Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՂԱԼԱԹ

Հունվար 26,1999 00:00
vano

Հունվարի 25-ին ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման համար հրավիրված արտահերթ նիստը սկսելուց դեռ շատ առաջ էլ ԱԺ պատգամավորների մեծ մասն արդեն գիտեր, որ հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ներկայացնելու պատգամավոր, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին ձերբակալելու վերաբերյալ։ Ուստի, բնական էր, որոշակի, թեպետ թույլ արտահայտված լարվածությունը պատգամավորների շրջանում։ Ինչեւիցե, մինչ մեծ ներկայացումը կսկսվեր, իսկ դա իրոք ներկայացում էր՝ գլխավոր դերում երկու հոգի՝ Աղվան Հովսեփյան եւ Վանո Սիրադեղյան (վերջինս տեղի ունենալիքի մասին տեղեկացել է նախորդ օրը), իսկ էպիզոդներում որոշ պատգամավորներ, հիմնականում «Հանրապետություն» միավորումից, Ազգային ժողովը քննարկեց եւ երկրորդ ընթերցմամբ անցկացրեց ընտրական օրենսգիրքը։

Հատկանշական է այդ շրջանակում հնչած՝ Պարույր Հայրիկյանի գրեթե միակ քաղաքական ելույթը, որով, ըստ էության, քար նետվեց Վազգեն Սարգսյանի ուղղությամբ. «Ակամա հիշեցի մի պատմություն։ Երկար տարիներ ինձ մտահոգել է, թե ինչպես պատահեց, որ մեր պատմության մեջ մեծագույն դեր կատարած Մուշեղ Սպարապետին հենց հայերը սպանեցին։ Թվում է, թե ոչ մի կապ չունի այս իրավիճակի հետ, բայց ի վերջո Ձիրավի ճակատամարտի հերոսը, մեր մեծագույն ռազմական գործիչը, որը նաեւ ճանաչման էր արժանացել այն տարիների միջազգային շրջանակներում, ժամանակի ընթացքում սկսեց տարվել մի մոլորությամբ, որ ինքը կարող է լինել թագավորից վեր։

Այն ժամանակ, երբ երիտասարդ Պապ թագավորը վերադարձել էր Հայաստան, իսկ Հայաստանի այրուձին հասել էր 110 հազարի՝ միայն արքային ենթակա, դա այնպիսի թիվ էր, որ որեւէ աշխարհակալի պատիվ կբերեր, հանկարծ Մուշեղ Սպարապետը զգաց, որ չէ, ինքն այնքան էլ իրավիճակին չի տիրապետում՝ Պապ թագավորը դառնում է տերուտիրականը, ու նա նպաստեց Պապ թագավորի անկմանը։ Հետո եկավ Վարազդատ թագավորը, նշանակված թագավոր՝ լուծեց Մուշեղի հարցերը, եկավ Մուշեղի եղբայրը, լուծեց Վարազդատի հարցերը, այդպես իրար հետ հարցեր լուծեցին, ու մենք կորցրինք մեր պետականությունը։ Հիմա այսօր ինչի՞ հետեւից ենք ընկել, ճանապարհ ենք բացում ո՞ւմ համար»։

Այսինքն՝ կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր։ Ընտրական օրենսգրքի քննարկման շրջանակներում պատմական այս էքսկուրսից հետո Պարույր Հայրիկյանը նաեւ մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց համամասնական-մեծամասնական հարաբերակցության վերաբերյալ, մի խոսքով՝ իր ելույթին տալով պատմամաթեմատիկական փայլ։ Ընտրական օրենսգրքի քննարկումը, սակայն, բացահայտեց մեկ այլ իրողություն։ Բազմաթիվ մշակումներից հետո երկրորդ ընթերցման է ներկայացվել մի դրույթ, որը գործադիր իշխանության ներկայացուցիչների մի մասին պատգամավոր առաջադրվելու իրավունքից զրկելով հանդերձ, նույն մոտեցումը չէր տարածում համայնքապետերի ու թաղապետերի նկատմամբ։

Դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նույնիսկ դրա՝ օրենսգրքում ներառվելով պայմանավորեց ՀՅԴ դիրքորոշումը քննարկվող փաստաթղթի նկատմամբ։ Կամ էլ՝ թող թաղապետերն իրենց տարածքներում ընտրվելու իրավունք չունենան։ Հարցը վերջնականապես չլուծվեց եւ փոխանցվեց երրորդ ընթերցում՝ փետրվարյան նստաշրջանի առաջին նիստ։ Իսկ հիմա ներկայացման մասին։ Քանի որ ամբողջապես տպագրում ենք ե՛ւ Աղվան Հովսեփյանի, ե՛ւ Վանո Սիրադեղյանի խոսքը, ներկայացնենք միայն, թե նրանցից ով՝ ինչ օրիգինալ միտք արտահայտեց հարցուպատասխանի ժամանակ։

