Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆ. «ԻՆՁ ՄՏԱՀՈԳՈՂԸ ՄԵՐ ՇԱԽՄԱՏԻ ՎԱՂՎԱ ՕՐՆ Է»

Հունվար 27,1999 00:00
lputyan

Չկամենալով բաց թողնել անվանի հայ շախմատիստի հետ միատեղ հանգստանալու պատեհ առիթը՝ ուզեցի նրա հետ զրուցել մեր շախմատի այսօրվա եւ վաղվա օրվա շուրջ, պարզել այս ուղղությամբ նրա մտահոգությունների մոտավոր շրջանակը։

– Որքան էլ զարմանալի թվա, մեզանում երբեք էլ չենք ունեցել շախմատի դպրոց՝ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իմաստներով։ 80-ականների սկզբին կարծես նշմարվում էին դրա կայացման հիմքերը, բայց լավ մարզիչների հեռանալով՝ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Իրողությունն այն է, որ այսօր մենք մարզիչներ չունենք։ Ու եթե այսպես երկար շարունակվի, տարեցտարի կսկսենք զիջել մեր դիրքերը։

– Իսկ ինչպե՞ս բացատրել մեր շախմատային ընտրանու տպավորիչ հաջողությունները միջազգային տարբեր մրցաշարերում եւ մրցասպարեզներում։

– Ուղղակի բնությունը շարունակում է մեր ազգին պարգեւել շնորհաշատ եւ տաղանդավոր մանուկներ։ Այ, եթե դրան գումարվեր նաեւ դպրոցը, մենք կհասնեինք անհամեմատ մեծ արդյունքների, կպատրաստեինք աշխարհի նոր չեմպիոն։

– Վերջին տարիներին շատ է տարփողվում «Հայաստանը շախմատային երկիր է» կարգախոսը. Ձեր վերաբերմունքն այս առնչությամբ։

– Որպես կարգախոս վատ չէ։ Բայց հասարակ բան. մենք այսօր չունենք նորմալ գործող շախմատային դպրոց։ Լավագույնն առայժմ Գյումրիի նմանօրինակ հաստատությունն է։ Շախմատային երկրի տարբեր մասերում, էլ չեմ ասում Երեւանում, պիտի որ լինեին հատուկ շախմատային դպրոցներ։ Դրանք ուղղակի չկան, եղածն էլ ձմռանը չեն գործում։ Չկա համապատասխան ուսումնական բազա՝ դրանից բխող հետեւանքներով։ Ինձ մտահոգող թիվ մեկ խնդիրը վաղվա մեր շախմատային հերթափոխի պատրաստումն է։ 6-7 տարի է, որ նույն թիմն է խաղում։ Այսպես շարունակվելու դեպքում մենք շուտով փոխարինողներ չենք ունենա։ Մի գրոսմայստեր էլ որ գնա, այլեւս որեւէ բանի հույս ունենալ չենք կարող։

– Բայց չ՞է որ մի քանի պատանի տաղանդավոր շախմատիստներ են հայտնվել մեր մարզահորիզոնում։

– Միայն 2-3 խոստումնալից պատանիներով հարցը չի փակվում։ Նրանք շատ քիչ են փոխարինվող կոչվելու համար։ Խոսքս ընդհանուր վերցրած թիմի, թիմային խաղի ու այդօրինակ ոճի մասին է։

– Վերջերս Գյումրիում էիք։ Ի՞նչ տպավորություններով վերադարձաք։

– Մինչեւ երկրաշարժն այստեղ շատ ուժեղ երեխաներ կային։ Դպրոցական տարիքի երեխաների մեջ Գյումրին միշտ էլ եղել է Երեւանի մրցակիցը։ Հետո հաջորդեց տասնամյա մի երկար լռություն։ Վերջերս լինելով Գյումրիում՝ կրկին ուրախացա բավական լավ երեխաներ տեսնելով։ Կարծում եմ՝ շուտով դարձյալ համապատասխան մթնոլորտ կստեղծվի, եւ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Ես շատ շնորհակալ եմ գյումրեցի տղաներին՝ Արային, Մհերին եւ Վահագին, որոնք բարեգործական հիմունքներով վերսկսել են պարապմունքները։

– Որքան էլ լավատեսական չստացվեց մեր զրույցը, հույսն այնուամենայնիվ վերջինն է մեռնում։

– Թերեւս։ Ժամանակին ունեի հեռակա շախմատային դպրոց։ Պատրաստ եմ այսօր եւս ուժերս սիրահոժար տրամադրել մատաղ սերնդի շախմատային դաստիարակությանը։ Պարզեմ միտքս։ Խոսքս շախմատային թեքումով հանրակրթական դպրոցների մասին չէ, այլ բուն շախմատի դպրոցի, որտեղ կսովորեն 600-700 աշակերտներ հանրապետության տարբեր վայրերից։ Վերջին հաշվով պահանջվողը վարձակալական տարածություն է։ Մի քանի տարի է, որ ես շատ իշխանավորների բացատրում եմ երեւույթի կարեւորությունը, բայց ապարդյուն։ Հավանաբար պիտի սպասել՝ մինչեւ մի բարձրաստիճան իշխանավորի երեխա ուզենա շախմատով զբաղվել, որ լուծվի հարցը։ Միակ հույսս, խոստովանեմ, կապում եմ Սերժ Սարգսյանի հետ, որը վերջին 3-4 տարիներին մեծապես նպաստել է շախմատային կյանքի զարգացմանը Հայաստանում։ Վստահ եմ, որ ուժերի ներածը կանի այս դեպքում։ Ես հավատում եմ նրան։

Սմբատ Լպուտյանը վերջերս հաջող հանդես եկավ Իտալիայի Ռեջո Էմիլիա Քաղաքում կազմակերպված շախմատային մրցաշարում։ Դրան հաջորդելու են միջազգային նոր մրցելույթներ Բոսնիայում եւ Հոլանդիայում։ Հաջողություն մաղթենք նրան եւ մեր մյուս ճատրակորդներին այս տարվա գալիք բոլոր մրցումներում։

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031