Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱԼԱՐԱԽՏՈՎ ԵՎ ԱՌԱՆՑ ՆՐԱ

Հունվար 26,1999 00:00
dispanser

Մի քանի շաբաթ առաջ Աբովյանում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատակիցները դիմել էին, ինչպես ընդունված է ասել, բողոքի ծայրահեղ ձեւի՝ գործադուլի։ Հայերեն դրան ավելի շատ «դանակը ոսկորին հասնել» կամ «համբերության բաժակը լցվել են» ասում։ Արտահայտությունների բազմազանությունն ու առատությունը թերեւս կարող են հաղորդել անցյալ տարվա հուլիս ամսից աշխատավարձ չստացած կոլեկտիվի հուսահատությունը։ Առողջապահության նախարարության ֆինանսների եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Կառլեն Անտոնյանից տեղեկացանք, որ բուժհիմնարկի հաշվին արդեն նստել է ֆինանսների նախարարության փոխանցած 60 մլն 300 հազար դրամը։ Այն փակում է միայն հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների պարտքը։ Կան նաեւ ուրիշ բուժհիմնարկներ, որոնց աշխատողները երկար ժամանակ չեն վճարվել։ Սակայն հակատուբերկուլյոզային դիսպանսերի դեպքում վիճակն ավելի լարված է, քանի որ այն չունի որեւէ վճարովի ծառայություն, որի հաշվին, մյուս բուժհիմնարկների նման, կարող է պարտքերի մի մասը փակել։

Վճարովի ծառայություն, հակատուբերկուլյոզային դիսպանսերից բացի, չունեն նաեւ հոգեբուժական եւ մանկական ինֆեկցիոն հիվանդանոցները։ Պրն Անտոնյանը հայտնեց, որ բյուջետային հիմնարկների (դրանք հիմնականում սանիտարական ծառայություններն են) պարտքերը մեծ մասամբ մարված են։ Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սամվել Քամալյանից տեղեկացանք, որ այդ 60 մլն 300 հազարից մոտավորապես 6 միլիոնը կփակի օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված գումարը։ Եթե այս հարցում հիվանդանոցի նկատմամբ Հայէներգոն հանդուրժող է եղել եւ հոսանքը չի անջատել, միայն նախազգուշացրել է, ապա հեռախոսավարձի չվճարումը թանկ է նստել հիմնարկին։ Մինչեւ անցյալ շաբաթը դիսպանսերը զրկված էր արտաքին աշխարհի հետ հեռախոսային կապից։ Նման դեպքում անխուսափելի են լինում արտակարգ իրավիճակներն ու պատահարները։ Սակայն պրն Քամալյանն ասաց, որ «բախտները բերել է՝ չեն եղել»։

Հետաքրքիր է պարզել նաեւ, թե էլ ինչ հարցերում է «բախտներս բերել»։ Վերջերս Ռուսաստանից հաճախ են գալիս մարզերում տուբերկուլյոզի համաճարակի մասին տագնապահարույց լուրեր։ Արդյո՞ք Հայաստանին սպառնում է մեծ եղբոր վիճակը։ Պրն Քամալյանը հավաստիացրեց, որ Հայաստանում վիճակը համաճարակային չէ։ Բացի այդ, այստեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում։ Այն իր մեջ ներառում է նաեւ դեղորայքային օգնություն, ինչի կարիքը մեր հանրապետությունը շատ ունի։ ԱՀԿ-ն հոգում է դեղորայքային ապահովվածությունը, սակայն հիվանդության բուժման գործում բուժաշխատողները կարեւորում են դրա վաղ հայտնաբերումը։ Ինչքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան հեշտ եւ արագ կլինի բուժել այն։ Հաշվի առնելով բժշկի դիմելու ժամկետների հարցում մեր ազգային մենթալիտետը, կարելի է պատկերացնել, թե երբեմն ինչքան ուշ է լինում։

Առաջվա Խորհրդային Միությունն էլ չկա, որ ամեն տեղեկանքի համար ֆլյուորոգրաֆիկ կաբինետի կնիք պահանջի։ Ինչքան էլ այդ տեղեկանքները «մաղարիչով» ձեռք բերվեին, միեւնույն է, գոնե տարին մեկ անգամ հաջողացնում էինք «ռենտգեն ընկնել»։ Հիմա, ասում են, թանկ հաճույք է պրոֆիլակտիկ հետազոտությունը. 100 թերթ ռենտգեն ժապավեն պարունակող տուփն արժե (եւ կարծես՝ ոչ սեւ շուկայում) 39-40 հազար դրամ։

Ինչքան էլ մեր հարազատ կառավարությունը հոգ տարած լինի հանրապետության բնակչության թվի կրճատման մասին, տարրական հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանում դեռեւս մնացած ազգաբնակչությանն ամբողջապես անհնար է անցկացնել ռենտգեն կաբինետով։ Բայց, Աստված եթե դուռը փակում է, ասում են, փոխարենը, պատուհան է բացում. գոյություն ունի շատ ավելի էժան միջոց. թքի մեջ մանրադիտակով կարելի է հայտնաբերել թոքախտի հարուցիչը՝ Կոխի ցուպիկը։ Առայժմ զանգվածային ստուգումներ չեն կատարվում եւ հիվանդության դեպքերը բացահայտվում են ըստ բժշկի դիմելու։ 20-րդ դարի վերջում, պարզվում է, ոչ միայն ֆինանսատնտեսական ճգնաժամ ապրող Ռուսաստանում, այլեւ զարգացած կապիտալիստական երկրներում տուբերկուլյոզով հիվանդների թվի աճ է նկատվում՝ պայմանավորված նաեւ սպիդով վարակվածների օրգանիզմի ցածր դիմադրողականությամբ։ Ցանկացած առողջ մարդու բկանցքում կարող է հայտնաբերվել տուբերկուլյոզի ցուպիկը, սակայն այն գլուխ է բարձրացնում միայն ցածր դիմադրողականություն ունեցող օրգանիզմներում։ Այս դեպքում պետք է բացառել ինքնագործունեությունը եւ դիմել պալարախտաբաններին։ Այլապես թերի բուժումը կարող է հանգեցնել խրոնիկ վիճակի։

Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Սամվել Քամալյանը խնդրեց անպայման տպագրել զրույցի այս հատվածը։ Նա բոլոր քաղաքացիներին կոչ արեց փոքր-ինչ կասկածի դեպքում շտապ դիմել հակատուբերկուլյոզային դիսպանսեր եւ կաբինետներ։ Երեւանում՝ Զեյթունի տուբդիսպանսեր, մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Կապանում՝ հակատուբերկուլյոզային դիսպանսեր եւ պոլիկլինիկաների տուբկաբինետներ։ Հիվանդության ախտանիշերն են՝ քաշի կտրուկ անկում, առատ քրտնարտադրություն, հոգնածություն։ Այսպիսի երեւույթներ նկատողները պետք է դիմեն համապատասխան կաբինետներ եւ անցնեն պրոֆիլակտիկ քննություն՝ ֆլյուորոգրաֆիկ ժապավենային լուսանցում։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031