Աղվան Հովսեփյանն, ասենք, մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես են գտնվել Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի դիակները։ Բավականին դժվար է եղել դրանք գտնելը, որովհետեւ այն վայրում, ուր թաղվել են վերոնշյալ անձինք, հետո տեղի են ունեցել ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Դատախազությունն այնուհետեւ գտել է աշխատանքը կատարած կազմակերպությանը, էքսկավատորը, դրա վարորդին ու հետո պարզել դիակների տեղը։ Վերջինս դիակները տեսել էր գործի ժամանակ ու դրանք վերաթաղել երկու մետր հեռավորությամբ։ «Հանրապետական» կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ է սույն միջնորդությունը ներկայացվում արտահերթ նիստի ժամանակ (ենթադրելի է, որ ենթատեքստում նկատի ուներ հատկապես «Երկրապահի» ստորագրությամբ հրավիրված նիստը), գլխավոր դատախազը պատասխանեց, թե դա արվել է բավականաչափ ապացույցներ ձեռք բերելուց հետո միայն։

Աղվան Հովսեփյանը հայտարարեց նաեւ, թե առկա են տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք վկայում են, որ Վանո Սիրադեղյանի հրահանգով, ինչը չունի ՆԳ նախարարի փաստաթղթային ձեւակերպումը, նկարահանումներ են կատարվել Կիմ Բալայանի եւ Գուրգեն Եղիազարյանի տներում։ Գլխավոր դատախազը հավաստեց, որ այո, Վանո Սիրադեղյանն այն չորս պատգամավորներից մեկն է, որի մասին Սերժ Սարգսյանը ժամանակին ասել է, թե պետք է ձերբակալվեն։ Աղվան Հովսեփյանն այնպես ներկայացրեց, որ սպանությունը կատարածները, Վահան Հարությունյանի գլխավորությամբ, խղճմտանքով մարդիկ են եղել ու չեն ուզել սպանել Ա. Հովհաննիսյանին եւ Կ. Ռաֆայելյանին, սակայն Վանո Սիրադեղյանը համառել է։ Փաստարկումը՝ Վ. Հարությունյանի՝ Վ. Սիրադեղյանի հետ հեռախոսազրույցն է նրանց ներկայությամբ։ Իհարկե, այս պնդումը շատերին չհամոզեց, ուստի, հարցադրումներ հնչեցին, թե ինչո՞ւ է այդքան խնամքով նախապատրաստված սպանության մասին Վանո Սիրադեղյանը 9 հոգու տեղյակ պահել։

Հերթը հասավ նաեւ Վանո Սիրադեղյանի՝ հնչեցված հարցերին պատասխաններ տալուն։ Նա ասաց, որ Սերժ Ջիլավյանին լուրջ մարդ չի համարել, որովհետեւ Ղարաբաղի եւ Հայաստանի նկատմամբ նրա հայրենասիրությունն արտահայտվել է սոսկ Սպիտակի անասնապահական համալիրին անվճար տիրանալու մարմաջով։ «Հիշեք, որ նրա բոյը 1 մետր 55 սմ է, խնդրում եմ, այս հանգամանքը չմոռանաք։ Վահան Հարությունյանին էլ ես չեմ նշանակել։ Մաթեմատիկական դպրոցում սովորելիս նա բուժվել է հոգեբուժարանում, հետո եմ դա իմացել։ Ես զարմանում եմ, թե Վահանն ինչո՞ւ է այդ սպանությունները վերցրել իր վրա։ Կամ հատուկ ծառայությունների հետ է աշխատում, կամ էլ՝ իրոք, հիվանդ է։ Մեկ մարդու ցուցմունքով սարքված գործ է»։

Իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուն նպաստելու մեջ Պետրոս Մաքեյանի՝ իրեն ուղղված հանդիմանանքին, Վանո Սիրադեղյանը պատասխանեց. «Իմ կազմակերպության առջեւ էլ, եւ, մանավանդ մեր ժողովրդի առջեւ մեծ ղալաթ եմ արել։ Եթե մեծ դեր եմ ունեցել՝ մեծ ղալաթ, եթե փոքր՝ փոքր։ Ճակատագրական սխալ էր։ Իրենք չեն հասցնի անել, ինչ ուզում են։ Այդ ամենը շուտ կվերջանա»։ Խնդրո առարկայի շուրջ լսումները կշարունակվեն այսօր։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031