Հեղհեղուկ ու գորշ մեր օրերում շարունակ կորցնում ենք շատ կարեւոր մի բան։ Կորցնում ենք կամայականության, անօրենության ու լրբության հանդեպ դրսեւորվող անհանդուրժողականությունն ու գարշանքը։ Որպես հետեւություն, մեր շուրջը ասպարեզ նվաճած բացերես ու նենգաբարո ավարառության հանդես է, որը կարողանում է շրջանցել ամեն բարոյական արգելապատնեշ։
Մայրաքաղաքի հատուկենտ թուփ ու ծաղիկը դառնում են շրջակա գյուղերից ներթափանցող նախիրների սմբակի կոխան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը շրջապատվում է սրճարան-ռեստորանների հաղթական օղակով, երկրի թիվ մեկ հրապարակից ելուզակային հնարամտությամբ օտարվեց հոյակերտ կոթող-պատվանդանը… եւ դժվար է այս ամենը պարփակել բանականի ու բարոյականի սահմաններում։ Ու ստիպված ես լինելու հաճախ դեպքերին ու դեմքերին վերաբերվել «փիլիսոփայական հայեցողությամբ», չափաբերելով ներկա իրողությունները հետհեղափոխական ժամանակափուլի «օրինաչափությունների» եւ «անխուսափելիության» կշռույթում։ Թերեւս նման հոգեվիճակով էլ փորձեմ հարց բարձրացնել՝ սկզբունքային ու օրինավոր պատասխանի խիստ տարակուսելի հույսով։
Վերջին տասնամյակում մայրաքաղաքը զարգանում է տարերայնորեն, եւ զարմանալի հետեւողականությամբ անտեսվում է գլխավոր փաստաթուղթը՝ Երեւանի գլխավոր հատակագիծը։ Տիրապետող ու տնօրինող է նորահայտ կապիտալի առաջնորդների հավակնությունն ու ճաշակը։ Եվ եթե գործի գլուխ է կանգնած հմուտ ու թամանյանական ավանդներին հավատարիմ ճարտարապետը՝ գործը շահում է, ինչպես եղավ Աբովյան փողոցում կառուցված «Ավիատրանս» հյուրանոցի շենքի հարցում, ինչը, ցավոք, եզակի բացառություն է։ Քաղաքի կառուցապատումը վերահսկող պետական այրերը դյուրությամբ են շրջանցում ներկայացված քաղաքաշինական, բնապահպանական, ի վերջո՝ բարոյահոգեբանական ցանկացած պահանջ։
Ինչ փույթ, թե տասնամյակներ առաջ Թամանյանը երազում էր հայոց վերջին մայրաքաղաքը կառուցել «այգի-քաղաք» սկզբունքով, թերեւս քաջ գիտակցելով կանաչ զանգվածների գոյության խիստ անհրաժեշտությունը հարավային տոթակեզ ու փոշառատ այս բնակավայրի համար։ Խորհրդային տարիների զանգվածային ծառատունկերն անգամ լիովին չլուծեցին խնդիրը։ Եվ Երեւանը դարձյալ հույժ կարիքավոր էր օդ ու ջրի, քանզի քաղաքի «կանաչ թոքերը» անբավարար էին արդյունաբերական ձեռնարկությունների ու գերբեռնված մայրուղիների սարդոստայնով պատված բնակավայրի ու նրա բնակիչների համար։
Կարդացեք նաև
Հետագայում պակասը լրացվեց զանգվածային ծառահատումներով, որը, բարեբախտաբար, կարծես թե մղձավանջային անցյալ է։ Կոմիտասի փողոցը քաղաքի գերբեռնված թաղամասերից մեկի տրանսպորտային զարկերակն է եւ ամենականաչազուրկը։ Տարիներ առաջ աշխարհագրական ոչ շահեկան դիրք ունեցող թաղամասի կանաչապատման ուրույն տարբերակ ընտրվեց, հանձինս բակ-պուրակների։ Այդպիսի մի գողտրիկ պուրակ կա թիվ 16, 18 եւ 20 շենքերի միջնաբակում, որը, անշուշտ, բնակիչների ջանքերով զերծ մնաց կացնահարվածներից՝ դաժան մթության ու ցրտի տարիներին։ «Բացը» լրացվում է այսօր։
Թիվ 16 շենքին անմիջապես հարող պուրակը, որը տարիներ շարունակ հանդիսացել է նախկին մանկապարտեզի խաղահրապարակն ու հանգստյան գոտին, աշխույժ շինարարական եռուզեռի մեջ է։ Արդեն փորված է հսկա մի հիմքային ձագար, մեծ քանակությամբ շինարարական նյութեր են ներկրված, ու շինարարները բարեխղճորեն անում են իրենց գործը՝ բնակչության անզոր զայրույթի ուղեկցությամբ։ Ի դեպ, շինհրապարակում առկա մոտ երկու տասնյակ հզոր հենասյուները վկայում են, որ կառուցվելիքը կրպակ կամ ավտոտնակ չէ։ Խոսք է գնում բազմահարկ կառույցի մասին։ Եթե շինությունը հասնի իր ավարտին, ոչ միայն վերացնելու է պուրակը կամ առնվազն նրա մի մասը, այլեւ հարակից շենքը պատնեշելու է օդից ու լույսից։ Այստեղ թե՛ քաղաքաշինական, թե՛ բնապահպանական եւ, որ կարեւորն է, թե՛ բարոյական բնույթի տասնյակ խախտումներ են արձանագրվում։
Իհարկե, կասկած չկա, որ վաղ առավոտից կառույցում գտնվող եւ, ըստ էության, աշխատանքները ղեկավարող ոչ անհայտ քաղաքական (ազգային) գործիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամազդ Զաքարյանը բազում «փաստաթղթային» հիմնավորումներ կարող է ներկայացնել։ Կասկած լինել չի կարող նաեւ, որ անհրաժեշտության դեպքում ի դերեւ կելնի կառույցի «օրինական» տերը, որն ամենայն հավանականությամբ ոչ քաղաքական (ազգային) գործիչ է եւ ոչ էլ, իհարկե, ԱԺ պատգամավոր։ Եվ այս ամենը իրագործված է օրը ցերեկով, անկախ մեր երիտասարդ ու նախանձախնդիր վարչապետի՝ Երեւանի ապագայի հանդեպ սրտառուչ մտահոգություններին, կամ գուցե՝ ի հեճուկս դրանց։
Ինչեւէ, խիստ կասկածներ կան, որ ՀՀ ԱԺ ղեկավարությունը (որպես ԱԺ պատգամավորի գործունեության եւ վարքագծի համար նախանձախնդիր կողմ), Երեւանի քաղաքապետարանը եւ Արաբկիր համայնքի թաղապետարանը (որպես իրավասու եւ պատասխանատու կողմեր) կկարողանան կամ կցանկանան կանխել մայրաքաղաքի հերթական ձեւախեղումը։ Էլ ավելի խիստ են կասկածները, որ կառուցումը թույլատրող «ճարտարապետները» կարող են շատ պարզ ու շատ մարդկային հոգեվիճակ ապրել, այն է՝ խղճի խայթ զգալ։ Կասկածում եմ նաեւ, թե այսքանից հետո Երեւանը մայրաքաղաք է, այլ ոչ տնամերձ կամ փորձակայան։
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