Լրահոս
Օրվա լրահոսը

Մրսում էին, բայց պահպանում

Հունվար 26,1999 00:00
pahpanoxakan

Հայաստանի պահպանողականների կուսակցությունը շաբաթ օրը մի բուռ պահպանողականներով հավաքվել էր Կամերային երաժշտության տան ցուրտ դահլիճում։ Կտրող ցուրտը կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանին ստիպում էր կտրուկ արտահայտություններ անել։

Մասնավորապես՝ պահանջել ՀՀ նախագահից «առանց այլեւայլությունների» պաշտոններից հեռացնել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանին, Լեզվի պետական տեսչության պետ Լեւոն Գալստյանին, Կառավարությանն առընթեր Կրոնի գործերի վարչության պետին։ Չբավարարվելով սրանով՝ պրն Հայրապետյանը նախագահ Քոչարյանին խրոխտ ձայնով առաջարկեց 10-օրյա ժամկետում հրապարակել այս ոլորտների հետագա զարգացման ազգային ծրագիր։ Բայց մինչ հրապարակելն անպայման խորհրդակցել քաղաքական ու գիտական ուժերի հետ, ապա նոր իրականացնել համակարգված, ազգային քաղաքականություն։ Հաջորդ հայտարարությունը խարսխված էր հայ-թուրքական հարաբերությունները «բացառապես արժանապատվության եւ պետության շահերի դիրքերից» կառուցելու վրա։

Կոչ արվեց փակել Հայաստանի սահմանները թուրքական բոլոր տեսակի ապրանքների եւ Թուրքիայի միջոցով ներմուծվող արտադրանքի առջեւ, մինչեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «բնականոն» հարաբերությունների հաստատումը։ «Եթե ի վիճակի չլինեք դա անելու,- սպառնաց պահպանողական Հայրապետյանը,- դա կանեն նորերը, դա կանենք մենք»։ «Քաղաքացիներին» էլ կոչ արվեց չգնել, հետեւաբար չուտել, չխմել ու չհագնել թուրքական արտադրության մթերք, հագուստ, խմիչք։ Հակառակ դեպքում (արժանապատվություն չունենալու եւ դրանք գնելու – Լ. Ա.) «Մենք կկորցնենք ե՛ւ Արցախը, ե՛ւ Զանգեզուրը, ե՛ւ ապա՝ մնացած Հայաստանը»։

Պարոն պահպանողականին հիշեցնենք, որ «քաղաքացիները» այնքան գումարներ չունեն, որպեսզի իրենց թույլ տան այդչափ պահպանողական լինել եւ արժանապատիվ կեցվածքով գնումներ անել սուպեր մարքեթներից եւ պլազաներից։ Պահպանելով հնուց եկած ավանդույթները՝ պահպանողականները քաղցր եւ շողուն ժպիտներով պատվոգրեր շնորհեցին հեռանկարային եւ պետքական քաղաքական եւ մշակութային գործիչներին։ «1998 թ. ամենամտահոգ (ՏջՈոՏփպվվօռ- Լ. Ա.) մշակութային գործիչ» տիտղոսը շնորհվեց Խորեն Աբրահամյանին։ Վերջինս խոստացավ «պատվոգրի հետ կատակ չանել»։ «1998 թ. ամենապարկեշտ պետական այր» տիտղոսը շնորհվեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանին։ Պրն Բազեյանն այդ տիտղոսը վերագրեց ոչ միայն իրեն, այլեւ բոլոր երկրապահներին։ Համաձայն լինելով հնչած դրույթների մի մասին, ԱԺ փոխնախագահը իր անհամաձայնությունը հայտնեց Լեւոն Մկրտչյանի պաշտոնանկության վերաբերյալ. «Նա եւս շատ բարոյական անձնավորություն է»։ Ի դեպ, պրն Բազեյանը նաեւ դահլիճի ամենապարտաճանաչ եւ անձայն ծափահարողն էր։

«1998 թ. ամենասկզբունքային գաղափարական գործիչ» տիտղոսը պահպանողականները շնորհեցին Հայաստանի կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանին։ Երկար նախաբանից հետո պրն Հայրապետյանը հնչեցրեց հաջորդ «րփՈրՑսՌՉփՌՍ»-ի անունը. «1998 թ. ամենաանզիջում քաղաքական գործիչ» տիտղոսին արժանացավ Արշակ Սադոյանը։ «1998 թ. ամենաշրջահայաց քաղաքական գործիչ» տիտղոսը պրն Միքայելը ինքն էլ՝ որպես ամենաշրջահայաց պահպանողական, շնորհեց Կարեն Դեմիրճյանին։

Մշակութային եւ քաղաքական ուժերի «խաթրն առնելով»՝ Միքայել Հայրապետյանն անցավ ազգային տնտեսությանը. «1998 թ. ամենանպաստաբեր տնտեսական գործիչ» տիտղոսը տրվեց «ՍԻԼ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանին։ Մինչ այս ամենը՝ խոսվեց Եհովայի վկաների՝ որպես ազգային չարիքի, արեւմտյան ժողովրդական արժեքները՝ որպես ազգային գաղափարախոսության հնարավոր սյուների մասին։ Բերվեցին ցիտատներ Չերչիլից. «Երբ ես երիտասարդ էի, ուզում էի ուղղել աշխարհը, հասուն տարիքում ուզում էի ուղղել իմ ժողովրդին, ծերության օրոք՝ իմ ընտանիքը։ Մահվան շեմին հասկացա, որ պիտի ուղղեմ ինձ, ու դրանից կուղղվեին, ե՛ւ ընտանիքս, ե՛ւ ժողովուրդս եւ աշխարհը»։

Պահպանողական կուսակցության երիտասարդների համար էլ ուշ չէ բոլոր տեսակի խմբագրումներն ու սրբագրումները սկսել հենց իրենցից։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031