Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՈՆՔ ԱՊԱՌՆԻ ԷԻՆ, ՄԵՆՔ՝ ՆԵՐԿԱ» ՇԱՐՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄԸ

Հունվար 27,1999 00:00
haytararutyun

Հայաստանի սոցիալիստական կուսակցության (այսուհետեւ ՀՍԿ) երեկվա ասուլիսին, եթե մեզնից մեկն ու մեկի տատը մասնակցեր, կփնթփնթար՝ «մեր հալ, ձեր հավես»։

ՀՍԿ-ը երեկվա լարվածությանն անհարիր, ինքն իրենից գոհ ասուլիսի էր հրավիրել լրագրողներին։ Անվիճելի էր, որ պարոնայք սոցիալիստները ասուլիս անցկացնելու փորձ չունեին։ Օրեր առաջ հրավիրվածը չէր կայացել, ինչպես ասվեց, զուտ տեխնիկական պատճառներով՝ կուսակցության հայտարարության տեքստը բազմացված չէր։ Հիմա բազմացրել էին հերիք չէ, դեռ բարձրաձայն էլ ընթերցեցին։ Ոչինչ նոր չէր։ Հին էր ե՛ւ ՀՀ նախագահին ուղղված քննադատությունը, որը խոստացել էր 1998-ի վերջին զգալի դարձնել երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացը, ու չէր արել, ե՛ւ «հանրապետությունում կոպտորեն ոտնահարվող մարդու իրավունքների» հիշատակումը, ե՛ւ վարկաբեկված ժողովրդավարությունը։

Սոցիալիստներն ամենայն պատասխանատվությամբ հիշեցին հայկական կոնյակն ու «Արմենիա» հյուրանոցը, «ԱրմենՏելն» ու «ազգային հարստության փոշիացումը» եւ այլն, եւ այսպես շարունակ։ Սոցիալիստներն իրենց «բնական դաշնակցի՝ ՀԺԿ»-ի հետ անպայման կմասնակցեն ԱԺ առաջիկա ընտրություններին։ «Մախաթը պարկում թաքցնել» չի լինի, եւ ի սկզբանե լրագրողներիս համար պարզ էր, որ կուսակցությունը թափ է հավաքում նախընտրական արշավին մասնակցելու համար։ Չեմ կարող չասել, որ այնքան էլ լավ չէին պատրաստվել։ Հայտարարության տեքստը բազմացնելուց եւ ընթերցելուց բացի սցենարն այլ զարգացումներ չունեցավ, ինչը մեզ ի վերջո ձանձրացրեց, ու առանց սուրճը խմելու հեռացանք։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031