Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԸ ՆԱԵՎ ԱՅՍՊԻՍԻ ՀՈԳՍԵՐ ՈՒՆԻ

Հունվար 26,1999 00:00
dproc

Դպրոցական աշխատանքներում երկրորդական բաներ չկան։ Պահակն ու սպասարկող անձնակազմն էլ ինչ-որ տեղ մանկավարժ են։ Ճիշտ է, նրանց աշխատանքի ընդունելիս կրթության մասին փաստաթուղթ չեն պահանջում։ Բայց աշխատանքի ընթացքում նրանց մեջ ձեւավորվում են մանկավարժական վարվելակերպի գծեր՝ իրենց ոչ ուղղակի պարտականություններով օգնելով մանկավարժներին։ Դպրոցը ոչ մի բանի պակաս չպետք է ունենա՝ սկսած կավիճից, ավելից, մաստիկայից, վերջացրած սեղան-նստարաններով, գրատախտակներով եւ փորձանյութերով։

Դժբախտաբար, առանձին դեպքերում առաջնային են համարվում կադրերով ապահովվածությունը, դասագրքերի ու ծրագրերի առկայությունը, որոնցով վերջին տարիներին ուսուցիչներին եւ աշակերտներին կամ ժամանակին չեն ապահովում, կամ ապահովում են խիստ պակաս։ Ամենօրյա պարապմունքների ընթացքում երեխան օգտվում է սեղան-նստարանից, գրատախտակից։ Նույն աշակերտի համար մեկ ժամին դրանք կարող են հարմար լինել, մեկ այլ ժամին՝ խիստ վատ, նրա հասակին ոչ համապատասխան։ Եթե դպրոցն աշխատում է դասարանային համակարգով, նշանակում է, որ աշակերտն իր մշտական տեղը չունի։ Մի տեղ նա ձգվում է նստարանի վրա, որովհետեւ գրատախտակն է բարձր։ Մեկ ուրիշ տեղ խանգարող այլ հանգամանք կա։ Իսկ եթե տեղը մշտական չէ, կարծես թե հենց աշակերտի մեջ էլ բացակայում են այդ տեղի համար ունեցած պատասխանատվությունը եւ հոգատարությունը։ Թե ինչու է այդպես, դատեք ինքներդ։

Հաստատ է մի բան, որ աշակերտը ոչ սեփական տեղում քիչ այլ ձեւով է մտածում։ Նա կարող է նստարանին ճոճվել, սեղանը քերծել՝ գրելով անուններ ու բանաձեւեր։ Նա իրավունք չունի, իհարկե։ Բայց այդ ամենին ուսուցիչը խստորեն հետեւելու հնարավորությունը չունի։ Երբ սեղան-նստարանը չի համապատասխանում երեխայի հասակին, ինչպես ասացինք, նրա արմունկները գրելու ժամանակ կախ են ընկնում։ Հենց այդ վիճակում՝ ուսուցիչները, որքան էլ ցանկանան, որ աշակերտը գեղեցիկ գրի, միեւնույն է, անօգուտ է։ Ուրեմն՝ պետք է մոռանալ գեղեցիկ ձեռագրի մասին, ինչպես գեղեցիկ շատ բաներ են մոռացվել։ Ժամանակին դպրոցի տարբեր տարիքի երեխաների համար սեղան-նստարանները կանոնակարգված էին, որ դրանցից օգտվելիս երեխաների մոտ չառաջանային շեղումներ, ողնաշարի ծռվածություն կամ կուզիկություն։ Հաճախ յոթ տարեկան առաջին դասարանցուն հրամցվում է 11-12 տարեկանի համար նախատեսված նստարան։ Իսկ բարձր դասարանցին էլ ոտքերը պետք է չռի (կողքից դիտելիս շատ տգեղ է), որպեսզի տեղավորվի։

Մարտունու տարածքի Ձորագյուղի 2-րդ միջնակարգ դպրոցը այս ուստարում որոշ չափով կարգի բերեց իր տեսքը։ Հիմնադրամի կողմից այն վերանորոգվեց։ Սակայն սեղան-նստարանները խորհրդային ժամանակներից մնում են։ Դրանք պետք է վաղուց դուրս գրվեին, բայց ինչո՞վ փոխարինել եւ ինչպե՞ս փոխարինել։ Եվ հետո, ինչքա՞ն կարելի է հինը վերանորոգել։ Երբեմն պատահում է, որ ամրացնելու համար տեղ մնացած չի լինում։ Տարիներ առաջ Թալինի առաջին միջնակարգ դպրոցը 30 սեղան-աթոռ է հայթայթել, բայց դպրոցում միշտ դրանց վերանորոգումը գնում է։ Պարզ է, որ մաշվածության աստիճանը բարձր է։ Նույնիսկ ամենօրյա նորոգումը չի կարող հարց լուծել։ Ժամանակն իր խոսքն ասում է։ Բնակիչն անգամ, որը խիստ ուշադիր է իր տան կահույքի նկատմամբ, էլի ժամանակի ընթացքում մտածում է այն փոխել, եթե, իհարկե, հնարավորություն ունի։ Ժամանակին 22-25 ռուբլի արժեր աշակերտական սեղան-նստարանը։ Հաշվարկել է պետք, թե այսօր ինչքա՜ն կարժենա։ Իսկ դպրոցն այն ձեռք բերելու հնարավորություն չունի։ Եթե միայն սեղան-նստարանի պակաս լիներ դպրոցներում, գուցե այնքան տխուր չլիներ վիճակը։ Այսօր դպրոցը կավճի պակաս ունի. գնել չի կարող, դրամ չկա։ Ցուցադրական պարագաներ չկան։ Դրանց կարիքը եւս ուսուցիչը շատ է զգում։

Մայրաքաղաքի դպրոցներից մեկի տնօրենը ցավով նշեց, որ 21-րդ դար ենք գնում… ինքնաշեն գործիքներով։ Իսկ ֆիզիկան, մաթեմատիկան դասավանդվում է պատմության առարկայի նման։ Նման կարծիք հայտնեց նաեւ Աշոցքից եկած մի տնօրեն եւ ավելացրեց, որ չունեն երկրաչափական մարմիններ (կոն, գլան, բուրգ, խորանարդ եւ այլն), չկան սինուսոիդի, կոսինուսոիդի գրաֆիկներ, շատ այլ բանաձեւեր, որոնցից աշակերտները ժամանակին օգտվում էին։ Երբ դրանք չկան, ուսուցիչը՝ ժամանակ կորցնելով թելադրում է։ Այդ ընթացքում ուսուցիչը կարող է նոր գիտելիքներ հաղորդել։ Մենք համաձայն ենք դրան, որովհետեւ ուսումնական տարվա մոտ կեսը՝ դասաժամը սահմանված նորմայից քիչ է լինում։ Հաճախ էլ դասաժամը վերածվում է Գյուլնազ տատի հեքիաթի լսումի։ Ուսուցիչը ժամանակի պակաս է զգում։ Պատմության դասավանդումը կապված է նաեւ քարտեզի հետ։ Իսկ պատմության ժամին քարտեզ չկա։ Ստացվում է, որ առարկան դասավանդվում է այնպես, ինչպես այդ պահին հարմար է ուսուցչին, ինչպիսի հնարավորություն որ նա ունի։

ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031