Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հունվար 27,1999 00:00
vano

Գլխավոր դատախազը նիստերի դահլիճից դուրս գալուց անմիջապես հետո շրջապատվեց լրագրողներով ու պատասխանեց հարցերին։ Ներկայացնում ենք դրանք՝ առանձնացնելով միայն «Առավոտի» հարցերը։ Ասենք նաեւ, որ Աղվան Հովսեփյանը որոշ ժամանակ անց լրագրողներից խնդրեց իրեն բաց թողնել՝ խոստանալով առանձին մամլո ասուլիս հրավիրել դատախազությունում։

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ- գլխավոր դատախազ

– Դատախազությունը շարունակելու է իրականացնել քրեական քաղաքականություն։ Մենք շարունակելու ենք առաջնորդվել օրենքով, եւ աշխատելու ենք բացահայտել այն բոլոր հանցագործությունները, որոնք ի կատար են ածվել նախորդ տարիներին։ Այն անձինք, ովքեր անմիջականորեն են կատարել այս հանցագործությունը, արդեն ձերբակալված են, եւ կկանգնեն դատարանի առաջ։ Այս հանցագործության կազմակերպիչը կմնա առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու։ Ազգային ժողովն արդեն իր մոտեցումն արտահայտեց։ Մենք Վանո Սիրադեղյանին էլի ենք հրավիրելու հարցաքննությունների։

Իմ ելույթում արդեն ասացի, որ խախտվում են այնպիսի կարեւորագույն սկզբունքներ, ինչպիսիք են անձի անձեռնմխելիությունը եւ օրենքի առջեւ բոլորի հավասարությունը։ Ամեն ինչ անելու ենք օրենքով թույլատրելի սահմաններում։ Ես կոմպրոմիսը չընդունեցի եւ խորհրդարանին առաջարկեցի որոշում կայացնել իր լիազորությունների սահմաններում։ Ես որեւէ տվյալ չունեմ նախկին ՆԳ նախարարի այն հայտարարության մասին, թե հանրապետության ղեկավարությունը հանդիպում է Ռոմեն Ղազարյանի հետ։ Դատախազությունը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, եւ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Ես որեւէ տեղեկություն չունեմ նաեւ Կիպրոս-Հայաստան-Ռուսաստան հայտարարված գծի մասին։ Ինչ վերաբերում է Ազգային ժողովի լուծարմանը, դա իմ իրավասությունների մեջ չի մտնում։ Ես քաղաքական գործիչ չեմ եւ չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Իմ կողմից ԱԺ-ին ներկայացված հարցը զուտ քրեական բնույթ է կրում։ Նախաքննությունն ավարտվելուն պես գործը կհանձնվի դատարանին։

– Պարոն դատախազ, Վանո Սիրադեղյանը որոշ հայտարարություններ արեց «Կրակել Հրաչի» մասին։ Դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը։

– Հերյուրանքներ են։

– Խորհրդարանական նիստի ժամանակ Դուք երբեմն Սերժ Սարգսյանի կողքին էիք տեղ գրավում, իսկ երբեմն՝ ոչ։ Ինչո՞վ դա բացատրել։

– Սերժ Սարգսյանն իբրեւ կառավարության անդամ ավելի հաճախ է լինում խորհրդարանում եւ ունի իր տեղը։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ- ՀՀՇ վարչության նախագահ

– Ինչպե՞ս կգնահատեիք քվեարկության արդյունքները։

– Լավ։ Ես գոհ եմ, բնականաբար։ Դրանք ամեն ինչի ընդունակ են։ Ասենք՝ կալանավորել դեպուտատին, մանավանդ՝ նախկին ՆԳ նախարարին եւ հանձնել հանցագործ աշխարհի վրիժառությանը բանտում։ Սազում է իրենց այդ բանը։

– Պարոն Սիրադեղյան, բոլոր դեպքերում 56 հոգի կողմ քվեարկեց, որպեսզի Ձեր դեմ քրեական գործ հարուցվի։ Ի՞նչ վերաբերմունք ունեք կողմ քվեարկածների նկատմամբ։

– Նորմալ, գաղտնի քվեարկություն էր։ Ի՞նչ վերաբերմունք պետք է ունենամ։ Լավ էր, որ մեծամասնությունը դեմ էր։ Դա արդեն ցուցանիշ է։

– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն էր «Երկրապահ» պատգամավորական խմբի դիրքորոշումը։

– Եթե «Երկրապահն» ինձ կողմ չլիներ, բնականաբար, որոշում կընդունվեր։

– Հայտարարվեց, որ Վահան Հարությունյանը հոգեկան հիվանդ չի եղել եւ հետո էլ Դուք էլի նրան պաշտոնների եք նշանակել։

