Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիմ Բալայանի սպանությունը Դավիթ Շահնազարյանն էր կանխել

Հունվար 26,1999 00:00
kim balayan

«Առավոտի» խնդրանքով Կիմ Բալայանը հեռախոսով մեկնաբանեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության մեջ պարունակվող այն պնդումները, թե Վանո Սիրադեղյանը «1994-ի մայիս-հուլիս ամիսներին Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել եւ իրագործել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի, ինչպես նաեւ ՀՀ ԱԱՊՎ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ նրանց կողմից ծառայական եւ հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ»։

«Բավական նորմալ ընդունեցի այդ հայտարարությունները, քանզի դրանք ինձ համար անակնկալ չէին,- ասաց Կիմ Բալայանը։ – 1994-ին նմանատիպ հայտարարությամբ էլ ես եմ հանդես եկել Գերագույն խորհրդում։ Նաեւ գրավոր դիմում էի ներկայացրել Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին եւ մահափորձի կազմակերպման մանրամասները ներկայացրել էի ԱԱՊՎ-ի պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանին»։

Մեր այն հարցին, թե սպանության համար ինչ շարժառիթներ, դրդապատճառներ կարող էին լինել, պրն Բալայանը պատասխանեց. «Իրավական հարցերի հանձնաժողովը (որի նախագահն էր ինքը- Ա. Ի.) ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի հրաժարականի հարցն էր դրել։ Ծանր հանցագործությունների դեմ մղվող պայքարի առնչությամբ ուսումնասիրություններ էինք կատարել եւ այդ տեսակետն էինք ներկայացրել հանձնաժողովի անունից»։

Աղվան Հովսեփյանի միջնորդության այն պնդումների առնչությամբ, թե «Վահան Հարությունյանը ստանձնելով հիշյալ անձանց սպանությունների կազմակերպումը եւ հետագայում պարբերաբար զեկուցելով, որ դեռեւս զբաղվում է այդ հանձնարարությամբ, գործուն միջոցներ չի ձեռնարկել, եւ սպանությունները չեն իրագործվել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով»՝ Կիմ Բալայանն անհամաձայնություն հայտնեց. «Դա ամենեւին չի համապատասխանում իրականությանը։ Բավականին միջոցառումներ ձեռնարկվել էին, սակայն Դավիթ Շահնազարյանը կանխել էր իմ դիմումից հետո։ Նաեւ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանը, ինչպես ինձ գրավոր հաղորդել էր, տեղյակ էր պահել Վանո Սիրադեղյանին, որ Կիմ Բալայանը նման դիմում է ներկայացրել։ Այսինքն, արդեն ի վիճակի չէին լինի մահափորձ կատարել, քանի որ բացահայտված էր դրա նախապատրաստությունը»։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Հիշեցնենք, որ իր հրապարակային ելույթներից մեկում Վանո Սիրադեղյանը Կիմ Բալայանին «պրովոկատոր» էր անվանել։ Նաեւ հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը Կիմ Բալայանի գործով (Արա Սահակյանին 1996-ին անօգնական վիճակում թողնելու հանցակազմով) քննիչն էր։ Եվ Կիմ Բալայանի հրապարակած հայտարարությունների համաձայն, Աղվան Հովսեփյանը բազմաթիվ օրինազանցություններ էր թույլ տվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031