Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՀԵՐ ԴՐԱՄԸ

Հունվար 26,1999 00:00
dolar

Ուրբաթ օրը Կենտրոնական բանկը հրապարակեց «Դրամավարկային քաղաքականության 1999 թ. ծրագիրը»՝ այս փաստաթղթով հայտարարելով, որ սղաճի առավելագույն մակարդակը 1999 թ. կազմելու է 10%։ Ուրբաթ օրը աշխատանքային շաբաթն ավարտվեց։ Կենտրոնական բանկը շաբաթ-կիրակի վայելում էր իր վաստակած հանգիստը։ Հանրապետությունում գործող մյուս բանկերն իրենց չենջ-փոխանակման կետերով միանգամից զգացին «ճնշման» բացակայությունը։ Դրամի փոխարժեքը միանգամից աճեց։ Դրամը անվեհեր սկսեց նոր բարձունքներ նվաճել։ Մեկ ամերիկյան դոլարի դիմաց արդեն տրվում էր 550-565 դրամ։

Կենտրոնական բանկի կարծիքով՝ գնման եւ վաճառքի կուրսերի մեջ եղած տարբերությունը ձեւավորվել է սպեկուլյանտների պատճառով։ Իսկապես՝ վաճառքի կուրսից շատ ցածր ընդունման գինը նշանակում է, որ բանկերը մտավախություն ունեն, որ կուրսը կարող է ընկնել։ Բայց մյուս կողմից վաճառքի բարձր գինը նշանակում է, որ բանկերը չեն ցանկանում տարադրամը փոխանակել դրամով։ Ստեղծված ֆինանսական անկայուն իրավիճակում բանկերը փորձում են աշխատել այս իրարամերժ տրամաբանությամբ։ Փաստորեն, մեր անվեհեր դրամը, հաշվի չառնելով, որ ողջ տարվա համար իրեն ընդամենը 10%-անոց սղաճ է նախատեսված, ընդամենը 20 օրվա ընթացքում կատարեց տարեկան պլանի մոտ 80%-ը։

Ամենեւին էլ պետք չէ ենթադրել, որ տարեվերջին մեր ֆինանսական ղեկավարությունը լուրջ դժվարություններ կունենա հաշվետվություն կազմելիս։ Դրամի հունվարյան արժեզրկումը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ հաշվետվությունների վրա։ Տեսե՛ք, թե ինչպես։ Ճիշտ այնպես, ինչպես Լաչինի շրջանը չի մտնում ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ ԼՂՀ կազմի մեջ, այդպես էլ հունվարի 1-22-ն ընկած ժամանակաշրջանը չի հաշվարկվում ոչ 1998-ի, ոչ 1999-ի ֆինանսական տարիների մեջ։ Այդ օրերին մեր երկրի բյուջեն գտնվում է այսպես կոչված «եզրափակիչ շրջանառության» մեջ։ Այդ օրերին կայացած դրամի արժեզրկումը չի հաշվարկվի ոչ 1998-ի բյուջեի կատարողականի մեջ, ոչ էլ 1999-ի։ Դրամի սղաճից հաշվետվությունների գեղագիտական սֆաթը չի տուժելու։ Տուժելու են դրամով տնտեսվարողներն ու թոշակառուները։

Անցած դեկտեմբերին, երբ կառավարությունը բաժանեց ուշացրած աշխատավարձ-նպաստները, շրջանառության մեջ կտրուկ աճեց կանխիկ դրամը։ Պաշտոնական տվյալներով շրջանառության մեջ լրացուցիչ հայտնվել է 7 մլրդ 101 մլն դրամ (մոտ 14 մլն դոլար)։ կենտրոնական բանկը հայտարարում է, որ մինչեւ հունվարի 15-ը իրեն հաջողվել է շրջանառությունից հանել մոտ 2,8 մլրդ դրամ։ Այս ընթացքում պակասած տարադրամային պահուստները վերականգնելու համար գլխավոր բանկը միայն կառավարությունից գնել է 3,8 մլն դոլար (545,2 դրամով)։ Մյուս կողմից դրամի արժեզրկումը կանխելու նպատակով վաճառել է 5 մլն 335 հազար դոլար (547,8 դրամով)։

Փաստորեն, ինտերվենցիայի ծավալը բավական համեստ է՝ մոտ 1,5 մլն դոլար։ Այս տեմպերով առնվազն մի քանի ամիս կպահանջվի կանխիկ դրամի զանգվածը նախկին չափերին մոտեցնելու համար։ իսկ այդ ընթացքում դրամը կշարունակի իր անվեհեր գրոհը՝ մեկ դոլարի դիմաց ավելի ու ավելի մեծ թվեր պահանջելով։ Չի փրկի անգամ այն, որ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող դրամի զանգվածը չափավորելու նպատակով սկսել է դրամ գնել։ Պաշտոնական տվյալների համաձայն, հունվար ամսին առեւտրային բանկերից որոշակի տոկոսով գնվել է 645 մլն դրամ։ Փաստորեն դրամի կուրսը գնալով բարձրանում է։ Հետեւաբար, ոչ ոք չի կարող մեր կառավարության եւ Կենտրոնական բանկի վարած տնտեսական ու դրամավարկային քաղաքականությանն իմպոտենտ համարել։ Մյուս կողմից ամերիկացիները տրամագծորեն լրիվ հակառակ կարծիքի են։ Նրանց (ինչպես նաեւ տնտեսությունից մի քիչ հասկացողներին) թվում է, թե դրամի կուրսը դոլարի համեմատ ընկնում է։

Այսինքն՝ բարձրանում է դոլարի կուրսը, իսկ բարձրացող երեւույթը իմպոտենտ չես համարի։ Դրանք, հայտնի բան է, սեռական արկածների պատճառ են դառնում։ Հենց այդ պատճառով ու այդ մեղադրանքով ամերիկյան նախագահն է դատվում, ոչ թե մերոնք։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031