– Վահան Հարությունյանը դրանից հետո պաշտոնի չի նշանակվել, նա մեխանիկորեն ՕՄՕՆ-ի հրամանատարից դարձել է ներքին գործերի հրամանատար, որովհետեւ այդ ժամանակ որեւէ այլ մեկը չէր կարող դառնալ։ ՕՄՕՆ-ն այդ ժամանակ պարզապես անունը փոխեց՝ Ներքին զորքեր՝ նախագահի հրամանագրով, ոչ մի բան չավելացավ։ Բնականաբար, ավելի հեշտ էր, որպեսզի ՕՄՕՆ-ի հրամանատարը դառնա Ներքին զորքերի հրամանատար, որն ի պաշտոնե կառավարության որոշմամբ լինում է նախարարի տեղակալ։

– Իսկ ճակատագրի հեգնանք համարո՞ւմ եք, որ, ինչպես Դուք եք ասում, հավանաբար «Կրակել Հրաչը» պիտի Ձեզ ձերբակալեր։

– «Ղարաբաղ» կոմիտեին ձերբակալող ռուս ԿԳԲ-իստների հետ ինքն էր ակտիվորեն աշխատում այն ժամանակ։ Դրանից ամենից շատ ներվայնանում էր հանգուցյալ Համբարձում Գալստյանը, բայց մենք հանգիստ էինք վերաբերվում։ Այո՛, դա ճակատագրի հեգնանք է։ (Ի դեպ, «Կրակել Հրաչի» մասին որեւէ բան ճշտելու հնարավորություն չունեցանք, նույնիսկ ազգանունը, որովհետեւ նա հրաժարվում էր շփվել լրագրողների հետ։ Ասում են, թե Դավիթ Շահնազարյանը ԱԱՊՎ ղեկավար նշանակվելուն պես նրան ազատել է աշխատանքից, թեպետ վերջիններս խորհրդարանի նիստերի դահլիճի նախասրահում միմյանց հետ կանգնած ջերմորեն զրուցում էին- Ա. Զ.)։

ԲԱԲԿԵՆ ԱՐԱՐՔՑՅԱՆ- «Հանրապետություն» խմբակցության նախագահ

– Ինչպե՞ս կմեկնաբանեիք քվեարկության արդյունքները։

– Մեկնաբանելու կարիք չկա։ Մեր խմբակցության ելույթում էլ ասացինք, որ չհիմնավորված մեղադրանքներ են ներկայացված, որոնք շատ նման են 37 թվականի մեղադրանքներին՝ հիմնված ինքնախոստովանությունների վրա։ Կարծում եմ, որ մեկ անգամ եւս հաստատվեց դատախազի անգրագիտությունը, մանավանդ իր բաժանած վերջին նախագծով, որը հակասում է Սահմանադրությանը։ (Նրանում գրված է. «Ազգային ժողովը, քննարկելով գլխավոր դատախազի միջնորդությունը, որոշեց՝ համաձայնություն տալ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի 3-րդ մասի համաձայն Վանո Սմբատի Սիրադեղյանին դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, խափանման միջոցի հարցը թողնելով դատարանի հայեցողությանը»- Ա. Զ.)։ Կարծում եմ, որ պետական մարմինների ղեկավարները պետք է լրջորեն մտածեն՝ թե արդյոք այսպիսի իրավական մակարդակ ունեցող դատախազը կարո՞ղ է շարունակել պաշտոնավարել, թե ոչ։

– Իսկ եթե Ձեզ տրվեր այդ հարցը լուծելու իրավունքը։

– Ես կարծում եմ, որ դատախազն անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից։

– Պարոն Արարքցյան, բոլոր դեպքերում 56 պատգամավոր դատախազի ներկայացրած նախագծին կողմ է քվեարկել։

– Դա նշանակում է հետեւյալը. Սիրադեղյանը երկար տարիներ եղել է ՆԳ նախարար, եւ բազմաթիվ մարդիկ այսօր կուզեին նրան տեսնել կալանավայրում։ Մի մոռացեք, որ կարգուկանոն հաստատելիս շատերի ոտքերն է կոխկրտվում։

ՏԵՐ ՀՈՒՍԻԿ ՔԱՀԱՆԱ ԼԱԶԱՐՅԱՆ- ԱԺ պատգամավոր, ՀՀՇ անդամ

– Դուք ինչո՞ւ հանեցիք Ձեր ելույթը։

– Ես այդպես վարվեցի, որովհետեւ արդեն լսել էի մյուս ելույթները եւ պարզապես ասելիքը չկրկնելու եւ նիստը չերկարաձգելու համար այդպես վարվեցի։ Մտածեցի, որ ավելի լավ է քննարկումները դինամիկ ընթացք ունենան։

ՇՈՂԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ- «Շամիրամ» կուսակցության նախագահ

– Ի՞նչ վերաբերմունք ունեք քվեարկության արդյունքների նկատմամբ։

– Ես այնպես հասկացա, որ 56 հոգի ապագա զոհ ունենք։

– Չհասկացա։ Ի՞նչ նկատի ունեք։

– 56 հոգի ունենք՝ անդիմություն։ Դրանք 1,55 բոյ ունեցողներն են։

ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ- «Հանրապետություն» խմբակցության անդամ

