Անցած մեկ տարին, թերեւս, ամենադժվարը ինձ համար է եղել։ Համենայնդեպս, իմ կյանքում դա ամենադժվար տարին էր։ Ոչ թե այն պատճառով, որ պաշտոնական մամուլի (պաշտոնական եմ համարում նաեւ այդ թեկնածուին կողմ կանգնած կուսակցական մամուլը), այդ մամուլի զանգվածային հալածանքի առարկա դարձա (92-95 թթ. մամուլն էլ իմ հանդեպ նույնքան դաժան է եղել), ոչ թե քրեական գործ հարուցելու ջանքի առկայությամբ (իրենք էլ գիտեն, որ դա դատական հեռանկար չունի), այլ մարդկայնորեն ուզում էի հասկանալ ուրացողության մեխանիզմը։
Այդ մտորումների, վերլուծությունների մեջ գնացի այնքան հեռու, այնքան էի ուզում մի իմաստ տեսնել նրանց վարքագծում, որ մի պահ ինձ թվաց, թե վճռականության այս ցույցով, գուցե, փորձում են իրավապահ մարմիններին մղել Համբարձում Գալստյանի եւ Յուզբաշյանի սպանությունների բացահայտմանը։ Առավել եւս, որ այդ առաջին ամիսներին տասնյակներով, խմբերով ՆԳ նախկին աշխատակիցներ էին ձերբակալում, ոմանց շաբաթներով, ոմանց ամիսներով պահում-բաց էին թողնում։ Բայց գլխավոր դատախազի սպանության առնչությամբ նույն մամուլի նույն ոգով հիստերիայի բռնկումից հասկացա, որ իմ լավատեսության ջանքը անցել է ողջամտության սահմանը։ Խոռխոռունու սպանությունից հետո լրիվ սթափվեցի։ Ինձ համար դժվար էր, քանի դեռ մտածում էի, որ այդ մարդկանց հետ մենք ընդհանուր մի գործ ենք արել ընդհանուր հայրենիքի համար։ Հեշտացավ, երբ հասկացա, որ այլեւս դրանց հետ ընդհանուր հայրենիք չունեմ։ Եվ հիմա հեշտ է անաչառ լինել։
Ի՞նչ են ուզում սրանով եւ առհասարակ ի՞նչ են ուզում մեզանից։ Նախեւառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը եւ ամրանալ Հայաստանում։ Ինչի համար նախ՝ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան աշխատեց շանտաժը։ Նախագահին ու պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, եւ նախագահը հրաժարական տվեց։ Հերթը հասավ Դեմիրճյանին՝ Դեմիրճյանը իրեն անհասկանալի ուժի առաջ իր տեղը զիջեց։ Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Պետք էր, որովհետեւ իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ավելին, իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը, որովհետեւ Ղարաբաղի քաղաքական էլիտան բնականաբար պիտի տեղ չունենար խաղաղ միջոցներով կարգավորված Ղարաբաղում։ Եվ իրենց ձեռք չէր տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։
Թող որ սա խմորված լինի ենթագիտակցական մակարդակում- դրանից խնդրի էությունը չի փոխվում։ Ուրեմն, վերցնել իշխանությունը եւ ամրապնդվել։ Ամրապնդվել ըստ ամենայնի եւ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլեւ առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետեւ ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարեւան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի։
Կարդացեք նաև
Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում, այդ ճանապարհին չխորշելով անգամ նոր ուսումնասիրության առարկա դարձնել (ակնարկելով, որ վերաքննության առարկա կարող է դառնալ) արդեն գոյություն չունեցող երկրի դատախազության կողմից հարուցված քրեական գործի հատորները՝ «Ղարաբաղ» կոմիտեի եւ համախոհների դեմ, այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88 թ. նվիրական շեմը, շարժում, որը ոչ կուսակցություն էր, ոչ իշխանությունը, ոչ քաղաքական գործիչներ, այլ մեր ժողովրդի ոգու վսեմագույն պոռթկումներից մեկը։
Այլ բան է՝ ինչպես կարողացանք մենք՝ նվաստներս, վարձահատույց լինել այդ ժողովրդին։ Ամրապնդվել՝ կեղեքելով ու հարստահարելով աշխատող եւ աշխատատեղ ստեղծող մարդկանց, ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից, այսպիսով բացառելով ոչ միայն արտադրություն եւ աճ, այլեւ կանգնեցնելով վերարտադրությունն անգամ։ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմորեն տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։
Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետեւ երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։ Ամրապնդվել՝ կլոր տարին դատախազության եւ անվտանգության ու ոստիկանության մարմիններ քարշ տալով մեր երեխաներին, հարեւաններին, ընկերներին, ազգականներին, բոլորին, ումից կարող են գույք ու փող խլել։ Ամրապնդվել՝ չբավարարվելով եկամտաբեր ճյուղերի վերահսկողությամբ, այլ ձգտելով սեփականացնել ինչ հնարավոր է։ Ամրապնդվել՝ կատարելով հանցագործ ընկերական շրջապատի պատվերը՝ հաշվեհարդար տեսնել իրավապահ մարմինների այն ստորաբաժանումների ղեկավարների հանդեպ, ովքեր իրենց պարտքը իրենց երկրի հանդեպ կատարել են գերազանցապես հստակ, այն կառույցներից, ովքեր կանգնած են եղել ղարաբաղյան պատերազմի թիկունքին։
Միաժամանակ այսպես են հատուցում ընտրապայքարի համար հանցագործներից վերցրած 8-10 միլիոն պարտքը։ Միաժամանակ հագուրդ են տալիս հանցաշխարհի վրեժ լուծելու հասկանալի ծարավին։ Բայց վրեժխնդրությունը միայն այն ժամանակ է իրագործվում, երբ պետությունը թիկունքից է խփում իր իրավապահ կառույցներին ու հասարակությանը։ Եվ հանցավոր աշխարհի ու պետության հավերժական դիմակայության սահմանն է լղոզվում, երբ քաղաքական խաղը ոչ միայն դուրս է գալիս կանոններից, այլեւ բացառում է պատիվը, զինակցության զգացումը, ուրացվում է միասին կերած հացը։ Սա միայն ընկերության ու տղամարդկության հարց չէ, այլեւ պետական եւ ազգային անվտանգության, որովհետեւ պատմության մեջ, համենայնդեպս, ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ։ Եվ այսքանից հետո խոսել օրենքի անունի՞ց։ Ովքե՞ր են խոսում օրենքի անունից։
Մոնթեի եւ Արթուր Մկրտչյանի սպանություններից հետո, մեր նորակոչիկ երեխաների խոշտանգումներից եւ խաղաղ ժամանակ գնդակահարություններից հետո ինչպիսի անխոցելի լկտիություն պետք է ունենալ Հայաստանում դատավորի դեր ստանձնելու, օրենքի անունից խոսելու համար։ Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես, այսպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջեւ, այսպես՝ քաղաքականությունը փոխարինելով տուրիստական ընդունելություններով, իսկ ազգային երկխոսությունը՝ աճյունների վերահուղարկավորումներով, այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ։
Այս արտաքին քաղաքականությամբ՝ մեծ տերությունների եւ հարեւանների դեմ միաժամանակ առճակատումով, հայդուկային այս դիվանագիտությամբ երկիրը չեն կարող չտանել երեք ճակատով պատերազմի։ Այդպիսի մի պատերազմի հետեւանքները մենք տեսել ենք 80 տարի առաջ, երբ Հայաստանը վերջնական կործանումից փրկեց, փաստորեն, 11-րդ բանակը։ Բայց այս անգամ չի լինելու 11-րդ բանակ, որովհետեւ դարավերջին չկա դարասկզբի այն իդեան, որ բանակներ էր շարժում Արեւելք, Արեւմուտք եւ Հարավ։ Համենայնդեպս, Մոսկվայում չկա։ Նաեւ այն պատճառով, որ իմպերիաները չեն վերականգնվում։ Եվ հազիվ թե հայ ժողովրդի պատճառով այդպիսի մի բացառություն լինի։
Այս ներքին քաղաքականությամբ՝ ձերբակալելով ներքին զորքերի նախկին ղեկավարներին, այն ներքին զորքերի, որ ոչ միայն պահպանել է պատերազմող երկրի անդորրը, այլեւ մասնակցել պատերազմին ու զոհեր տվել, գործ հարուցելով ՆԳ նախարարի դեմ, այն նախարարության ղեկավարի, որը պատերազմի ու վերականգնման տարիներին նրանց ու նրանց ղեկավարած տարածքի համար արել է տասնապատիկը, քան կարող էր անել մի նախարարություն, այն կառույցի, որը ամեն ինչից բացի պատերազմի տարիներին երբեմն 2 օրվա հացի պաշար ունեցող երկրի հացի շարասյունների անվտանգությունն էր ապահովում Սեւ ծովի նավահանգիստներից մինչեւ Հայաստան, այսպես՝ ուրանալով անգամ 93-94 թվականների ձմռանը Լաչինի միջանցքը գրեթե միայնակ բաց պահած ոստիկանական գումարտակի զոհվածների հիշատակը -այսպես. այս գնով ամրապնդվելու ճանապարհը բնականաբար տանելու է կործանման ընդհանուր հայրենիքի այն գիտակցության, որ մենք ունեինք 1994 թվականին։
Ինչու եմ այսօր եւ այս առիթով այս ամենը ասում, որովհետեւ այս օրինակի լույսի տակ, կարծում եմ, հեշտ էր ցույց տալ, ապացուցել, որ սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ ժողովրդին ու բանակին պարտության տանելուց հետո էլ փորձելու են մնալ իշխանության գլխին եւ քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ։ Նաեւ ելույթս չէր կարող չստացվել քաղաքական, որովհետեւ այն, ինչ այսօր ներկայացնում են ձեզ, դրա մեջ ոչինչ չկա, բացի կալանավորների խոշտանգումներից եւ քաղաքականությունից։ Ճիշտ է, ուրացողի քաղաքականությունից։
Սեփ․ լր․