Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ ՇԼԱՆԳԻ ԴԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ ԷՐ

Հունվար 27,1999 00:00
krak

«Եթե տեսնում եք Ազգային թատրոնի շենքը հրդեհվելիս, բարձրաձայն մի՛ սրամտեք։ Ձեզ կարող են սխալ հասկանալ»։ Հարոսլավ Հաշեկ

«Քաղաքավարության տասը պատվիրաններ»

Հունվարի 25-ին Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմահարթակի օժանդակ սենյակներից մեկում հրդեհ բռնկվեց, որից մի հատվածը որոշակիորեն այրվեց։ Հրդեհին զոհ գնաց թատրոնի աշխատակից, չուստ կարող Աբոն, որն արդեն թոշակառու էր, իսկ նախկինում բոլերո է եղել։ Որոշ տվյալների համաձայն, հրդեհի վայր էին ժամանել ավելի քան 12 միավոր հատուկ եւ հիմնական հրշեջ ավտոմեքենաներ եւ արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ջոկատը։ Շենքը ծխում էր, հրշեջներն իրենց մասնագիտական պարտքն էին կատարում։ Դեպքի վայր եկան Ռոլանդ Շառոյանը, Սուրեն Աբրահամյանը, Կամո Արեյանը, մի շարք այլ չինովնիկներ, Լորիս Ճգնավորյանը, որի դստեր հնգամյակն էր այդ օրը…

Դեպքի աղմուկը, գիշերվա մութը, ոստիկանական մեքենաների ձայներն ու գունավոր լույսերի խայտաբղետությունը խառնաշփոթություն էին ստեղծում, որն իրեն էր ձգում ազգիս հետաքրքրասերներին (պատմական դեպքի ականատեսը լինելու մղումով)։ Ոչինչ եւ մասնավորապես այդօրինակ որեւէ աղետ պատահական, հենց այնպես չի լինում։ Տիգրան Լեւոնյանի մենիշխան գործունեության դեմ առ այսօր որեւէ պաշտոնյա չարձագանքեց։ Նույն չինովնիկները չարձագանքեցին նաեւ, երբ թատրոնի ներսում «Օպերա-ակումբ» ծածկանունով ռեստորան բացեցին, ոմն Կռիլովի (միջին որակի ռուս երգչի) բերեցին երգացրին…. Իսկ այս օրերին Լեւոնյանն իր գրդոն ներկայացումներով մեկնել է ԱՄՆ՝ «շռնդալից հաջողությունների» հերթական դոզան ստանալու, իր հետ տանելով իր «Մեծապատիվ մուրացկանները»՝ ազգիս «մտավորականների» դարավերջի փայլուն տռճիկ-տրտինգներով՝ հայկական համայնքին զվարճացնելու…

Մեռյալների ու ապրողների հոգիներում, կոկորդում սեղմված անարդարության դեմ տարիներով կուտակված բողոք ու ցավ կա, որն այլեւս չէր կարող զսպվել։ Որքան տաղանդավոր երգիչ-երգչուհիներ հեռացան մեր թատրոնից ու երգում են աշխարհի բարձրակարգ բեմերում եւ այսօր, թատրոնի ներկայիս ղեկավարության երեսից, շենքը շրջապատող ձողերից ավելի չեն մոտենում իրենց սիրելի թատրոնին։ Դեպքի վայր եկավ մշակույթի նախարար Շառոյանը, որը հանրապետության գլխավոր հրշեջի կեցվածքով մեկնաբանում էր, թե բեմի հատկապես որ մասից է սկսվել հրդեհը, եւ ապա՝ դատաբժշկական փորձագետի լրջությամբ դիազննության մանրամասներն էր ներկայացնում։ Դեպքի վայր չէր եկել հանրապետության նախագահը։ Բոլորս դեռ հիշում ենք, որ Կարեն Սերոբիչը մարզահամերգային համալիրի հրդեհի ժամանակ ջրով լի դույլը ձեռքին կրակն էր հանգցնում…

Հրդեհը մարվեց։ «Հանդիսատեսը» կամաց-կամաց հեռացավ։ Բուժմեքենան տեղափոխեց թատրոնի աշխատակցի այրված դիակը (ոմանց ասելով, միայն ոտքն էր մնացել)։ Անկախության հրապարակում մնաց միայն հրդեհի հետքը՝ ծխահոտը։ Ու ոչ ոք չմտածեց, որ ուրիշ խորքային պրոբլեմ կարող է լինել եւ կա դեպքի՝ ահազանգի հիմքում։ Ի տարբերություն էլեկտրականության, հասարակական կյանքում երկու բացասական լիցքերի կամ անընդհատ բացասականի կուտակման դեպքում էլ կարող է դեպք պատահել։ Եվ կատարվեց։ Ոչ միայն մարդկանց հոգիները չդիմացան այդ անընդհատ բացասականին, այլեւ շենքը, որը ներսից շրջափակված է՝ մի կողմից Լորիսով, մյուս կողմից՝ Լեւոնյանով։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031