Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՍՊԻՏԱԿՆԵՐՈՎ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ

Հունվար 28,1999 00:00

ՀԿԿ կենտրոնական կոմիտեն իր դիրքորոշումը հստակ ներկայացրեց երեկվա ասուլիսում։

Հայաստանի կոմունիստների կարծիքով՝ «ԱԺ-ի անփառունակ պատմության մեջ գրանցվեց եւս մեկ մութ եւ անբարո էջ. ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ կրկին պաշտպանության տակ է վերցնում անձանց, որոնց նկատմամբ ներկայացվում են քրեորեն պատժելի ծանրագույն մեղադրանքներ»։ ՀԿԿ պատգամավորական խմբակցության հինգ անդամներ են մասնակցել ՀՀ գլխավոր դատախազի հայտի միջնորդության քվեարկությանը (խմբակցության 2 անդամ հանրապետությունից բացակայում են) եւ հինգն էլ կողմ են քվեարկել միջնորդությանը։ Խմբակցության անդամներից ոչ ոք քննարկումներին չի մասնակցել եւ ելույթ չի ունեցել, քանի որ կոմունիստների կարծիքով. «Ֆարս է տեղի ունենում, խաղ է գնում դահլիճում եւ չցանկացանք մասնակից դառնալ այդ ֆարսին, հենց սկզբից որոշելով, որ անցկացնելու ենք այսպիսի մամուլի ասուլիս, դիմելով ուղղակի ժողովրդին։ Անպտուղ էր այնտեղ խոսելը, դա մեզ կդարձներ մասնակից այդ ներկայացմանը»։ Իսկ այդ ամենը ֆարս համարվեց, քանի որ արտահերթ նիստը հրավիրված էր հիմնականում ընտրական օրենսգրքի քննարկումների համար։

Սակայն, ի վերջո, կոմունիստները հասկացել են, որ «Երկրապահ» պատգամավորական խումբը բոլորովին էլ այն միասնական խումբը չէ, որը կարող է այդ լուրջ հարցերին համապատասխան ընթացք տալ եւ համերաշխ քվեարկություն իրականացնել։ … «Այդ նույն խմբակցությունը, փաստորեն պառակտվեց։ Մի մասը քվեարկեց ի օգուտ Վանո Սիրադեղյանի, մեծամասնությունն էլ վերհիշելով ՀՀՇ-ի հետ իր անցյալը, իր արմատները, քվեարկեցին, մերժելով դատախազի միջնորդությունը»։ Հենց սա է ընկեր Բադալյանը համարում ֆարս, «եթե իշխանություններին աջակցող քաղաքական ուժը սկսում է այդպիսի խաղեր անցկացնել պառլամենտում, սա հենց ես համարում եմ քաղաքական ֆարս»։

Ընկեր Բադալյանը չբացառեց, որ ՀԿԿ պատգամավորական խմբակցությունը, հնարավոր է ամբողջությամբ դուրս գա խորհրդարանից, «Քանի որ այդ խորհրդարանում նստած են մարդասպանության մեջ մեղադրվող մարդիկ»։ Հարցը դեռեւս հստակեցված չէ։ Վերջնական որոշումը կկայացնի կենտկոմը։ «Ներկայիս Ազգային ժողովը ցույց տվեց, որ ինքն այլեւս բարոյական ոչ մի իրավունք չունի հանդես գալու ազգի եւ երկրի անունից՝ որպես երիցս պատվազրկված կառույց»։ Իսկ եթե ՀՀ գլխավոր դատախազը երկրորդ անգամ միջնորդություն ներկայացնի, ինչում ընկեր Բադալյանը վստահ է, եւ ԱԺ-ն դարձյալ մերժի, ապա նախագահը կամ պետք է անմիջապես ցրի խորհրդարանը, կամ պետք է ինքը հրաժարական տա։ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականը վերջին իրադարձություններին Սերգեյ Բադալյանը գնահատեց որպես «էդ ֆարսի շարունակություն»։ Նրա կարծիքով՝ «մարդիկ, ովքեր իսկապես քրեական պատասխանատվություն պետք է կրեն այն դժբախտությունների համար, որոնց արժանացել է մեր ժողովուրդը, դեռ փորձում են ինչ-որ բաներ ասել եւ ասել, որ իրավունք չունեն Վանո Սիրադեղյանին կամ նրա նման մարդկանց պատասխանատվության կանչել։ Որովհետեւ իրենք էլ կամա թե ակամա մասնակից են այդ ամբողջ գործողություններին»։

Կոմունիստների կարծիքով, հանրապետությունում բանը բանից անցել է, եւ իրենց հայտարարության մեջ հույս հայտնեցին. «այսքանից հետո ժողովուրդը կգիտակցի եւ վերջիվերջո կհասկանա, թե այսօր գիշատիչների ինչ ոհմակ է տնօրինում իր ճակատագիրը եւ միահամուռ կամքով բոլորին անխտիր կնետի պատմության աղբանոցը»։ Ըստ կոմունիստների, «խաղաղ ճանապարհով» «ստորացուցիչ եւ անվայել վիճակին» վերջ տալու միակ հնարավորությունը խորհրդարանական նոր ընտրություններն են։ Կոմունիստները ուզում են, որ ամեն ինչ խաղաղ լինի, հակառակ դեպքում, ըստ նրանց «մենք ավելի վատ վիճակներում ենք հայտնվելու, քան Վրաստանն ու Ադրբեջանն էին»։

Ղարաբաղցիների գալու եւ երկրի ղեկավարությունը ստանձնելու մասին խոսակցությունները եւս ընկեր Բադալյանի սրտով չէին։ Նա մեկ առ մեկ թվարկեց Հայաստանի ղեկավարների ծննդավայրերը, Ալ. Մյասնիկյանից սկսած։ Հետեւությունը մեկն էր՝ Հայաստանի ոչ մի ղեկավար բնիկ տեղացի չէ։ Ղարաբաղի հարցի շահարկումը կոմունիստները գնահատեցին որպես խաղ կրակի հետ։ Ներքին պառակտումը կարող է բերել քաղաքացիական առճակատման. «Հենց այդպես միանգամից է լինում, միանգամից օպերան վառվում է…»։

Ժողովրդին զգոնության կոչ անելով, կոմունիստներն ավարտեցին ասուլիսը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031