Թերեւս այս հոդվածը չէր լինի, եթե մի քանի օր առաջ քրոջս ամուսինը՝ Միհրան Հարությունյանը, երեկոյան մթության պատճառով չընկներ Արցախի պողոտայում գտնվող անձրեւատար լյուկը՝ բավական լուրջ վնասելով ոտքը։
Անմիջապես հիշեցի ամերիկացի ընկերներիս պատմածը, որոնք պնդում են, որ Ամերիկայում մարդիկ մեծ հաճույքով նման պարագաներում դիմում են դատարան եւ քաղաքապետարանից ստանում ինչպես բուժման ծախսը, այնպես էլ պատկառելի գումար՝ որպես վնասի հատուցում։ Քրոջս ամուսնու ոտքը, ես, ըստ ամերիկյան չափանիշների, անմիջապես գնահատեցի 10-12 հազար դոլար եւ ձեռնամուխ եղա բաց լյուկերի համար պատասխանատու հիմնարկների հայտնագործման գործընթացին։
Նախ նշեմ, որ լյուկ բառի հայեցի հոմանիշը այդպես էլ չկարողացա գտնել բառարաններում։ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանում» վերոնշյալ տերմինն ընդհանրապես բացակայում է։ Դիմեցի ռուս-հայերեն հաստափոր բառարանի օգնությանը, արդյունքում ստանալով հետեւյալ պատասխանը. ռուսատառ լյուկ բառի դիմաց գրված էր՝ լյուկ, մտոց, դռնակ (ներս թափանցելու համար)։ Երկրորդ տարբերակն անմիջապես մի կողմ նետեցի, քանի որ մեր ընթերցողները կարող են մտոց բառը սխալ հասկանալ, ընդունելով որոշակի օրգանի տեղ։ Վերջին՝ դռնակ (ներս թափանցելու համար) ձեւակերպումը նույնպես չհամապատասխանեց իմ պահանջին, քանզի այնտեղ նշված չէ վերոնշյալ դռնակից դուրս գալու հնարավորության փաստը, ինչը այս տերմինը կարող է զուտ փիլիսոփայական դիտարկման նյութ հանդիսացնել։ Բայց քանի որ մեր հոդվածն ամենեւին էլ փիլիսոփայական ենթատեքստ չունի, այլ ընդհակառակը՝ քաղաքաշինական-առօրեական, որոշեցի օգտագործել ոչ հայեցի, բայց խիստ հասկանալի «լյուկ» բառը։
Բնական է, բաց լյուկերի պատասխանատու փնտրելիս անմիջապես զանգահարեցի քաղաքապետարան, եւ պարզվեց, որ կոմունալ բաժինը պատասխանատու է ջրմուղ-կոյուղու, ջերմային տնտեսության եւ անձրեւատար լյուկերի համար. լինեն դրանք բաց, թե փակ։ Բնական է, ինձ անմիջապես հետաքրքրեց, թե կարո՞ղ եմ արդյոք ակնկալել փոխհատուցում քրոջս ամուսնու ոտքի դիմաց։ Պարզվեց, որ կարող եմ, բայց դա շատ երկար պատմություն է. գոյություն ունի համապատասխան հանձնաժողով, որտեղ մի շարք հիմնարկների մասնագետներ են ընդգրկված, որոնք որոշում են, թե հերթական լյուկն ընկնողը որքանով է մեղավոր այդ հույժ կարեւոր գործողությունն իրականացնելիս։ Մեր դեպքում քրոջս ամուսինն ընկել էր մայթի վրա չգտնվող լյուկը, եւ ես անմիջապես գլխի ընկա, որ նրան կարող են նույնիսկ տուգանել փողոցի՝ ոչ հետիոտնի համար նախատեսված մասում զբոսնելու համար։ Այնպես որ, սիրելի ընթերցող, դեռ Ամերիկա չենք, եւ մի՛ շտապեք փոխհատուցում ստանալու ակնկալիքով գլխիվայր լյուկն ընկնել։ Թերեւս ավելի նպատակահարմար է որեւէ «Ջիպի» կամ «Մերսեդեսի» տակ ընկնելը, եթե, իհարկե, դուք դա արդեն չեք փորձել։
Կարդացեք նաև
