«Առավոտին» հաջողվեց այս խառը օրերին Վանո Սիրադեղյանի մասին մի նոր փաստ էլ «հայտնաբերել». մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանը որոշել էր անակնկալ մատուցել պրն Սիրադեղյանին։
Իր նախաձեռնությամբ (եւ իր գտած հովանավորներով) Արամ Մանուկյանը պատրաստվում է եկող ամսվա ընթացքում լույս ընծայել գրող Սիրադեղյանի գործերից ամենահաջողների հավաքածուն։ Ընդ որում, նրանից գաղտնի։ Գիրքը, ամենայն հավանականությամբ, կկոչվի կա՛մ «Ծանր լույս», կա՛մ «Շատ չհամարվի»։ Վանո Սիրադեղյանի երբեմնի գրող ընկերները՝ մոռանալով, որ նա վաղուց արդեն ընկերական նոր շրջապատ ունի, վերջին իրադարձությունների կապակցությամբ բաց նամակ են գրել համապատասխան մարդկանց։
Մինչ նամակը հրապարակելը՝ ներկայացնում ենք ՀՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանի անձնական տեսակետն այս ամենի մասին. «Վանո Սիրադեղյանի վարքը եւ գրական հիանալի գործը, ո՛չ, ճիզվիտ չեն մատնում, որպիսին մատնացուցեց հանրապետության դատախազն ԱԺ-ում։ Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միեւնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, եւ ինչ դիպուկ հարվածներով, եւ ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ. թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վատ է, պարոնա՛յք, շա՛տ վատ է»։
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին
Կարդացեք նաև
Բաց նամակ
ՀՀ ԱԺ վերջին նիստերի քննարկումները Հայաստանի գրողների միությունում առաջ են բերել խոր տագնապներ եւ անհանգստություն՝ ԱԺ պատգամավոր եւ ՀՀՇ վարչության նախագահ, արձակագիր Վանո Սիրադեղյանին պատգամավորական լիազորությունից զրկելու եւ կալանելու առնչությամբ։ Հայ գրողները մոտիկից գիտենալով եւ խորապես ճանաչելով Վանո Սիրադեղյանին ե՛ւ իբրեւ քաղաքական գործչի, ե՛ւ իբրեւ գրողի, համոզված են, որ Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված մեղադրանքը բացարձակապես հերյուրանք է եւ թելադրված է քաղաքական մութ ու կասկածելի ուժերի կողմից։ Ներկա իշխանությունների համար Վանո Սիրադեղյանի «գործը» պատրվակ է՝ քողարկելու շատ ավելի լուրջ հանցանքներ ու բացթողումներ։
Պարզ է նաեւ, որ Վանո Սիրադեղյանը՝ լինելով ըմբոստ անձնավորություն եւ բացառիկ անհատականություն, չէր կարող չշարժել քաղաքական եւ մերձքաղաքական բազում միջակությունների խանդն ու թշնամանքը։ Եվ ինչպիսի դյուրությամբ ենք այսօր փորձում ժխտել եւ ուրանալ այն բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները, որ մեր պետականությունն ունեցավ Վանո Սիրադեղյանի պաշտոնավարության տարիներին։ Եվ այդ նվաճումներից շատերը բացառապես արդյունք էին նրա անհատնում ջանքի, խիզախության ու նվիրումի։ Ըմբոստ ու շիտակ մարդկային այդ տեսակը անհնարին է, որ ամենաչնչին չափով մասնակից դառնար նման զարհուրելի ու արյունոտ արարքներին։ Նրա դեմ կիրարկած որեւէ բռնություն ոտնձգություն է լինելու մեր ազգային ինքնության ու արժանապատվության դեմ: Մենք անհանգստացած ենք ոչ միայն քաղաքական գործչի, այլ նաեւ անուրանալի ձիրքի տեր գրողի ճակատագրի համար։ Կարծում ենք, որ արդեն անցել են 37 թվականին հատուկ հանիրավի մեղադրանքներով գրող-մտավորականին ու քաղաքական գործչին մահվան դուռը քշելու անփառունակ գործընթացները։
Հայաստանի գրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ եւ Գրողների միության համարյա բոլոր անդամներ
Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