Վերջին ժամանակներս ամենատարբեր բնագավառներում արհեստավարժության փնտրտուքով տառապող մեր հասարակությունը հունվարի 23-ին, Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված մեծարման երեկոյի ժամանակ արհեստավարժության վերաբերյալ իր պատկերացումները մի անգամ եւս վերանայելու եւ ճշտելու աննախադեպ հնարավորություն ունեցավ։
Թերեւս այդ օրը, առաջին անգամ բավական երկար ժամանակի համար, այդ արտահայտությունը հնարավոր եղավ գործածել առանց հետին մտքի, վերջապես, այդ հասկացությունը գտավ իր հասցեատիրոջը։ Ինչպես բնորոշ է մեծարման երեկոներին ընդհանրապես, շատերը խոսեցին եւ շնորհավորեցին հոբելյարին՝ իրենց ուրախությունն արտահայտելով մաեստրոյի կյանքի այս կամ այն ժամանակահատվածում նրա ընկերը, գործընկերը, աշակերտը, ջերմ երկրպագուն եւ անգամ ժամանակակիցը լինելու բախտին արժանանալու փաստի կապակցությամբ։ Ազգային մշակույթի բախտը որոշող նախարարը մաղթեց մաեստրոյին՝ առաջվա նման բարձր պահել «ազգային արժեքները միշտ բարձր պահողի պատիվը»։
Խիստ հուզական ճառով հանդես եկավ Սերգեյ Իսրայելյանը, «չաշխատող կինեմատոգրաֆիստների» անունից (ինչպես ինքը որակեց իր ղեկավարած կոլեկտիվը) շնորհավորելով մաեստրոյին, միաժամանակ չմոռացավ հիշեցնել իր՝ երգչախմբի առաջին նկարահանումները կատարող օպերատորը լինելու փաստը։ Եվ, հավանաբար, որպես յուրօրինակ կարոտաբաղձային հուշ իր նախկին բեղմնավոր գործունեության, «արվեստներից ամենահրաշքը կինոն» համարող արվեստագետը իր ելույթն ավարտեց նոր հյուրախաղեր լինելու դեպքում իրեն եւս «նկարահանումների պատրվակով վերցնելու»՝ մաեստրոյին ուղղված թախանձագին խնդրանքով։
Եղան նաեւ նվերներ՝ ամենատարբեր բնույթի ու չափերի՝ գիրք, ձայներիզ, ծաղկեփունջ, փափուկ խաղալիք նապաստակ… եւ երկու խամաճիկ ու երկու… հրացան։ Խամաճիկներից մեկը, բնականաբար, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի կոլեկտիվի նվերն էր. հոբելյարը 70 տարեկան է, նրանց Չեքիջյանը՝ 7 օրական։ Իսկ ահա երկրորդի տերը՝ Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվը, տարօրինակ ձեւ էր ընտրել մաեստրոյին «մշտապես հիշեցնելու, որ նա երբեք խամաճիկ չի եղել, թե՛ կյանքում, թե՛ արվեստում»։ Հրացաններից մեկը, բնականաբար, ՀՀ պաշտպանության նախարարության անունից ուղարկել էր Վազգեն Սարգսյանը։ Իսկ ահա, երկրորդը, ինչպես ներկայացրեց նվիրատուն՝ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, «ծնվել է ստեղծագործական բուռն վեճի ընթացքում», որին, պարզվում է, մասնակցել էր ողջ քաղաքապետարանը։
Կարդացեք նաև
Վերջնական արդյունքում հաշվի էին առնվել որոշ կարեւոր հանգամանքներ։ Նախ, նապաստակի տարի է, եւ հրացանը, անշուշտ, պետք կգա, երկրորդ՝ «ներկա սոցիալ-քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ կամ երկրապահ պետք է լինել կամ էլ՝ պատից կախված հրացան»։ Իսկ թե ինչ է անելու այդ հրացանները իր ողջ գործունեության ընթացքում (անգամ քաղաքականությամբ գերհագեցած այն տարիներին, երբ ազգովի քաղաքագետ էինք դարձել) մշտապես քաղաքականությունից հեռու կանգնած արվեստագետը, թերեւս ժամանակը ցույց կտա։ Ուշագրավ էր նաեւ «Շարմի» նվերը՝ ավելի շատ եկամուտ բերող երեք տեսակի փայտիկներ՝ ոստիկանական, չինական եւ կախարդական, «այն օրերի համար, երբ երբեւէ մաեստրոն կորոշի իր փայտիկը ցած դնել»։
Երեկոյի ընթացքում մաեստրոյին ձոնվեց ներբողների մի ողջ համաստեղություն. «հայ երգի ակադեմիկոս», «հայ երգարվեստի դեսպան՝ արտասահմանում եւ ուսուցիչ՝ հայրենիքում», «ազնիվ կեցվածքով արվեստագետ», «վառ անհատականություն», «զորավար, որ մշտապես իր զորքը տանում է հաղթանակների»…