Թեման ավելի լրջացնելու ակնկալիքով դիմեցինք քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Գագիկ Խաչատրյանին։ Պարզվեց, որ քաղաքապետարանը հատուկ շրջիկ խումբ ունի, որը գրանցում է քաղաքի տարբեր մասերում գտնվող բաց լյուկերը եւ դրանք կափարիչներով փակում։ Բայց գոյություն ունի շատ մեծ պրոբլեմ. կափարիչները գրեթե 50 կիլոգրամ են եւ սեւ մետաղ հանձնելու սիրահարների համար հեշտ ավար, քանի որ գոյություն չունեն այնպիսի լյուկի կափարիչներ, որոնք համապատասխան փակերով հնարավոր լիներ ամրացնել այնպես, որ համապատասխան աշխատանքներ իրականացնելիս հնարավոր լինի դրանք բացել։ Պարոն Խաչատրյանը նշեց, որ միայն վերջին երկու ամսում 790 կափարիչ է տեղադրվել քաղաքապետարանի կողմից։ Գրեթե այդքան էլ տեղադրել են թաղապետարանները։ Նա նույնիսկ ռադիոյով ելույթ է ունեցել, բնակչությանը խնդրելով հետեւել եւ համապատասխան մարմիններին տեղյակ պահել, երբ կնկատեն լյուկերի կափարիչների գողացման փաստեր։ Այսինքն՝ իրավապահ մարմիններն էլ են հետեւում, որպեսզի լյուկերի կափարիչները լինեն իրենց տեղերում, այլ ոչ թե մետաղի ջարդոնի անվան տակ ճամփորդություն կատարեն Զանգեզուրից այն կողմ։
Այս առումով մենք միանում ենք քաղաքապետարանին եւ կոչով դիմում մետաղի ջարդոն ընդունող ձեռնարկություններին, քանի որ կափարիչ գողացողներին որեւէ կոչով դիմելը, դժվար թե դրական արդյունք տա։
Կոչ՝ մետաղի ջարդոն ընդունողներին
Հարգելի ձեռներեցներ, հարգելով գումար աշխատելու ձեր ցանկությունը, այնուամենայնիվ, նշում ենք. երբ ձեզ կփորձեն հրամցնել լյուկի կափարիչներ, անկախ նրանից, դրանք ջրմուղ – կոյուղու կափարիչներ են, հեռախոսացանցի կամ հոսանքագծերի, մի շտապեք դրանք ընդունել, քանի որ իրավապահ մարմինները, ձեզ մոտ տեսնելով վերոնշյալ կափարիչները, համապատասխան փաստաթղթեր կպահանջեն վերոնշյալ կափարիչների օրինական ձեռքբերման կապակցությամբ։ Քանի որ դուք չեք ունենա այդ փաստաթղթերը, դուք կհամարվեք գողացած իր գնող, այսինքն՝ գողության հանցակից։ Հետեւանքները ինքներդ էլ գիտեք։ Թերեւս մնում է միայն ավելացնել, որ լյուկերը լինում են տարբեր չափերի, դրանց կափարիչները՝ նույնպես։
Պարզվում է, որ ջրմուղ-կոյուղու կափարիչներն ավելի փոքր են, քան հեռախոսացանցի կամ հոսանքագծերի լյուկերի կափարիչները։ Եվ եթե դուք հեռախոսացանցի բաց լյուկի խորքում տեսնեք ընկած կափարիչ, ապա վստահ եղեք, որ հեռախոսացանցի համապատասխան աշխատակիցները, իրենց գերատեսչության շահից ելնելով, գողացել են հարեւանությամբ գտնվող ջրմուղ – կոյուղու լյուկի կափարիչը, փորձելով այն տեղադրել ավելի մեծ փոսի վրա։ Կափարիչն ընկել է ներս, եւ այն հանել մի քանի մետր խորությունից նրանք չեն կարողացել։ Արդյունքում՝ հեռախոսային մեկ բաց լյուկի փոխարեն մենք ունենում ենք երկուսը։ Թերեւս տողերիս հեղինակին ընթերցողը կարող է հայհոյել «էս նեղ մաջալին» լյուկերի մասին այսքան մեծ հոդված գրելու համար, բայց հուսով ենք գոնե, որ նրանց չի միանա լյուկերի մեջ արդեն ընկած մարդկանց ձայնը։ Ի վերջո, բոլորս էլ մի օր կարող ենք մութ փողոցում սխալ քայլ կատարել եւ հայտնվել բավական տհաճ վիճակում, ասենք՝ ջարդված ոտքով։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