Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 1998 Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ

Հունվար 26,1999 00:00
axvan hovsepyan

Միջնորդություն

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանը հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, անձնական շահագրգռվածությունից ելնելով 1993թ. դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել եւ Մոսկվայում իրականացնել «Հայկական միջազգային ասամբլեայի» նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը։ Վահան Հարությունյանը այդ հանձնարարությունը կատարելու նպատակով, նախապես համաձայնեցնելով Վանո Սիրադեղյանի հետ, սպանությունն իրագործելուն ուղղված միջոցառմանը ներգրավել է Ներքին զորքերի վարչության աշխատակից Նորայր Թադեւոսյանին, ինչպես նաեւ Արթուր Հովհաննիսյանին, Կարեն Ռաֆայելյանին եւ մյուսներին։

Այնուհետեւ Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը ֆինանսավորվել եւ ուղարկվել են Մոսկվա՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ կատարելու, որից հետո, սպանությունն իրագործելու նպատակով Նորայր Թադեւոսյանին տրամադրվել է Վանո Սիրադեղյանի կողմից տրված խլացուցիչով ատրճանակը, 3.000 ԱՄՆ դոլար՝ ընթացիկ ծախսերի համար, եւ նա գործուղվել է Մոսկվա՝ Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի մասնակցությամբ Սերժ Ջիլավյանին սպանելու նպատակով։

Նորայր Թադեւոսյանն Արթուր Հովհաննիսյանի, Կարեն Ռաֆայելյանի եւ մի խումբ այլ անձանց հետ համատեղ Մոսկվայում ձեռնարկել է սպանությունն իրագործելուն ուղղված միջոցառումներ, սակայն հանցագործության նախապատրաստական փուլում ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրանք ձերբակալվել ու վնասազերծվել են, որի հետեւանքով սպանությունը մինչեւ վերջ չի հասցվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով։

Ձերբակալվելուց հետո Արթուր Հովհաննիսյանը ՌԴ հեռուստատեսությամբ հանդես է եկել Վանո Սիրադեղյանին՝ որպես սպանության կազմակերպչի, մերկացնող խոստովանական հայտարարություններով, ապա Կարեն Ռաֆայելյանի հետ միասին վերադարձել Երեւան։

1994 թ. հունվարի 22-ին Արթուր Հովհաննիսյանն ու Կարեն Ռաֆայելյանը Երեւանի «Երիտասարդական պալատի» մոտակայքից անհետացել են։ Հարազատների հայտարարության հիման վրա Մյասնիկյանի շրջանի դատախազության կողմից Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի անհայտ կորելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 100 հոդվածի հատկանիշներով։ Գործի նախաքննությամբ Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի անհայտ կորելու պատճառը, նրանց գտնվելու վայրը եւ հետագա ճակատագիրը չի պարզվել, սակայն Կարեն Ռաֆայելյանի հայրը դեռեւս 1994 թ. ամռանը դիմումներ է ներկայացրել եւ պնդել, որ իր որդու անհայտ կորելու հանգամանքը պայմանավորված է Սերժ Ջիլավյանի նկատմամբ ահաբեկչական գործողությունների փորձ կատարած հանցավոր խմբի հետ առնչվելու եւ անհետանալու օրը այդ խմբի մասնակից Արթուր Հովհաննիսյանին հանդիպելու փաստով։ Միաժամանակ նա հայտնել է, որ դեռեւս մինչեւ Մոսկվա մեկնելը նրանք Ներքին զորքերի վարչության աշխատակից Նորայր Թադեւոսյանի միջոցով հանդիպումներ են ունեցել Ներքին գործերի փոխնախարար Վահան Հարությունյանի հետ։

Դեռեւս 1994 թ. նախաքննության մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվել ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին եւ աշխատակից Նորայր Թադեւոսյանին հարցաքննելու համար, սակայն նրանք հարցաքննության չեն ներկայացել, իսկ վերջինիս բերման ենթարկելու վերաբերյալ որոշումն ի կատար չի ածվել, ինչը պայմանավորված է եղել Վանո Սիրադեղյանի՝ ՆԳ նախարար լինելու հանգամանքով։ 1994 թ. նոյեմբերի 28-ին քրեական գործի նախաքննությունը կասեցվել է եւ հետագայում Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական եւ հետախուզական միջոցառումներ նույնպես չեն իրականացվել։

