Պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, թե չի կարծում, որ Ազգային ժողովում առկա ընթացքները կարող են խորհրդարանի լուծարման պատճառ հանդիսանալ։ «Այդ գնացքն արդեն գնացել է»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
«ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼՈՒ
Երեկ «Ա1+» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը հայտնեց, որ իր խումբը կողմ է քվեարկելու դատախազ Հովսեփյանի միջնորդությանը՝ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ։ Դրանով իսկ, պրն Եգորյանի կարծիքով, տապալվելու է իշխանության նախօրոք մշակված սցենարը, ըստ որի միջնորդությանը դեմ քվեարկած խորհրդարանը լուծարվելու է նախագահի կողմից։
«ՆԱՅԱԾ ՈՎ Է ՆԳ ՆԱԽԱՐԱՐԸ»
Կարդացեք նաև
«Շամիրամ» խմբակցությունը երեկ դեռ չէր որոշել՝ ընդհանրապե՞ս են բոյկոտելու քվեարկությունը, թե՞ միայն դեմ են քվեարկելու Վանո Սիրադեղյանին կալանելու համաձայնության վերաբերյալ որոշմանը։ Սակայն «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանն արդեն իսկ հեգնեց. «Սա շատ լուրջ հարց է։ Այդ ի՜նչ ՆԳ նախարարություն էր, որ հանրապետությունը մաքրեց հանցաշխարհից, բայց չկարողացավ երեք սպանություն կազմակերպել, ինչպես Աղվան Հովսեփյանն էր ասում, «Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով»։ Իսկ մի վկայի ցուցմունքների վրա հիմնված փաստարկները նույն հաջողությամբ կարող էին վերագրվել ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ Շողեր Մաթեւոսյանին՝ նայած ո՞վ է ՆԳ նախարարը»։
ՁԵՌՆԱՄԱՐՏԸ՝ ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ
Հունվարի 25 խորհրդարանական օրվա ավարտին համարյա ձեռնամարտի հասավ պատգամավորներ Երջանիկ Աբգարյանի եւ Մհեր Սեդրակյանի, որն ընտրվել է Թոխմախից, միջեւ ծագած վիճաբանությունը։ Երջանիկ Աբգարյանը վերջինիս մեղադրում է, որ նա հայհոյանքով է խոսել կանանցից մեկի հետ։ Փոխադարձորեն Մհեր Սեդրակյանն ու Երջանիկ Աբգարյանը խոստացան, որ իրար հետ հաշիվները կպարզեն ավելի ուշ։