Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՆՎԱՐԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՄԻՍ Է ՀՀՇ-Ի ՀԱՄԱՐ

Հունվար 26,1999 00:00
hhsh

Ուղիղ 1 տարի առաջ, 1998-ի հունվարի 21-ին ՀՀՇ վարչության անդամները ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձի առնչությամբ հայտարարեցին. «գործադիր իշխանությունը կաթվածահար է» եւ որ «հարկավոր է վերականգնել գործադիր իշխանության միասնականությունը»։ Հայտարարություններ, որոնք բավական արագացրին դեպքերի ընթացքը։

Երեկ, ԱԺ նիստի ավարտից հետո «Հանրապետություն» խմբակցությունը շուրջ երկուսուկես ժամ նիստ անցկացրեց, որին մասնակցում էին նաեւ «Շամիրամ» խմբակցության ներկայացուցիչները։ Մոտ 1 ժամ անց նիստը մի պահ լքած Վահագն Խաչատրյանն «Առավոտին» ներկայացրեց, թե ինչպես է անցնում քննարկումը. «Որոշվում է, թե ինչ դիրքորոշմամբ է հանդես գալու խմբակցությունը հունվարի 26-ին։ Նաեւ կատարվածի վերլուծությունն է արվում՝ ներկայացված տեղեկատվությունը որքանո՞վ էր մեզ համար ընդունելի, լրացուցիչ ի՞նչ մանրամասներ կան, որ կարող ենք ճշտել»։

Գլխավոր դատախազի միջնորդության մեջ շարադրված փաստերի առնչությամբ խմբակցությունում առկա տեսակետները փոխանցելու վերաբերյալ մեր խնդրանքին ի պատասխան պրն Խաչատրյանն ասաց. «Ըստ էության, բոլորս էլ այն կարծիքին ենք, որ համենայնդեպս վստահեցնող տեղեկատվություն չկար։ Քննարկվում է նաեւ, թե ինչու հենց հիմա այդ հարցը ներկայացվեց ԱԺ-ին եւ ոչ մեկ ամիս առաջ կամ մեկ ամիս հետո»։ Սակայն ի՞նչ տարբերություն, հետաքրքրվեցինք։ «Մեծ տարբերություն,- պատասխանեց Վահագն Խաչատրյանը։ – Հաշվի առնելով այսօրվա այն խնդիրները, որ ունի գործադիր իշխանությունը՝ տնտեսության վիճակը, արտահերթ նստաշրջանը, Սահմանադրական դատարան…»։

Այսինքն, որեւէ մեկին չե՞ն համոզել Աղվան Հովսեփյանի այն հակափաստարկները, որ մինչ այժմ հնարավոր չէր միջնորդություն ներկայացնել, քանի որ համապատասխան նյութերն ամբողջությամբ նախապատրաստված չէին եւ այլն։ Մեր այս հարցին պատասխանը բացասական էր։ Ինչպե՞ս կվերաբերվի «Հանրապետությունն» այն առաջարկին, որ առանց Վանո Սիրադեղյանին կալանավորելու՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տրվի, այսինքն՝ գլխավոր դատախազի միջնորդությունը մասամբ բավարարվի։ «Դա պիտի Աղվան Հովսեփյանն առաջարկի, մենք նման իրավունք չունենք։ Այդ առումով սխալ պատասխան հնչեց»,- ասաց պրն Խաչատրյանը։

Նիստի ավարտից հետո զրուցեցինք նաեւ «Հանրապետություն» խմբակցության նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ։ Մինչ այդ տեղեկացել էինք, որ նրա տեսակետով՝ «Հանրապետությունն» ընդհանրապես չպիտի մասնակցի քվեարկությանը։ Նաեւ առաջարկներ են եղել ցուցադրաբար լքել ԱԺ նիստերի դահլիճը, ի նշան բողոքի հրաժարվել պատգամավորական անձեռնմխելիությունից եւ այլն։ «Քվեարկությունից առաջ խմբակցությունը ընդմիջում կվերցնի եւ այդ մարտավարական հարցերը կորոշի»,- Բաբկեն Արարքցյանի այս պատասխանն ապացույց էր, որ երեկ այդպես էլ վերջնական համաձայնության չէին եկել։

Ինչպես եւ Նվեր Չախոյանի դեպքում, այս անգամ էլ «Հանրապետության» նախագահն ասաց, որ «դատախազի ելույթում հիմնավորումները շատ թույլ են»։ Արա Սահակյանն ընդամենն ասաց. «Սա քաղաքական պատվեր է»։

Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արամ Մանուկյանի գնահատականով. «Հայաստանում քաղաքական զարգացումների լրիվ նոր փուլ է սկսվում»։ Մտադրությունների մասին խմբակցության անդամները շրջահայացորեն չէին ցանկանում հայտարարել։ Տեղեկացանք նաեւ, որ Վանո Սիրադեղյանի ելույթը ծրագրային էր։ Երկու օր առաջ նախապատրաստված այդ ելույթին խմբակցությունը նախապես ծանոթ էր եղել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031