ չէր ունեցել մեկնաբանելու անցած տարվա դեկտեմբերի 23-ին «Մարդու ժամանակը» հեռուստածրագրով Վանո Սիրադեղյանի ելույթի իրեն առնչվող հատվածները։
ԱԺՄ նախագահին խնդրեցինք նախ անդրադառնալ ՀՀՇ վարչության նախագահի այն հայտարարություններին, որ «Շարժման պառակտումը, ղեկավարների միջեւ տարաձայնությունները սկսվեցին, երբ Վազգեն Մանուկյանը գնաց կառավարություն եւ պահեց գործարանների հին տնօրեններին: Վազգենը միշտ թուլություն ուներ աշխատելու հին եւ հեշտ կադրերի հետ։ Երբ նա Ժոկոյին նշանակեց պետնախարար, «Ղարաբաղ» կոմիտեն հինգ րոպե չէր կարողանում շնչել՝ պապանձվել էր այդ որոշումից»։
Վազգեն Մանուկյանի պատասխանն էր. «Ես իսկապես որպես վարչապետ բացառիկ լիազորություններ ունեի մարդկանց նշանակումների վերաբերյալ։ Դեպքեր էին լինում, երբ ես ինքնուրույն էի այդ որոշումներն իրականացնում։ Դեպքեր էին լինում, երբ խորհրդակցում էի «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ։ Չնայած, ի պաշտոնե ինձ էին տրված այդ իրավունքները։ Եվ կային նշանակումներ, որոնք մյուսներն ընդունում էին կամ չէին ընդունում»։ Ավելի որոշակի պատասխան հետեւեց Վանո Սիրադեղյանի հետեւյալ հայտարարություններին. «Երբ 1996 թվականի գիշերը հաղորդում էին ընտրությունների արդյունքները՝ բոլորս նստած էինք ՀՀՇ վարչության շենքում (Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանը եւ, կարծեմ, Արկադի Ղուկասյանը), ստանում էինք այդ անմխիթար տվյալները։ (…) Այդ ծանր մթնոլորտում, հիշում եմ, որ Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ։ Առանձնացանք 3-4 րոպե, եւ ես հարցրի. «Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլ գնալ»։ Վազգենն ասաց. «Ո՛չ, պատրաստ չէ»։ (…) Եվ, փաստորեն, երկրորդ փուլ չեղավ»։
Վազգեն Մանուկյանը նշեց. «Ինձ համար ասվածը մեծ նորություն չէր։ Ես չէի իմանում, թե ինչ խոսակցություններ էին տեղի ունեցել ներսում, բայց այն, որ նրանք միասին նստած են որոշել, եւ որ Ռոբերտ Քոչարյանն էլ է դրան մասնակից եղել՝ այդ ամեն ինչն ինձ հայտնի էր։ Եվ մեր ժողովրդի համար էլ անսպասելի չէր իր ասածը։ Միգուցե դա անսպասելի էր որոշ միջազգային կազմակերպությունների կամ արտաքին աշխարհի համար։ Պատահական չէ, որ արտասահմանից ինձ մի երկու-երեք զանգ եղավ, թե՝ «ինչպե՞ս եք վերաբերվում Վանո Սիրադեղյանի այդ ասածներին, որ, փաստորեն, պարզվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը չի անցել»։ Ես ասել եմ, որ ես եւ մեր ժողովուրդը գիտեինք, մեզ համար դա նորություն չէր։ Այդ ամենը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ համակարգով է ղեկավարվում մեր պետությունը՝ ուրիշ ոչինչ։ Մեզ մոտ խոսակցություններ եղան, որ պետք է դատական գործ սկսել եւ այլն։ Ճիշտն ասած, ես կողմնակից չեմ հիմա Հայաստանում դատավարություններով մեր գործն առաջ տանելու։ Այստեղ մի խնդիր էլ կա։ Չեմ կարծում, որ, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանի պատմած այդ փոքր դրվագը սուտ է։ Բայց, կարծում եմ, որ մեծ ճշմարտության միգուցե մի փոքր մասն էր դա։ Չեմ կարծում, որ այդ մի խոսակցությամբ էր որոշվել մնացածը։ Ամբողջը ես չգիտեմ»։
Կարդացեք նաև
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ.Գ. Այս զրույցն ավելի վաղ էր կայացել, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով, հրապարակումը հարկ համարեցինք հետաձգել։