Բազմաթիվ դիմում-գանգատների հիման վրա 1998 թ. քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է, եւ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Սերժ Ջիլավյանի սպանությունը ձախողելու համար, ինչպես նաեւ այդ հանցագործությունը թաքցնելու միտումով Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպել է Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի առեւանգումը, ապօրինի ազատազրկումն ու սպանությունը։ Նրա կարգադրությամբ Վահան Հարությունյանը Ներքին զորքերի վարչության մի խումբ աշխատակիցների միջոցով Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Ռաֆայելյանին 1994 թ. հունվարի 22-ին Երեւանի «Երիտասարդական պալատի» մոտից առեւանգել եւ ապօրինաբար ազատազրկման մեջ է պահել նախ ՆԶ վարչությունում, ապա ՆԶՎ աշխատակցին պատկանող Վարդաշենի ամառանոցում, սպասելով հետագա ցուցումների։ Այնուհետեւ Վանո Սիրադեղյանը հանձնարարել է սպանել Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Ռաֆայելյանին։ Կատարելով այդ հանձնարարությունը՝ Վահան Հարությունյանը հավաքագրել է ՆԶՎ աշխատակիցներին, պլանավորել է հանցագործությունը, նրանց միջեւ կատարել դերաբաշխում եւ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել խլացուցիչով ինքնաձիգ հրազեն։

1994 թ. հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը հանցավոր խմբի անդամները Արթուր Հովհաննիսյանին ու Կարեն Ռաֆայելյանին Վարդաշենի ամառանոցից տարել են Երեւան-Նուբարաշեն-Վարդաշեն ճանապարհների խաչմերուկին հարող ամայի տարածք, որտեղ հրազենային կրակոցներով սպանել են նրանց ու թաքցրել դիակները, դրանով իսկ կատարելով Վանո Սիրադեղյանի ցուցումը։ Սպանության հանձնարարության կատարման մասին Վահան Հարությունյանը զեկուցել է Վանո Սիրադեղյանին։

Հանցագործությունը բացահայտվել է 1998 թ. հունիս ամսին։ Վահան Հարությունյանը, հիշյալ հանցավոր գործողությունների մասնակիցները, սպանությունը անմիջական կատարող Սահակ Բալյանը կալանավորվել են եւ խոստովանական ցուցմունքներ տվել դեպքի վերաբերյալ, նկարագրել սպանության հանգամանքները եւ մատնանշել դիակները թաքցնելու վայրը, որտեղից քննչական խմբի կողմից հայտնաբերվել են տուժողների կմախքներն ու հագուստները։ Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի սպանության հանգամանքները հիմնավորված են քննչական գործողությունների արդյունքներով, բազմաբնույթ փորձագիտական հետազոտություններով, գործով ձեռք բերված այլ ապացույցներով, այդ թվում Վահան Հարությունյանի ցուցմունքով, որը նա պնդել է Վանո Սիրադեղյանի հետ առերես հարցաքննության ժամանակ՝ այն, որ Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի առեւանգումն ու սպանությունը կազմակերպել եւ իրագործել է Վանո Սիրադեղյանի հանձնարարությամբ։

Բացի այդ, Վանո Սիրադեղյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, 1994 թ. մայիս-հուլիս ամիսներին Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել եւ իարգործել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի, ինչպես նաեւ ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ նրանց կողմից ծառայական եւ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, սակայն Վահան Հարությունյանը ստանձնելով հիշյալ անձանց սպանությունների կազմակերպումը եւ հետագայում պարբերաբար զեկուցելով, որ դեռեւս զբաղվում է այդ հանձնարարությամբ, գործուն միջոցներ չի ձեռնարկել, եւ սպանությունները չեն իրագործվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով։

Վերոհիշյալ գործողություններով Վանո Սմբատի Սիրադեղյանը կատարել է հանցագործություններ՝ նախատեսված Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի՝ -17-15-100 հոդվածով (Սերժ Ջիլավյանի սպանությունը կազմակերպելու եւ նախապատրաստելու համար), -17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ եւ 9-րդ կետերով (Արթուր Հովհաննիսյանի ու Կարեն Ռաֆայելյանի սպանությունը կազմակերպելու համար), -17-15-99 հոդվածի 3-րդ կետով (Կիմ Բալայանի, ինչպես նաեւ Գուրգեն Եղիազարյանի սպանությունները կազմակերպելու եւ նախապատրաստելու համար), Վերոգրյալների հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 66 հոդվածի 3-րդ մասով, Միջնորդում եմ Համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վանո Սմբատի Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրան կալանավորելու համար։

Ա. Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031