Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻՆ

Հունվար 28,1999 00:00
Vazgen Safaryan

Հունվարի 22-ին, ինչպես արդեն տեղեկացվել է, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական վեհաժողովի 10-րդ արտահերթ նստաշրջանը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ այդ ատյանի աշխատանքներին ներկա է եղել հայկական մի պատվիրակություն՝ դիտորդի կարգավիճակով։

Բավականին հետաքրքիր է նրա կազմը՝ Ազգային ժողովի պատգամավորներ Վազգեն Սաֆարյան, Վլադիմիր Բադալյան եւ Ռոբերտ Ենգոյան։ Վերջին երկուսը Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության անդամներն են։ Պատվիրակության կազմում է եղել Կարեն Դեմիրճյանի կուսակցության կարեւոր դեմքերից մեկը եւս՝ «Էլեկտրաճշգրիտսարք» գործարանի տնօրեն Էդմունդ Ծատուրյանը, որը Հայաստանի նախկին ղեկավարի ուսանողական տարիների ընկերն է եւ կարեւոր դերակատարություն ուներ վերջինիս նախընտրական շտաբում։ Այս կազմին Մոսկվայում միացել է նաեւ ԱԺ պատգամավոր Զավեն Հարությունյանը, եւ հայկական հնգանդամ պատվիրակությունն իր մասնակցությունն է բերել «Ռուսաստան-Բելառուս» միության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Այս գործընթացին հետեւած մարդիկ անշուշտ նկատեցին, որ պատվիրակության կազմում ընդգրկված չէր ո՛չ ավանդաբար ռուսամետ որեւէ կոմունիստ, եւ ոչ էլ մանավանդ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության որեւէ ներկայացուցիչ, այդ թվում եւ այդ գործում իր մշտական ներկայությունն ունեցող Աղասի Արշակյանը։

Այս իրողությունների համադրումը բնականորեն հարցադրումների տեղիք է տալիս։ Արդյո՞ք Մոսկվայում այլեւս այսպես են արտահայտում վերաբերմունքը Հայաստանում ուժի կենտրոն հանդիսացող իրենց համար նախընտրելի գործընկերների նկատմամբ։ Չենք հավակնում խնդրին վերջնական պարզաբանում տալ, բայցեւայնպես փորձենք հասկանալ, թե ինչ ընթացքներ են առկա։ Հենց այդ նպատակով էլ նախ զրույցի հրավիրեցի ԱԺ պատգամավոր, Հայաստանի առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանին։

-Ինչո՞վ բացատրել, որ Մինսկում տեղի ունեցած 10-րդ արտահերթ նստաշրջանին ներկա չէր «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» ՀԺՆ-ի ներկայացուցիչը։

-Նախ ասեմ, որ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնությունն այդ ատյանում ունի մշտական դիտորդի տեղ։ Այս անգամ, հավանաբար, զուտ տեխնիկական պատճառներով նրանց ներկայացուցիչը չէր մասնակցում, թեպետ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» ՀԺՆ-ին պաշտոնապես հրավեր ուղարկվել էր։ Նույնիսկ մեզ հարցումներ արեցին նրանց մասին։ Նրանք պահպանում են մշտական դիտորդի կարգավիճակը։ Պետք է ասեմ նաեւ, որ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» ՀԺՆ-ի գործադիր խորհրդի փոխնախագահ Աղասի Արշակյանի հետ միասին մասնակցել եմ Յարոսլավլում կայացած 9-րդ նստաշրջանին։ Դրանից հետո ես նաեւ 10-րդ արտահերթ նստաշրջանին մասնակցելու հրավեր ստացա։

-Իսկ ինչո՞վ բացատրել, որ պատվիրակության կազմում ընդգրկված էին կամ Կարեն Դեմիրճյանի համակիրները, կամ էլ նրա գլխավորած Ժողովրդական կուսակցության անդամները։

-Դա եղել է հրավերի շրջանակներում։ Մինսկում շատ լավ ընդունեցին եւ ողջունեցին մեր պատգամավորների ակտիվությունը, ինչն արդյունաբերության խնդիրների լուծման՝ պարտնյորների որոնում, հումքի ձեռքբերում, պատրաստի ապրանքի իրացում եւ այլն, նպատակ էր հետապնդում։ Կարծում եմ՝ նախնական արդյունքները գոհացուցիչ են։

-Ճիշտ հասկացա, որ հրավերն ուղարկվել է հատկապես Ժողովրդական կուսակցության անդամներին։

ԱԺ պատգամավոր «Կանազ» գործարանի տնօրեն Ռոբերտ Ենգոյանի պատասխանը հարցադրման մեջ էլի թեական տարրեր թողեց.

-Ինչպես Վլադիմիր Բադալյանը, Էդմունդ Ծատուրյանը, այնպես էլ ես Ժողովրդական կուսակցության վարչության անդամներ ենք։ Նկատի առնելով «Ռուսաստան-Բելառուս» միության խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու հրավերը, առաջարկը, խորհրդակցեցինք մեր կուսակցության լիդերի ու վարչության հետ եւ որոշեցինք անպայման մասնակցել, որովհետեւ դա լուրջ միջոցառում է, եւ Հայաստանն անպայման պետք է ներկա լիներ։

Իրավիճակի հստակ պատկերն ստանալու համար դիմեցինք նաեւ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» միության հայկական ժողովրդական նախաձեռնության պատասխանատու Աղասի Արշակյանին, սակայն նա ընդամենը մեկ նախադասություն ասաց՝ այդ հարցի վերաբերյալ ասելիք չունեմ։

Իմաստուններից մեկն ասել է՝ պատասխանի բացակայությունը նույնպես պատասխան է։ Այս պահին հնարավոր բոլոր պատասխանները տրված են եւ միայն առաջիկա գործընթացներից հնարավոր կլինի դատել՝ թե արդյո՞ք փոխվել են Մոսկվայի նախապատվությունները մեզանում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031