– Կարծեմ, դուք ճանաչե՞լ եք Վահան Հարությունյանին։

– Դատախազը ստում է, Վահան Հարությունյանը գիտությունների թեկնածու չէ։

– Իսկ որտեղի՞ց գիտեք։

– Նա իմ համակուրսեցին է եղել՝ մեկ, եւ երկրորդ՝ մենք միասին երկար տարիներ աշխատել ենք Մերգելյան ինստիտուտում։ Իսկ եթե դրանից հետո Շուռնուխում կամ ՆԳՆ-ում նա թեկնածուական թեզ է պաշտպանել, ես դրա համար պատասխանատու չեմ։ Ես պնդում եմ, որ սուտասան դատախազը պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից։

ԱՆԺԵԼԱ ԲԱԿՈՒՆՑ- «Շամիրամ» խմբակցության անդամ

– Ի՞նչ վերաբերմունք ունեք քվեարկության արդյունքների նկատմամբ։

– Ես այդպիսի արդյունքի էլ սպասում էի։

– Իսկ ինչպիսի՞ն էր արդյունքը՝ լավ, թե վատ։

– Նորմալ։ Խնդիրն ավելի լուրջ ներկայացման էր արժանի։

– Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք կողմ քվեարկած 56 եւ դեմ քվեարկած 65 պատգամավորների նկատմամբ։

– Այն նույն վերաբերմունքը, որը ունեն բոլոր նորմալ մարդիկ։

– Իսկ նորմալ մարդիկ, Ձեր կարծիքով, ի՞նչ վերաբերմունք ունեն։

– Առանց լուրջ փաստարկների մարդու դատարան չտանել։

ՍԵԴՐԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ- ՀՀՇ փոխնախագահ

– Իմ կարծիքով, դեմերն ավելի շատ պետք է լինեին, որովհետեւ դատախազի փաստարկներն իրոք հիմք չունեին։ Մեր դատախազը շատ հեշտ հրաժարվեց կալանքից, համաձայնելով, որ կալանք չլինի։ Սա, իրոք, քաղաքական պատվեր էր՝ հակառակ դեպքում կալանքից չէր հրաժարվի դատախազը։ Ուրեմն՝ դրա անհրաժեշտությունը չկար։

ԱՐԱՄԱԶԴ ԶԱՔԱՐՅԱՆ- «Երկրապահ» խմբի փոխնախագահ

– Ինչպե՞ս է քվեարկել «Երկրապահը»։

– Ինչպես հայտնի է, քվեարկությունը գաղտնի էր, եւ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկել է իր խղճին եւ համոզմունքներին համապատասխան։ Արդյունքները հրապարակված են։

– Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեք 56 կողմ եւ 65 դեմ քվեարկածների նկատմամբ՝ առանձին-առանձին։

– Դա իրենց կողմնորոշումն է, քաղաքական կողմնորոշումը։

ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆ- ԱԺ փոխնախագահ

– Թույլատրելի՞ է, արդյոք, որ արտահերթ նստաշրջանի ժամանակ դատախազի կողմից միջնորդություն ներկայացվի, երբ այն հրավիրվել է այլ օրակարգով։

– Երբ գրում էինք Ազգային ժողովի կանոնակարգը, այս հարցը, թե, արդյո՞ք, դատախազը ցանկացած ժամի կարող է գալ ԱԺ, նիստն ընդհատել եւ միջնորդություններ ներկայացնել, նույնպես քննարկվեց։ Պետաիրավական հանձնաժողովում ձեւավորվեց միասնական մոտեցում, որ, այո, կարող են լինել դեպքեր, կարեւոր եւ անհետաձգելի, ուստի դատախազին պետք է նման հնարավորություն տալ։ Ընդ որում, հնարավոր է երկու տարբերակ՝ կամ քննարկվող հարցի ավարտից հետո, կամ էլ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ նիստն ընդհատելով, միջնորդությունը քննարկել անհապաղ։ Առաջին դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն անհրաժեշտ չէ։ Այս անգամ հարցն օրակարգ մտավ ընտրական օրենսգրքի քննարկման ավարտին, եւ պահպանվեց կանոնակարգի պահանջը։ Բոլոր կողմերին իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն տրվեց։ Հիմնականում աշխույժ էին «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչները, ելույթ ունեցավ նաեւ երկու «Երկրապահ»։

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեիք քվեարկության արդյունքները։

– Ամեն ինչ համեմատության մեջ է օբյեկտիվ։ Ես կարծում եմ, որ խորհրդարանում որեւէ պատգամավոր իր ելույթով կաշկանդված չէր, որեւիցե մեկը վախի կամ երկյուղի զգացում չուներ։ Ես ուզում եմ զուգահեռ անցկացնել 1996 թ. սեպտեմբերի 26-ի նիստի հետ, երբ նման միջնորդությամբ խորհրդարան էր եկել նախկին գլխավոր դատախազ Արտավազ Գեւորգյանը, ու պատգամավորներից որեւէ մեկը գրեթե ելույթ չունեցավ։ Համեմատությունը ցույց է տալիս, որ մենք այս անգամ մեկ քայլ առաջ գնացինք՝ հնարավորություն տալով պատգամավորներին ազատորեն արտահայտել իրենց տեսակետները։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031